21/12/2015 20:11
Այնտեղ, որտեղ լարված դրություն է, ապրելն արդեն հերոսություն է. Նաիրա Նիազյանը՝ բարեգործական համերգի և «ArmFashionDay»-ի մասին
Aysor.am-ը հյուրընկալել է Մոսկվայում բնակվող հայ հեռուստահաղորդավարուհի, մի շարք հասարակական-երիտասարդական կազմակերպությունների անդամ, այդ թվում ՌԴ երիտասարդ կամավորական միության երիտթևի ղեկավար Նաիրա Նիազյանին, ում նախաձեռնությամբ օրերս Մոսկվայում կայացավ «ArmFashionDay»-ը` հայկական նորաձեւության օրը:
-Նաիրա այս տարվա մեջ, եթե չեմ սխալվում արդեն երկրորդ անգամ, Մոսկվայում մեկ հարկի տակ հավաքեցիք հայ և ռուս տարբեր մասնագետների. եթե առաջինի դեպքում դա բարեգործական համերգ էր, ապա այս անգամ «Armfashionday»-ի շրջանակներում էր: Ի՞նչ տեղի ունեցավ օրեր առաջ՝ կմանրամասնե՞ք:
-Այո՛,իրավացի եք, ապրիլի 12-ին Մոսկվայում կազմակերպել էինք «Նոր սերունդ» բարեգործական համերգը, որին մասնակցում էին հայկական և ռուսական շոուբիզնեսի շատ ակնառու դեմքեր: Համերգից ստացված հասույթը տրամադրվեց ՀՀ սահմանամերձ Բաղանիս և Բարեկամավան գյուղերին: Իսկ ինչ վերաբերում է օրեր առաջ «Armfashionday» նորաձևության երեկոյին, ապա պետք է ասեմ, որ Մոսկվայում առաջին անգամ անցկացվեց նորաձևության երեկո, որին մասնակցություն ունեցան միայն հայ 7 դիզայներներ Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներից և Հայաստանից: Մասնակցության համար Երևանից ժամանել էր դիզայներ Արտյոմ Սյունեցին իր՝ Վանի թագավորության շրջանի արնամենտներով կարված տարազների հավաքածուով: Հայաստանից մասնակցել ցանկացող դիզայներները շատ են, որոնց մեծ սիրով կներկայացնենք գարնանային ցուցադրության ժամանակ:
-Եվ ո՞րն էր այս ցուցադրության նպատակը:
-Այս յուրօրինակ ցուցադրության նպատակն էր ռուսաստանյան լայն շրջանակներին ներկայացնել այս երկրում ապրող և ստեղծագործող տաղանդավոր հայ դիզայներներ- մոդելավորողներին և օգնել այդ ասպարեզում իրենց առաջին քայլերն անող մեր հայրենակիցներին: Ասեմ, որ երեկոյի շրջանակներում ելույթ ունեցան շոուբիզնեսի հայտնի արտիստ- կատարողներ:
-Ի դեպ, քիչ վերևում նշեցինք բարեգործական համերգի մասին: Հետևողակա՞ն եք՝ ի՞նչ հարցեր լուծվեցին այդ հասույթով, երբևիցե եղե՞լ եք սահմանամերձ շրջաններում:
-Իհարկե հետևողական ենք. սահմանամերձ գյուղերից Բաղանիսում անցկացվեցին ցերեկային լույսեր, Բարեկամավանում ճանապարհահատվածի գրունտապատում եղավ: Երկու գյուղերում կատարված բարեկարգման աշխատանքներին անձամբ ներկա եմ գտնվել: Գիտեք, տատիկս ապրում է սահմանին: Ըստ իս, այնտեղ, որտեղ լարված դրություն է, ապրելն արդեն հերոսություն է, իսկ այդ մարդիկ ոչ միայն ապրում են, այլև օր-օրի շենացնում են մեր, ավաղ, դատարկվող հայրենիքը:
-Դժվար չէ՞ հայ շոուբիզնեսի ներկայացուցիչներին համատեղել բարեգործական նախաձեռնությունների շուրջ: Խուսափելու համար պատճառներ չե՞ն հորինում:
-Ինչ ասել է դժվար, երբ խոսքը վերաբերում է համատեղ միջոցներով մեր հայրենիքին օգնելուն: Հավատացեք, պատրաստակամ են բոլորը, չեմ խոսում առանձին դեմքերի ու դեպքերի մասին, դրանք քիչ են՝ համեմատած աջակիցների՝ ՌԴ, ՀՀ ժողովրդական արտիստներից մինչև սկսնակ, տաղանդավոր հայորդիներ:
-Վերադառնանք նորաձևության երեկոյին. հայուհիներն այնքան էլ բարձրահասակ ու սլացիկ չեն: Հե՞շտ եք ընտրություն կատարել:
-Գուցեև մեր աղջիկները չեն համապատախանում նորաձևության միջազգային պահանջներին, բայց պետք է շեշտել՝ մեր ազգային տարազներով նազում են աննման: Նրանց հետ աշխատել, միանշանակ, ստացվեց, դժգոհություններ չեմ լսել: Հայ աղջիկներին մանեքենների դերում տեսնելը որոշված էր ի սկզբանե:
-Ակնարկեցիք գարնանային ցուցադրությունը. և ո՞րն է լինելու հաջորդ քայլը:
-Հաջորդ քայլը «Armfashionday Moscow 2016»-ն է, որի գովազդը շուտով կտեղադրենք սոցկայքերում:
-Այդ մասին առաջին անգամ բարձրաձայնեցիք, գուցե մի փոքր բացե՞ք փակագծերը. ինչո՞վ է հաջորդ ցուցադրությունը տարբերվելու նախորդից:
-Այս անգամ հանդիսատեսին հագուստի-աքսեսուարների մոդելավորողներից բացի ներկայացվելու են գեղարվեստի այլ ներկայացուցիչների աշխատանքներ՝ նկարիչ-լուսանկարիչ, քանդակագործներ, գրողներ, նեո-տեխնոլոգիաների ներկայացուցիչներ… Այն բոլոր տաղանդավոր հայորդիները, որոնք ստեղծագործում են, կա ներկայանալու համար անհրաժեշտ հարթակի պահանջ:
-Փաստորեն, այդտեղի հայ մոդելների, դերասանների, երգիչների հետ համագործակցությունը ստացվում է:
-Այո, համագործակցությունն, անշուշտ, ստացվում է, այդ մասին են խոսում կայացած մեծամասշտաբ միջոցառումները: Դրա համար շնորհակալ եմ սփյուռքում ապրող և ստեղծագործող մեր արտիստներն, որոնք սիրով մասնակցություն են ունենում և իրենց ներդրումն ունենում մեր նախագծերին:
-Նաիրա, դուք այսօր Ռուսաստանում գտնվող այն հայ երիտասարդ գործիչներից եք, ովքեր կապ են պահում հայրենիքի հետ: Ի՞նչ պատճառով և արդեն որքա՞ն ժամանակ է, որ մեկնել եք հայրենիքից:
-Հայաստանից մեկնել եմ 2010 թվականին՝ ուսումն ավարտելուց հետո, կարծում եմ պատճառների մասին խոսել պետք չէ… Հայրենիքիս հետ կապը շատ ամուր է: Թեև կարճ ժամանակով, բայց ամեն տարի այցելում եմ: Հավատացեք, անգամ այդ փոքր ժամանակահատվածն է բավարար լինում լիցքավորվելու և հայրենիքից դուրս հայրենանվեր գործունեություն իրականացնելու համար:
-Հեռուստահաղորդավարուհի, կազմակերպիչ… Ի վերջո ո՞րն է Ձեր բուն մասնագիտությունը և ի՞նչու գործունեության համար ընտրեցիք հենց այս ոլորտը: Պատճառը ոլորտի ֆինանսական առավել կայուն վիճա՞կն էր, թե՞…
-Ճիշտն ասած՝ մասնգիտությամբ բանասեր, գրականության պատմաբան եմ: Բանասիրությունն ու լրագրությունը փոխկապակցված են իրար և մեկից մյուսին անցումն իրենից բարդություն չի ներկայացնում: Իսկ ակտիվ լինելը, կարծում եմ, բոլորիս արյան մեջ է:
-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
-Ծնողներս և եղբայրս շուրջ տասը տարի է՝ բնակվում են Մոսկվայում, ես իրենց եմ միացել վեց տարի առաջ՝ուսումս ավարտելուց հետո: Իմ ծնողները, ինչպես և 90-ականների ծանր տարիներից հետո բազմաթիվ երիտասարդ հայ ընտանիքներ՝ չգտնելով իրենց այդտեղ, արտագաղթել են են՝ զավակների համար լուսավոր ապագա կերտելու նպատակով;
-Ստացվո՞ւմ է այդտեղ պահպանել հայկական մշակույթը:
-Կարծում եմ՝գաղտնիք չէ, որ ՌԴ -ի հայկական սփյուռքը կամ հայերի միությունն ամենահամախմբվածներից մեկն է: Մշակութային կյանքը սերտ կապերի մեջ է Հայաստանի հետ, համատեղ միջոցառումների պակաս չի զգացվում: Այնպես որ, ստացվում է:
-Շուտով Ամանոր է: Ինչպե՞ս անցավ 2015-ը և ի՞նչ ակնկալիքներ ունեք 2016-ից:
-Խոսելով 2015 թվականի մասին՝ պետք է նշեմ, որ այն իմ կյանքում բուռն ու հագեցած ստեղծագործական տարի էր՝ ընկերներիս հետ: Նրանց անչափ շնորհակալ եմ կողքիս լինելու համար: Ե՛վ այստեղ, և՛ Հայաստանում, իրականացրեցինք երկու մեծ ծրագրեր և առջևում ավելի մասշտաբային ու հայրենանվեր նախագծեր են սպասվում: Ցավոք, 2015-ը և՛ մեր հայրենիքում, և՛ աշխարհում նույնքան բուռն էր՝ պատերազմի, տարածքային խախտումների և խաղաղ մարդկային կյանքերի կորստի տեսանկյունից: Իսկ գալիք տարուց՝ «կարմիր կապիկից» սպասում եմ առաջընթացներ և հաղթանակներ: Ու ամենակարևորը՝ աշխարհում տիրի խաղաղությունն ու երջանկությունը: Շնորհավոր գալիք Ամանոր: