21/12/2015 14:49
Հարություն Մովսիսյանը, Գարիկ Չեփչյանը, Վրույր Հարությունյանը, Բեն Ավետիսյանը, Շուշաննա Թովմասյանն ու Գնել Սարգսյանը նոր՝ «Երանի» հեռուստասերիալում
Դեկտեմբերի վերջից «Կենտրոն» հեռուստաընկերությունը հեռուստադիտողին կներկայանա նոր սերիալով, որը նկարահանում է «Բախտաբեր» հեռուստասերիալի ստեղծագործական կազմը՝ սցենարիստ՝ Անահիտ Մխիթարյան, ռեժիսոր՝ Վահե Սայան, պրոդյուսեր՝ Էդգար Ավագյան: Սերիալը մելոդրամայի ժանրում է:
«Սերիալի հիմնական կորիզը Բախտաբերի դերասաններն են՝ Հարություն Մովսիսյան, Էթերի Ոսկանյան, Գոհար Իգիթյան, Սոֆի Դևոյան… Սակայն նոր մարդիկ ևս ընդգրկված կլինեն՝ Շուշաննա Թովմասյան, Բեն Ավետիսյան (գլխավոր հերոսներ), Գնել Սարգսյան, Լուսին Վարդանյան: Ամբողջական նույն կազմը չենք ընդգրկել, որպեսզի ֆիլմն ամբողջովին չնմանվեր նախորդին: Պետք է անընդհատ թարմություն հաղորդել ոչ միայն սցենարային, այլև դերասանների առումով, որպեսզի հեռուստադիտողին հետաքրքիր լինի»,-Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Վահե Սայանը:
Մեր այն դիտարկմանը, որ հեռուստադիտողի համար նախորդ սերիալի սիրելի հերոսներն էին հատկապես Սոս Ջանիբեկյանն ու Սարգիս Գրիգորյանը, քիչ հետաքրքրված չեն Շուշան Երիցյանով և Արշավիր Փանոսյանով՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Սոսն այժմ զբաղված է «Դոմինո» նախագծում, ու, բնականաբար, չէր կարող մեկտեղ նկարահանվել: Սարգիս Գրիգորյանն այս պահին մեծ զբաղվածություն ունի ու ժամանակի պատճառով չի ընդգրկվել սերիալում: Սակայն մի լավ օր անպայման թարմություն կհաղորդի այս ֆիլմին: 90 տոկոսով համոզված եմ, որ նրան ընթացքում կտեսնեք այս սերիալի շրջանակներում: Ինչ վերաբերում է Արշավիրին, ապա ես ի սկզբանե նրան ընդգրկել էի սերիալում, նախնական պայմանավորվածություն ունեինք ու ամեն ինչ լավ էր գնում: Երբ արդեն սկսում էինք նկարահանումները, առողջական որոշ խնդիրների պատճառով հրաժարվեց նախագծից: Առողջություն ենք ցանկանում իրեն: Իսկ Շուշան Երիցյանը նոր սերիալում ներգրավված չէ, եթե հետագայում անհրաժեշտ լինի՝ կհրավիրենք»:
Վերնագիրն ի սկզբանե այլ էր, սակայն հետագայում փոփոխություն կրեց. «Նախնական շրջանում որոշեցինք, որ սերիալն «Անի» կկոչվի, սակայն հետագայում մտափոխվեցինք և վերնագրեցինք «Երանի»: Կարծում եմ, այդպես ավելի գեղեցիկ է հնչում»:
Թեև ռեժիսորները նախապես հրաժարվում են սյուժետային բացահայտումներ անել, սակայն Վ. Սայանն այս անգամ անկեղծացավ ու որոշ մանրամասներ պատմեց. «Կյանքում կան շատ բաներ, որոնցից, քեզ թվում է՝ ապահովագրված ես: Բայց իրականում ոչ-ոք ոչնչից ապահովագրված չի և չգիտի, թե հաջորդ վայրկյանին իրեն ինչ է սպասվում: Այդպես է լինում հենց մեր հերոսների հետ, իրենց խաղաղ կյանքում կտրուկ փոփոխություններ են լինում…Մեր հերոսուհին ապրում է պապիկի հետ ու մի օր պատահական իրենց տունը հրդեհվում է: Դժվարությունների պատճառով ուսանողուհի թոռնուհին աշխատանք է փնտրում ու ճակատագրի հեգնանքով հայտնվում մի վայրում, որի տնօրենն իր հայրն է: Սակայն աղջիկն ի սկզբանե իմանում է, թե հայրը մահացել է, քանի որ մոր մահից հետո պապիկն այդպես էր ասել: Այստեղից էլ բոլոր խաղաքարտերը բացվում են, ինտրիգներ են սկսվում…Մեր սերիալի հերոսուհու միջոցով փորձում ենք ասել, որ երբեք պետք չի ընկճվել, կյանքը գեղեցիկ է նույնիսկ իր դժվարություններով: Պետք է պայքարել, չհանձնվել»:
Պապիկի դերում Վրույր Հարությունյանն է, հայրիկին մարմնավորում է Գարիկ Չեփչյանը: Ինչպես յուրաքանչյուր նախագիծ՝ «Երանին» ևս կունենա սաունդթրեյք: «Մենք ֆիլմը դեռևս առանց սաունդթրեյքի կսկսենք, սակայն հետագայում կունենք հետաքրքիր ու գեղեցիկ երաժշտական ձևավորում»,-վստահեցրեց ռեժիսորը:
Արդյոք նոր սերիալը ևս Բախտաբերի» հետքերով կգնա ու շարունակությունը գեղարվեստական ֆիլմով կներկայացնի հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Այս սերիալը իր սյուժեի պես անկանխատեսելի է. ոչ-ոք չգիտի, թե հաջորդ պահին ինչ կլինի: Այն դեռ երկար ժամանակ է լինելու էկրաններին, իսկ լուծումը գուցեև առավել հետաքրքիր լինի, քան նախորդը»: