21/12/2015 17:40
Միություններն են, որ պահպանում են պրոֆեսիոնալիզմը, ազգային մշակույթը. Արամ Սաթյան
Հայաստանի կոմպոզիտորների միությունը տարվա ընթացքում բազմաթիվ համերգներ, փառատոներ է կազմակերպել: Եվ չնայած դրան՝ այսօր միությունը շատ խնդիրներ ունի դեռևս չլուծված: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում ամփոփելով տարին՝ ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը նշեց, որ այդ խնդիրների մեծ մասը կապված է ֆինանսական միջոցների հետ, հետևաբար միությունը չի կարողանում դրանք միայնակ լուծել: «Պետական աջակցությունը, հակառակ սպասածի՝ շատ փոքր է եղել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ միության ակնկալիքներն ու սպասելինքերը չեն արդարացել:
«Ակնկալում էինք, որ մեր միջոցառումներն ավելի շատ ֆինանսավորվեն, բայց, ցավոք, դրանց մեծ մասը չիրականացան: Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված չորս համերգներ եղան հայ կոմպոզիտորների մասնակցությամբ, բայց պետության կողմից դրանցից միայն երկուսը ֆինանսավորվեցին»,- հավելեց նա:
Արամ Սաթյանն ընդգծեց նաև, որ կոմպոզիտորների միության նպատակներից կարևորագույնը հայ երաժշտարվեստը օտերաներին ներկայացնելն է: «Մենք անում ենք ամեն ինչ՝ մեր երկիրն ըստ պատշաճի արտերկրում ներկայացնելու համար, շարունակում ենք փոխգործակցել Հունաստանի, Արգենտինայի, Կորեայի մեր գործընկերների հետ, բայց Կոմպոզիտորների միությունը Մշակույթի նախարարությունից տարեկան լավագույն դեպքում՝ ստանում է 8-10 միլիոն դրամ»,- հավելեց նա:
Ա. Սաթյանը միությունները համեմատում է սահմանամերձ գոտու հետ և ընդգծում, որ նրանք անում են ամեն ինչ, փոխարենը ստանում ոչինչ: «Միություններն են, որ պահպանում են պրոֆեսիոնալիզմը, ազգային մշակույթը, այն, ինչը բնորոշ չէ այլ կազմակերպություններին, սակայն այդ կազմակերպություններն այսօր ավելի շատ պետական աջակցություն են ստանում, քան միությունները»,- նշեց նա՝ ընդգծելով նաև, որ այսօր միությունը հազարավոր ծրագրեր ունի, որոնք չի կարողանում իրականացնել:
Արամ Սաթյանը դժգոհեց նաև, որ Հայաստանում ներմուծվել են օտարամոլ բարքեր, որոնք ապականում են հայկական երաժշտարվեստը: «Հայկական երաժշտական արվեստ կամաց-կամաց օտար տարրեր են ներմուծվում, հայերեն բառերով երգերը բացարձակապես հայեցի չեն։ Խոսքը վերաբերում է և՛ դասական, և՛ էստրադային երաժշտությանը»,- ասաց նա:
Ամփոփելով՝ կոմպոզիտորների միության նախագահը նշեց, որ նախորդ տարի շատ են կազմակերպվել փառատոններ: Հաջորդ տարվա ապրիլ ամսին էլ միությունը պատրաստում է փառատոն՝ երգչախմբային, կամերային, էստրադային երաժշտության տարրերով։ «Փառատոններ կլինեն նաև ԱՄՆ-ում, Չինաստանում և Իսպանիայում»,- ասաց նա։