14/12/2015 20:00
Շանթ Հովհաննիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Սեպուհ Ապիկյանը, Մարիամ Դավթյանը՝ նոր՝ «Հատուկ բաժին» ֆիլմաշարի մասին
Այսօրվանից Հանրային հեռուստաընկերության եթերում կմեկնարկի նոր ֆիլմաշար՝ «Հատուկ բաժին»: 16 մասից բաղկացած հեռուստաֆիլմը դետեկտիվ ժանրի է, որի գործող անձինք Ոստիկանության համակարգում ստեղծված Օպերատիվ-քրեագիտական հատուկ բաժնի աշխատակիցներն են: Սյուժեի հիմքում ընկած են առավել բարդ և հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունները: Նորագույն տեխնիկական եւ լաբորատոր սարքավորումներով համալրված բաժինը հնարավորություն ունի կատարելու ցանկացած քրեագիտական հետազոտություն: Բաժնում աշխատում են համակարգի լավագույն մասնագետները, ովքեր իրենց գործի նվիրյալներ են:
Ֆիլմաշարում նկարահանվել են Շանթ Հովհաննիսյանը, Մարիամ Դավթյանը, Բաբկեն Չոբանյանը, Սեպուհ Ապիկյանը, Վաչե Երիցյանը, Ալեքսանդր Բադալյանը եւ այլք: Սցենարիստը Հարություն Ղուկասյանն է, ռեժիսորներն են Էդգար Բաղդասարյանը և Արեն Մալաքյանը: Aysor.am-ը գլխավոր դերակատարներից մի քանիսի հետ զրուցել է իրենց կերպարների շուրջ:
Շանթ Հովհաննիսյան
Առաջարկեցին նկարահանվել ոստիկանության մասին 16 մասից բաղկացած ֆիլաշարում: Սովորաբար, սերիալներից փորձում եմ հրաժարվել, հեռու մնալ, բայց ռեժիսոր Էդգար Բաղդասարյանն ասաց, որ նոր որակի մեջ հեռուստատեսային ձևաչափ է լինելու. յուրաքանչյուր օր ներկայացվելու է երկու սերիա, որը կազմելու է մեկ ամբողջական պատմություն: Առաջարկը հետաքրքրեց, համաձայնեցի: Հետաքրքիր դերասանական թիմ հավաքվեց ու սկսվեցին նկարահանումները: Ես մարմնավորում եմ մի հերոսի, ով լավ գիտի իր աշխատանքը, հասկանում է դրա կարևորությունը և փորձում է, երբեմն նույնիսկ անձնականը մոռանալով՝ տրվել գործին և անել դա պրոֆեսիոնալ կերպով:
Մարիամ Դավթյան
Մարմնավորում եմ կրիմինալիստ կնոջ: Հետաքրքրեց այս ֆիլմաշարում նկարահանվելու առաջարկը, քանի որ գաղափար չունեի տվյալ մասնագիտության մասին: Դա մի աշխարհ էր, որտեղ պետք է ընկղմվեի և փորձեի հասկանալ կին-կրիմինալիստ տեսակը: Սկզբում դժվարություններ էին առաջանում քրեագետի անհրաժեշտ բառապաշարի կիրառման ընթացքում, սակայն դա միայն սկզբում էր: Դժվարությունը նաև ժամանակի խնդիրն էր, որովհետև շատ հաճախ նկարահանումները երկար էին ձգվում, իսկ հաջորդ օրը շարունակվում էին առավոտյան շուտ: Լավ պահերն ավելի շատ էին: Այստեղ հնարավորություն կա շատ դերասանների հետ աշխատել, քանի որ ամեն մի պատմության մեջ ընդգրկված են տարբեր դերասաններ, տարբեր կերպարներ, հետաքրքիր փոխհարաբերություններ են ընթանում: Քանի որ սցենարը թույլ էր տալիս, փորձել ենք յուրահատուկ հումորով, իմպրովիզներով համ ու հոտ բերել, որը, կարծում եմ, հանդիսատեսը կտեսնի և կգնահատի:
Բաբկեն Չոբանյան
Նախ ասեմ, որ Հանրային հեռուստաընկերության «Հատուկ բաժին» ֆիլմաշարում նկարահանվելու համաձայնություն տալուն ստիպել է երեք փաստ: Առաջինն այն էր, որ նկարահանելու էր ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, ինչից որևէ դեպքում չէի հրաժարվի: Երկրորդն այն էր, որ սցենարն արդեն ավարտուն էր, իսկ երրորդը, որ ֆիլմաշարը բաղկացած էր 16 մասից` այսինքն հստակ գիտեի՝ երբ է սկսվում և երբ վերջանում: Մարմնավորում եմ «Հատուկ բաժնի» քննիչներից մեկին, ով բոլորիս պատկերացրած հերթական ոստիկանը չէ: Շատ չեմ ցանկանում խոսել կերպարիս առանձնահատկությունների մասին, որպեսզի հեռուստադիտողը դիտելիս կարողանա եզրակացություններ անել: «Հատուկ բաժնի» հեռուստադիտողները էկրանից կտեսնեն միս ու արյունից մարդկանց, ճակատագրեր, ապրումներ, կյանքը ինչպես որ է: Նկարահանումների ընթացքում ինչպես բարդություններ, այնպես էլ բազում հետաքրքիր պահեր են եղել:
Սեպուհ Ապիկյան
Ֆիլմաշարում մարմնավորում եմ Հատուկ բաժնի աշխատակցի՝ ոստիկանի կերպար: Կերպարի առանձնահատկությունները միանշանակ փորձել եմ կերտել այնպես, ինչպես պահանջել և պատկերացրել են ֆիլմաշարի ռեժիսորներն ու սցենարիստը: Իմ մարմնավորած Մաքսիմ Մելքոնյանը հատուկ պատրաստվածություն ունեցող, արևելյան մարտարվետսներին տիրապետող ոստիկան է, որն ի տարբերություն մնացած կերպարների՝ բացարձակ հանգիստ և զուսպ բնավորություն ունի: Առաջնորդվում է բուդդիզմի հիմքերով: Ավելին չեմ ուզում ասել կամ խոսել կերպարի մասին, քանի որ դա, կարծում եմ, մեր հարգարժան հեռուստադիտողի դիրքորոշումն է՝ դիտելուց հետո կարծիք կազմել կամ իրենց կարծիքը արտահայտել յուրաքանչյուր ֆիլմի, արտիստի կամ նրա կերտած կերպարի մասին: Ինչ վերաբերում է դժվարություններին, կդժվարանամ նշել: Միայն կասեմ, որ շատ հագեցած է եղել բարդ ու ծանր աշխատանքներով, բայց բոլորիս մոտ առկա էր պատասխանատվության զգացողությունը: