17/12/2015 18:02
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն այլևս չի ունենա գլխավոր դիրիժոր և երաժշտական ղեկավար
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնք միտված են բացառապես ստեղծագործական որակի բարձրացմանը: Այս մասին հայտնում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փոփոխությունների առաջարկն արվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի կողմից, որը արժանացել է թատրոնի ղեկավարության հավանությանը:
Կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվել է թատրոնի գլխավոր դիրիժորի և երաժշտական ղեկավարի հաստիքը, քանի որ թատրոնն արդեն ունի գեղարվեստական ղեկավար:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գլխավոր դիրիժորի հաստիք այլևս չի լինելու:
Թատրոնն այսօր ունի երեք դիրիժոր՝ Աթանես Առաքելյան, Հարություն Արզումանյան, Ռուբեն Ասատրյան: Իտալացի նշանավոր դիրիժոր Ջանլուկա Մարչանոն թատրոնի հետ կշարունակի իր համագործակցությունը հրավիրյալ դիրիժորի կարգավիճակով:
Առաջիկայում նախատեսված է նաև այլ հրավիրյալ դիրիժորների հետ համագործակցություն նույնպես: ՀՀ վաստ. արտիստ Կարեն Դուրգարյանին առաջարկվել է շարունակել աշխատել որպես թատրոնի դիրիժոր, սակայն վերջինս հրաժարվել է: