21/12/2015 16:08
Ուրիշի ծխախոտը թանկ նստեց Մխիթար Ավետիսյանի վրա. Ո՞վ է եղել դերասանի ավտոմեքենայով վթարի պատճառը
Դեկտեմբերի 20-ին ժամը 02:30-ի սահմաններում Nissan Xterra մակնիշի 34 ՕV 107 համարանիշի ավտոմենքենան խոշոր ավտովթարի մասնակից էր դարձել: Թեև մեքենան երկաթյա ջարդոնի էր վերածվել, սակայն ֆիզիկապես տուժողներ, Փառք Աստծո, չկային: Aysor.am-ը կապ հաստատեց ավտոմեքենայի սեփականատեր, սիրված և ճանաչված դերասան-հաղորդավար Մխիթար Ավետիսյանի հետ՝ տեղեկանալու, թե ի՞նչպես է իրեն զգում նման վթարից հետո: «Նախ ասեմ, որ ղեկին ես չեմ եղել, այլ ընկերս: Հավատացեք, սա ոչ թե ինքնաարդարացում է, այլ իրականություն: Ես նույնիսկ ավտոմեքենայի մեջ չեմ եղել: Ուղղակի տղաներով հավաքվել էինք, ուրախ առիթ ունեինք նշելու: Հետո ընկերներիցս մեկը ծխախոտ գնելու համար իմ մեքենայով դուրս եկավ, այնուհետև իրենից զանգ ստացա»,-մեզ հետ զրույցում նշեց դերասան-հաղորդավարը:
Ընկերոջ զանգից անմիջապես հետո նա շտապել է դեպքի վայր ու հասկացել, որ ավտոմեքենայից գրեթե ոչինչ չի մնացել. «Բայց լավ էր, նրա նույնիսկ մատից արյուն չէր եկել, իսկ հարվածն այնքան ուժգին էր եղել, որ բետոնե էլեկտրասյունը տապալվել էր: Պատճառը հանկարծակի ավտոմեքենայի առջև հայտնված շների խումբն է եղել: Անչափ շնորհակալ եմ Սերոբ «հոպարին» և գազալցակայանի սեփականատեր Սուրենին, ովքեր իրենց կրած վնասի համար չափազանց մեծ գումարներ չպահանջեցին, ճանապարհային ոստիկանության այն աշխատակիցներին, ովքեր այդ պահին մեր կողքին էին, Գագիկ Շամշյանին, որ անմիջապես արձագանքեց այս վթարին»:
Մեր այն հարցին, թե արդյոք ավտոմեքենան հնարավոր է վերականգնել՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Եթե նույնիսկ հնարավոր լինի մեքենան վերականգնել, ես դա չեմ անի, քանի որ հոգեբանորեն պատրաստ չեմ այդպիսի վթարի ենթարկված մեքենա վարել»:
Մ. Ավետիսյանի և վթարի պահին նրա ավտոմեքենայի ղեկին գտնվող նրա ընկերոջ հարաբերությունները այս ամենի արդյունքում չեն տուժել: «Իհարեկե, մեր հարաբերությունները չեն տուժել: Նման բաներ բոլորի հետ էլ պատահում են: Եթե ամեն մի պատահարի, դեպքի պատճառով ընկերությունից պետք է հրաժարվես, ապա ավելի լավ է ի սկզբանե որևէ մեկի հետ ընկերություն չանես: Այնպես որ, շնորհակալ եմ բոլոր իմ ընկերներին, որ կողքիս էին ու հիմա էլ շարունակում են մնալ կողքիս»,-հավելեց հաղորդավարը:
Aysor.am-ի հետ զրույցի ավարտին դերասանը կոչ-խնդրանքով դիմեց բոլոր ծխողներին: «Կոչ եմ անում թողնել ծխելը: Անձամբ ես այդ վատ սովորույթից հրաժարվել եմ գրեթե կես տարի առաջ»,-ժպիտով եզրափակեց նա: