15/12/2015 20:30
Ինչո՞վ են այսօր զբաղվում երիտասարդ «վիտամինցիները»
Մինչ եթերային դադար հայտարարելը Վիտամին ակումբը յուրօրինակ «դարբնոց» էր դարձել իր ժանրի սիրահար երիտասարդ սերնդի համար. արդեն իսկ սեր ու ճանաչում վայելող Արամ MP3-ի, Գարիկի, Վաչեի, Արմուշի, Տիկոյի ու մյուսների կողքին գրեթե հավասար պայմաններում հայտնվեցին երիտասարդ «վիտամինցիները»: Վերջին շրջանում ակումբի հիմնական կազմը զբաղված է մի շարք նախագծերում՝ սիթքոմներ, գեղարվեստական ֆիլմեր… Aysor.am-ը «նորաբնակ վիտամինցի» Մհեր Մխիթարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ զբաղվածություն ունեն այսօր իրենք: «Ինչպես այն ժամանակ՝ «Վիտամին» ակումբին զուգահեռ, այնպես էլ այժմ, մենք՝ ես, Բոնին, Գոռը, Վանը, Գրիգը և մեզ միացած Նարեկն ու Մոսը, զբաղվում ենք մեր՝ «Stand Up Yerevan» նախագծով: Արդեն մեկ տարի է, որ այդ ժանրում ենք հանդես գալիս»,-նշեց մեր զրուցակիցը:
Այն հարցին, թե արդյոք տղաները չեն ցանկանում շատերի պես իրենց նախագիծը ակումբային բեմից տեղափոխել հեռուստաեթեր, պատասխանեց. «Ճիշտ է, որպես առանձին նախագիծ «Stand Up Yerevan»-ը դեռ հեռուստաեթերում չկա, բայց համագործակցում ենք տարբեր հաղորդաշարերի հետ, որոնցից է «Arm News» և «Panarmenian TV»-ով հեռարձակվող «Ուշ Երեկոյան Արա Ղազարյանի հետ» ծրագիրը: Այդտեղ Գոռը հանդես է գալիս նաև որպես համահաղորդավար: Ասեմ, որ հանդես կգանք նաև ATV հեռուստաընկերության ամանորյա ծրագրում: Ի դեպ, մեր տղաներից Վանն ու Գրիգն էլ հանդիսանում են «Քարե Դարդ» սիթքոմի սցենարիստները»:
Մ. Մխիթարյանը վստահեցեց, որ իրենց ու հեռուստադիտողի համար բուռն ու հետաքրքիր է լինելու 2016 թվականը, քանի որ տղաները պատրաստում են նոր նախագծեր: Զրույցի վերջում էլ, օգտվելով առիթից, ավելացրեց. «Ուզում եմ իմ և «Stand Up Yerevan»-ի տղաների կողմից շնորհավորել բոլորին՝ Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ՝ ցանկանալով ուրախ և հումորվ լի տարի»: