11/12/2015 20:06
Համոզված եմ՝ հայրենիքից դուրս ապրող բոլոր հայերն իրենց կգտնեն այս ֆիլմում. Սուրեն Թադևոսյանը նոր ֆիլմ է պատրաստում
Ռեժիսոր, սցենարիստ Սուրեն Թադևոսյանը, թեև վերջին ամիսներին բուժման նպատակով գտնվում է Իսպանիայում, միևնույն է՝ աշխատանքի ու գործնական զբաղվածության մասին մոռանալ չի կարողանում: Սցենարիստն այժմ հայի ապրելակերպը, ճակատագիրը բնորոշող լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի սցենար է գրում, որի մտահղացումը խմորվել է շուրջ 16 տարիների ընթացքում: «Դեռ տարիներ առաջ եմ սկսել մտածել նման ֆիլմ պատրաստելու մասին: Այն ժամանակ արդեն պատկերացնում էի, թե ինչ զարգացմամբ կընթանա ֆիլմը, ինչ կերպարներ կլինեն, մեկտեղ՝ այս տարիների ընթացքում այն փոփոխվել ու ավելի զարգացել է: Սցենարի վրա սկսել եմ աշխատել այստեղ` հիվանդանոցում գտնվելու ընթացքում: Այժմ էլ շարունակում եմ այդ աշխատանքը»,-Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց սցենարիստը:
Նման ֆիլմի գաղափարը ծնվել է 1999 թվականին, երբ հեղինակը Հայաստանից Իսպանի տեղափոխվեց՝ այնտեղ սովորելու և ապելու նպատակով: Կարծում եմ, սա կարելի է ընկալել որպես ինքնակենագրություն, բայց ոչ թե կոնկրետ մեկ մարդու, այլ մի ողջ հայ ժողովրդի: «Այն, ինչ ես տեսա դրսում, ինչի միջով անցա և’ ես, և’ ինձ պես հազարավոր հայրենակիցներ՝ պետք էր վերարտադրել: Ցավոք այսօր՝ 16 տարի անց, քիչ բան է փոխվել: Մարդիկ շարունակում են լքել Հայաստանը, անցնել դժոխքի բոլոր մակարդակներով ու եթե նույնիսկ նրանց մի մասն ինչ-որ կերպ տեղավորվում է, համակերպվում նոր կյանքին, ապա շատերի համար դա ճակատագրական է դառնում: Սա ինքնակենսագրական ֆիլմ չէ, ուղղակի կարելի է ասել՝ շատ-շատերի կյանքից վերցված դեպքերի միաձուլում է: Համոզված եմ՝ հայրենիքից դուրս ապրող բոլոր հայերն իրենց կգտնեն այս ֆիլմում: Ես ուղղակի ցանկանում եմ այս ֆիլմի միջոցով ամեն ինչ իրապես ներկայացնել՝ թե՛ լավը, թե՛ վատը: Եթե ինքս 1999 թվականին այդպիսի ֆիլմ տեսած լինեի, ապա դա ինձ շատ կօգներ»,-անկեղծացավ նա:
Մեր այն հարցին, թե արդյոք սցենարիստը այս ֆիլմում հանդես կգա նաև ռեժիսորի, գուցեև՝ դերասանի կարգավիճակում՝ մեր զրուցակիցը մտածելով ու ժպիտով պատասխանեց. «Նախ, իմ երազանքն այն է, որ այս ֆիլմը կայանա: Ամեն ինչ կանեմ, որ առողջական վիճակս ինձ թույլ տա իրագործել այն իմ ուժերով: Ինչ վերաբերում է որպես դերասան հանդես գալուն, ապա գիտե՞ք՝ երբեք չեմ մտածել: Միգուցե ինչ-որ փոքրիկ դերո՞վ… Հետաքրքիր միտք էր»:
Սցենարիստները, մեծամասամբ, ի սկզբանե պատկերացնում են այն դերասաններին, ովքեր կարող են ճիշտ մարմնավորել իրենց ստեղծած հերոսներին: Ս. Թադևոսյանը վստահեցնում է, որ դերասանական կազմում ևս ինքնատիպություն կդրսևորվի: Ի դեպ, ֆիլմում կընդգրկվեն ոչ միայն հայ դերասաններ: «Դերասանների ընտրության հարցն ամենակարևորն է: Իհարկե, ես ունեմ իմ պատկերացումները գլխավոր հերոսներին մարմնավորող արտիստների մասին, սակայն վերջնական ընտրությունը կախված կլինի տարբեր հանգամանքներից: Ժամանակից առաջ չընկնենք: Ամեն դեպքում, վստահ եղեք՝ «շաբլոն» հավաքածու չի լինելու: Ինչ վերաբերում է դերասանների ազգային պատկանելությանը, ապա նրանք լինելու են տարբեր ազգության: Ճիշտ է, գլխավոր հերոսը հայ է, բայց մենք ունենք իսպանացի և ռուս հերոսներ, որոնց կմարմնավորեն հենց այդ ազգի կինոաշխարհի ներկայացուցիչները: Հնարավոր է՝ դերակատարներ հրավիրենք նաև Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, սակայն այդ ամենը կախված է ֆինանսական հնարավորություններից»,-մանրամասնեց Ս. Թադևոսյանը:
Վերնագրի հարցում սցենարիստը տատանվում է մի քանի տարբերակների մեջ, թե որը կընտրվի վերջնական արդյունում՝ նորից ժամանակի հույսին է մնում: Նկարահանումները կանցկացվեն հայի ճակատագրին համապատասխան՝ ոչ միայն Հայաստանում. «Եթե ֆինանսական հարցերը կարողանամ մինչև գարնան վերջ լուծել, ապա ցանկանում եմ նկարահանումները ամռանն արդեն իսկ սկսել: Ասեմ, որ նկարահանումների մոտ 75 տոկոսը անցկացվելու է Իսպանիայում, մոտ 15-ը՝ Հայաստանում, 10 տոկոս նկարահանումներ էլ կանենք Ֆրանսիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Գերմանիայում…»:
Aysor.am-ը սցենարիստ-ռեժիսորից հետաքրքրվեց նաև, թե արդյոք առողջական խնդիրներն արդեն իսկ անցյալում են, որ կարողանում է մտքերն ու ժամանակը տրամադրել իր գործունեությանը: «Շատ կցանկանայի, որ այդպես լիներ… Բայց ոչինչ չանել ես չեմ կարող: Արդեն մեկ տարի է՝ ոչինչ չեմ ստեղծել, ու իրականում դա է ինձ սպանում: Այս մի նախագիծն ամեն գնով պետք է իրականացնեմ: Այդ պատճառով ու նպատակով բաց սրտով խնդրում եմ բոլորին. օգնեք, միացեք այս նախագծին: Ես պատրաստ եմ ցանկացած լավ, հետաքրքիր ու օգտակար առաջարկ լսել ու ընդունել: Սա ինձ համար կոմերցիոն նախագիծ չէ, այն պետք է ԲՈԼՈՐ հայերին՝ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս ապրող»,-մեզ հետ զրույցը եզրափակեց Սուրեն Թադևոսյանը: