21/12/2015 18:44
Արվեստանոցային մշակույթն անկում է ապրում. Կարեն Աղամյան
2015 թվականն ընդհանուր առմամբ՝ նկարիչների համար լավ տարի էր։ Այսօր հրավիրված մամլո ասուլիսում ամփոփելով տարին, այսպես գնահատեց ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Նրա խոսքով՝ տարին լի էր ցուցահանդեսներով, որոնցից նկարիչների միության նախագահն առանձնացնում է հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել է մոտ 300 աշխատանք:
«Ցեղասպանության թանգարանի երեք դահլիճներում մոտ 300 նկարների ցուցադրություն է եղել: Իսկ ընդհանուր առմամբ՝ 50 ցուցահանդես է կազմակերպվել»,- ասաց նա՝ հավելելով, որ նախորդ տարվա ընթացքում ակտիվ ցուցահանդեսներ էին կազմակերպվում հատկապես երիտասարդ նկարիչների համար: «Մենք այս կերպ փորձում ենք հնարավորություն տալ սկսնակ նկարիչներին»,- ասաց նա:
Կ. Աղամյանի խոսքով՝ Հայաստանում նահանջում է պլակատային արվեստը, փոխարենն առաջնային են դառնում մի քանի ուղղություններ, որոնք ակադեմիական սահմանված հիմքեր չեն նախատեսում, ինչն ըստ նրա՝ բացասական երևույթ է:
Նկարիչների միության նախագահը թեև գովեստով է խոսում երիտասարդ նկարիչների աշխատանքների մասին, բայց ընդգծում է, որ մեր դահլիճները զիջում են նկարիչների պահանջներին:
Անդրադառնալով խնդիրներին՝ Կ. Աղամյանն ընդգծեց նաև, որ այսօր բարդ խնդիր է հատկապես կեցության հարցը, և միությունը չի կարողանում լուծել այս խնդիրը: «Անկում է ապրում արվեստանոցային մշակույթը: Այս խնդրի մասին պետք է պետությունը լուրջ մտահոգվի: Արվեստանոցների թիվն անասելի կրճատվել է»,- եզրափակեց նա: