14/12/2015 19:28
Բնականաբար, ես էլ Ձեր փոխարեն կմտածեի, որ երեխա կա. Վարդան Սարգսյանը՝ «6-րդ զգայարանի» բացահայտումների մասին
«Վախկոտ է, ընկերներ չունի, ամուսնացած չէ, բայց դստրիկ ունի»… օրեր առաջ ATV հեռուստաընկերության եթերում Վարդան Սարգսյանի մասին արված այս բացահայտումները երգչին մեկ այլ կողմից ներկայացրեցին: Թեև հնչեցված շատ գուշակություններ հաղորդման ընթացքում հյուրի իսկ կողմից մերժվում էին, սակայն կային այնպիսիները, որ հաստատվում կամ լռության էին մատնվում: Իսկ լռությունը, ինչպես հայտնի խոսքում է ասվում՝ համաձայնության նշան է:
«Եթե անկեղծ լինեմ, պետք է ասեմ՝ բացի այն, որ չեմ հավատում գուշակներին, նաև գտնում եմ, որ դա մեծ մեղք է: Ոչ մեկի խոսքին լրջորեն չեմ վերաբերել: Այս ամենն ինձ համար ծիծաղելի էր, երբեք ու ոչ-ոք չի կարող իմանալ դիմացինի ապագան, ներկան կամ անցյալը: Ես միշտ զարմացել ու զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր գնում են գուշակների մոտ: Ինքներս ենք ստեղծում մեր ապագան: Հավատացեք միայն ձեզ ու ձեր ուժերին: Դա նրանց համար միայն գումար աշխատելու միջոց է»,-Aysor.am-ի հետ զրույցում մեկնաբանեց Վ. Սարգսյանը:
Այնուամենայնիվ, մեր զրուցակիցը չժխտեց, որ որոշ գուշակություններ համընկել էին իրականությանը. «Իրենց նշածներից երևի մի 20 տոկոսն էր համապատասխանում իրականությանը, ու դրանցից մեկն այն էր, որ ես Աստվածաշունչ եմ կարդացել: Այո՛, և ասեմ, որ նույնիսկ երկու անգամ եմ կարդացել, ու եթե իրենք էլ գոնե մեկ անգամ կարդային, կհասկանային՝ ինչ սխալ են գործում գուշակությամբ զբաղվելով… Ինչպե՞ս կարող եմ ես ընկերներ չունենալ: Իհարկե, շատ մտերիմ, հարազատ ընկերներս մի քանիսն են, բայց ես ունեմ շատ-շատ ընկերներ, որոնց հետ ամեն օր շփվում եմ: Իսկ թալիսման, այո՛, ինձ նվիրել են: Սակայն նվիրողը տատիկս է եղել, ով, ցավոք, այսօր մեր կողքին չի: Ավտովթարը ճիշտ գուշակեցին, Ռուսաստանում շատ ուժեղ ավտովթարի մասնակից եմ եղել»:
Երգչին ավելի շատ զարմացրել է իր հասցեին հնչեցրած «վախկոտ է» արտահայտությունն ու զինվորական դժվար կյանքի մասին ակնարկները: «Նախ, ես և վախը իրար հետ կապ չունենք: Նույնիսկ իմ հաղորդումների ժամանակ կարող են տեսնել, թե ինչ վտանգավոր վայրերում եմ լինում: Ավելին, եթե նշեմ, թե ամանորյա տոներից հետո ո՞ր երկիրն եմ պատրաստվում գնալ նկարահանումների՝ առավել հասկանալի կլինի, որ վախն ինձ հետ բոլորովին կապ չունի: Իսկ ինչ վերաբերում է ծառայությանս տարիներին, այդ հարցում բացարձակ սխալվեցին. ես Սպայի տանն եմ ծառայել, որտեղ իրենց զինվորական պարտքն էին տալիս շատ տաղանդավոր երգիչներ, պարողներ… Անընդհատ համերգային շրջագայություններով մեկնում էինք տարբեր զորամասեր: Շա՜տ հավեսով, լավ տարիներ էին, օրերն էլ ուրախ ու հագեցած էին անցնում, այն էլ՝ քաղաքի կենտրոնում: Էլ ի՞նչ դժվարության մասին կարող է խոսք գնալ»,-ծիծաղելով նշեց նա:
Ինչ վերաբերում է կասկածամտությանը՝ մեր զրուցակիցը չհերքեց. «Այո, ես շատ կասկածամիտ եմ: Չգիտեմ, ինչու է այդպես, բայց ես միշտ կասկածում եմ մարդկանց: Շատ ժամանակ է պետք, որպեսզի կարողանամ վստահել տվյալ մարդուն»:
Առավել աղմկահարույց էր էքստրասենս-գուշակների կողմից արված այն ակնարկը, որ երգիչը «հեռավոր ու ցուրտ» մի վայրում երեք-չորս ամյա դստրիկ ունի: Ի դեպ, հյուրի՝ 6-րդ զգայարանի տաղավարում նստած քույրը անակնկալի եկավ, իսկ երգիչը բարձրաձայնված «ճշմարտությունը» չժխտեց: Այդ հարցին մեզ տված պատասխանը ևս երկիմաստ էր: «Բնականաբար, ես էլ Ձեր փոխարեն կմտածեի, որ երեխա կա, բայց, անկեղծ ասած, չեմ ցանկանում այդ թեման շոշափել: Միգուցե կա… Ամեն դեպքում, ես լուրջ չեմ վերաբերում այն ամենին, ինչ ասացին: Վերջում կոպտությամբ արտահայտեցի իմ ոչ դրական կարծիքը իրենց մասին: Նրանց առջև չժպտացի, այլ իրենց աչքերի մեջ նայելով ասացի այն, ինչ մտածում եմ: Դրա համար շատ ուրախ եմ»,-հավելեց Վարդան Սարգսյանը:
Մեր այն դիտարկմանը, որ եթե չի հավատում, ապա ինչու է համաձայնել մաս կազմել այդ կեղծարարությանը՝ պատասխանեց. «Ես այդ հեռուստաընկերության աշխատակից եմ: Բնականաբար, այդ ալիքի յուրաքանչյուր նախագիծ ինձ հարազատ է»: