16/12/2015 19:58
Ես և Գրիշա Աղախանյանը մարմնավորում ենք ամուսինների. Անժելա Սարգսյանը՝ նոր կերպարների, ճանապարհորդության և ծննդյան տարեդարձի մասին
Կատակերգական ժանրն այսօր, կարծեք թե, ամենապահանջված է կինոշուկայում: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ռեժիսոր Քաջայր Հակոբյանը սկսել է նոր՝ «Փորձաշրջան» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որում նկարահանվել են Անժելա Սարգսյանը, Թամարա Պետրոսյանը, Արտաշես Մխիթարյանը, Գրիշա Աղախանյանը, Արսեն Հակոբյանը և այլք: Պրեմիերան նախատեսվում է փետրվար ամսին: «Սա սիրային կատակերգություն է: Շատ լավ, հետաքրքիր խումբ է հավաքված, նկարահանումներն անցնում են ուրախ մթնոլորտում: Ես և Գրիշա Աղախանյանը մարմնավորում ենք ամուսինների, ովքեր սեփական տուրիստական գործակալություն ունեն: Խաղում եմ ամուսնու վրա իշխող, կողակցին ճնշող կնոջ՝ Ռուզաննային: Փակագծերն ամբողջությամբ չեմ ցանկանում բացել, մնացածը կտեսնեք էկրաններին»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Անժելա Սարգսյանը:
Մեր զրուցակիցը նկարահանվել է նաև Գոռ Վարդանյանի «Հրեշների գայլը» ֆիլմում՝ այս անգամ մարմնավորելով կիսադժբախտ կնոջ կերպար: «Իմ մարմնավորած Յանան տիպիկ հայ կնոջ կերպար է, ով հասարակության կարծիքի և ծնողի զոհ է դարձել: Իհարկե, իր հիմարության պատճառով է մեծամասամբ նման ճակատագրի արժանացել. ամուսնացել է մի մարդու հետ, ում չի սիրել: Բայց ավելացնեմ, որ հերոսուհիս խելացի կին է, դրական կերպար: Ասեմ, որ իմ կյանքում առաջին անգամ եմ նման նկարահանման հրապարակում գտնվել. կարգուկանոն էր տիրում, բոլորն իրենց հստակ ժամը, ձևը գիտեին»,-ժպիտով ավելացրեց նա:
Ի դեպ, դերասանուհին այս ֆիլմում իր ներդրումն ունի նաև սցենարական աշխատանքում: «Իմ և կանացի մի քանի տեսարաններ ինքս եմ Գոռի հետ գրել, քանի որ կանացի տեսարաններն ինձ այնքան էլ չէին գոհացնում: Որպես տղամարդ՝ սցենարիստները ճիշտ էին մտածել, բայց կնոջ տեսանկյունից ամեն ինչ մի քիչ այլ է: Շատ մեծ բավականություն ստացա սցենարի վրա աշխատելիս: Ընդհանրապես, գտնում եմ, որ սցենարի վրա պետք է աշխատեն և՛ կին, և՛ տղամարդ, որպեսզի ավելի համոզիչ լինեն երկու սեռերի կերպարները: Ինձ համար շատ հետաքրքիր էր իմ այս կերպարը ներկայացնել, քանի որ ինքս եմ նրան ստեղծել, ծնել ու սնել՝ ոչ միայն էկրաններին, այլև թղթի վրա»:
Ա. Սարգսյանը ևս մեկ գեղարվեստական՝ «Ֆիլմ դրախտում» ֆիլմում նկարահանվել է նախորդ տարի, սակայն ինչ-ինչ պատճառով ֆիլմի նկարահանումները կիսատ մնացին և կավարտվեն 2016 թվականի սկզբներին:
Ի դեպ, դերասանուհին այսօր նաև հոբելյար է՝ նշում է ծննդյան 33-րդ ամյակը: Aysor.am-ը շնորհավորելով նրան՝ հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է օրն անցկացնում: Պարզվեց՝ աշխատանքային մթնոլորտում, վաղը առավոտյան էլ մեկնելու է Հայաստանից, դստեր՝ Եվայի երազանքների ետևից: «Ես և Եվաս մեկնում ենք ԱՄՆ՝ այնտեղ նշելու Նոր տարին, Սուրբ ծնունդը, աղջկաս և իմ ծնունդը: Մինչև հունվարի կեսերն այնտեղ կանցկացնենք: Հունվարի 6-ին նաև դստրիկիս ծնունդն է՝ դառնում է 10 տարեկան ու իրեն տանելու եմ Դիսնեյ լենդ: Սա իր երազանքն է, իր ուզած ծնունդն է լինելու»-ուրախությամբ նշեց դրասանուհի-մայրիկը:
2015 թվականը սկսելով գործնական գերզբաղվածությամբ՝ այդպես էլ ավարտում է. նկարահանվում է նաև «Կենտրոն» հեռուստաընկներությամբ շուտով սկսվող նոր սերիալում. ««Բախտաբեր» սերիալի հիմնական կազմն է ներգրավված այս սերիալում, նկարահանումները նույն թիմն է իրականացնում: Իհարկե, մի քանի դերասաններ կավելանան մեզ: Ես ստեղծագործական խմբին կմիանամ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո: Գարնանն էլ ներկայացման պրեմիերա ունեմ, բայց այդ մասին ավելի ուշ»,-խորհորդավորությունը պահեց Անժելա Սարգսյանը:
Դերասանուհու էջում տեղադրվել են նկարներ, որոնցում վերջինս, կարծեք, թե փորձել է նմանվել Մերիլին Մոնրոյին: Մեր այն դիտարկմանը, թե արդյոք կերպարային են՝ պատասխանեց. «Այդ նմանության պատճառը իմ կարճ ու բաց գույնի մազերն են: Հիմա հարդարելու շատ տարբերակներ չունեմ, ու երբ գանգրացնում եմ՝ հավանաբար, նմանեցնում են: Այնպես որ, միտումնավոր ոչինչ չկա»: