14/12/2015 15:13
Էրոս Ռամազոտիի համերգի տոմսերը հազիվ թե երկար ժամանակ լինեն տոմսարկղերում
Երևանում ելույթ է ունենալու հանրահայտ իտալացի երգիչ Էրոս Ռամազոտին, ով հայտնի է աշխարհին իր քնարական բալլադներով: Իր ամբողջ կարիերայի ընթացքում երգիչը վաճառել է ավելի քան 40 միլիոն ձայներիզ և այս պահին համարվում է Իտալիայի ամենահաջողակ երգիչներից մեկը համաշխարհային երգարվեստում: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Forpostart Production ընկերության տնօրեն Զառա Մխեյանը, ով համոզված է, որ Ռամազոտիի համերգը 2016 թվականին Երևան կբերի հմայիչ երգչի բազմաթիվ երկրպագուների, որոնց երգիչը կուրախացնի իր նոր երգացանկով և հոյակապ համերգային շոույով:
«Էրոս Ռամազոտիի յուրօրինակ ձայնը ծանոթ է պոպ երաժշտության սիրահարներին, իսկ նրա երգերի տեսահոլովակները անտարբեր չեն թողնում ամենադիտվող երաժշտական հեռուստաալիքների լսարանին: Այս մասշտաբի համերգ-շոուի Հայաստանում դեռևս ականատես չենք եղել: Այստեղ խոսք է գնում 160 տոննա տեխնիկայի մասին է, որը ներառում է հնչյունային և լուսային սարքավորումներ, ինչպես նաև՝ հատուկ բեմ: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգասրահն ամբողջությամբ կերպարանափոխվելու է: Էրոս Ռամազոտիի շոուն մշտապես ենթադրում է տեսարժան ու աչք շոյող բեմական ձևավորում, առանձնահատուկ համատարած լուսահեղեղ, հրավառություն, հոյակապ բեմական հագուստ և ամենակարևորը՝ հիասքանչ երաժշտություն և ոճ»:
Հարցին՝ ո՞ր փուլում են գտնվում աշխատանքները և ինչպե՞ս են դրանք ընթանում Զ. Մխեյանը հավելեց, որ Մարզահամերգային համալիրում ներկայումս ընթանում են վերանորոգման աշխատանքներ. բոլոր հարդասենյակներն արդեն նորոգվել են:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում ընկերության տնօրինությանը՝ ի դեմս տնօրեն Վ. Ասատրյանի: Վերջինս արդեն իսկ սկսել է երգչի ամբողջ թիմի ընդունման համար տարվող աշխատանքները. չէ որ նրանք աշխատելու են շուրջօրյա ռեժիմով: Է. Ռամազոտիի խումբը ներառում է 83 մարդ, Global Communications ընկերության ներկայացուցիչներ՝ 7 հոգի, Forpostart Production ընկերության աշխատակիցներ՝ 20 հոգի, լրացուցիչ, պայմանագրային հիմունքներով, նախագծի շրջանակներում ընդգրկված են ևս 56 աշխատակիցներ՝ ինժեներներ, ադմինիստրատորներ, թարգմանիչներ, տարբեր պրոֆիլի տեխնիկներ, աշխատուժ և այլոք՝ ներառյալ ՄՀՀ աշխատակիցները:
Այլ ընկերությունների հետ ևս կնքվել են պայմանագրեր՝ տեխնիկական ծառայությունների գծով: Այսպիսով, նախագծի վրա աշխատում է շուրջ 200 մարդ: Հավաստիացնում ենք ձեզ, որ ներկայացվող շոուն համաշխարհային մակարդակի է, և երգչի միակ համերգը մեր քաղաքում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երգչի համերգը «Perfetto» անվանմամբ համաշխարհային տուրի շրջանակներում, տեղի կունենա 2016 թվականի ապրիլի 26-ին ժամը 19.00-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսերը արդեն վաճառքում են:
«Մենք մշակել ենք տոմսերի ճկուն և հատուկ գնային քաղաքականություն բոլոր սոցիալական խմբերի համար, ինչպես նաև վստահեցնում ենք, որ դահլիճում բոլոր տեղերն էլ դիտելու և լսելու տեսակետից լինելու են հարմարավետ, քանի որ ապահովվելու է կատարյալ հնչողություն, բեմը ունենալու է բարձրության տարբեր մակարդակներ և պտտվելու է, պարտերը ևս ունենալու է բարձրության տարբեր մակարդակներ: Ռամազոտին ժամանելու է անձնական ինքնաթիռով, իր հետ բերելով նաև իր անձնական խոհարարին: Երգչի կենցաղային առօրյայի մասին ամենահետաքրքիրը մենք դեռ ձեզ կպատմենք»,- նշեց Զ. Մխեյանը:
Ի դեպ՝ համերգի կազմակերպիչներն են Trident Music, Global Communications և Forpostart Production ընկերությունները, ովքեր խոստանւմ են, որ ամենահետաքրքրականը դեռ սպասվում է ՄՀՀ-ի ճեմասրահում: «Փակագծերը չբացելով՝ ասեմ միայն, որ հանդիսատեսը կհայտնվի հեքիաթային Իտալիայում, որտեղ սպասվում են բազմաթիվ անակնկալներ: Դա լինելու է 2016 թվականի տարվա իրադարձությունը: Հետևաբար կարող եմ խորհուրդ տալ միայն,որ որքան շուտ ձեռք բերեն տոմսերն, այնքան լավ»,- հավելեց Զ. Մխեյանը:
Իսկ թե ինչ նոր անակնկալներ են սպասվում հաջորդ տարի հայ հանդիսատեսին, Զ. Մխեյանը նշեց, որ շատ շուտով հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա հանդիպելու նաև համաշխարհային մեության աստղերից մի քանիսի հետ, ինչպիսիք են՝ բոլոր ժամանակների լեգենդ Բիթլզ խմբի Ռինգո Սթարին, Մըրայա Քերիին՝ իր յուրօրինակ ձայնով:
«Անուններ չասեմ, բայց աշխարհահռչակ վոկալիստներից ևս մեկը, ով մշտապես ներառված է բոլոր ժամանակների լավագույն վոկալիստների ցանկում, նա նույնպես կլինի Հայաստանում: Սպասեք ինտրիգների շարունակությանը: Forpostart Production-ը ակտիվորեն շարունակում է իր գործունեությունը՝ նվիրելով հայ հանդիսատեսին գեղեցիկ երաժշտություն, լավ տրամադրություն և բարություն. Դա մեր առաքելությունն է: Եվ եթե որևէ մեկը բաց է թողնում մի հնարավորությունը և ներկա չի լինոմ մեր համերգներին, ապա հոգ չէ՝ թող երբեք ոչ ոք չմտահոգվի որ դա վերջինն էր: Կլինեն այլ հնարավորություններ ևս»,- եզրափակեց նա: