23/12/2015 20:38
Քույրիկին ապերիկ, ապերիկին էլ քույրիկ է պետք. Ի՞նչ անուն կտա Անդրանիկ Հարությունյանն իր երկրորդ բալիկին
Արդեն տարեվերջ է ու շատերն այս օրերին տարվա ընթացքում ունեցած սեփական ձեռքբերումներն ու բացթողումներն են իմի բերում: Դերասան Անդրանիկ Հարությունյանի համար 2015 թվականը ձեռքբերումների տարի էր ոչ միայն գործնական, այլև անձնական կյանքում: Բոլորովին վերջերս տեղեկացավ՝ շուտով կրկնակի հայրիկ է դառնալու, դեկտեմբերի 24-ին էլ մեծ էկրան կբարձրանա իր մասնակցությամբ «Արամմա» կատակերգական գեղարվեստական ֆիլմը: Aysor.am-ը դերասանի հետ զրուցել է ուրախ եռուզեռի մասին:
-Անդրանիկ, տրամադրությունն արդեն իսկ տոնակա՞ն է, ինչպե՞ս եք վերաբերում Ամանորին:
-Տրամադրությունս բարձր է, տոնական, բայց իրականում այնքան էլ լուրջ չեմ վերաբերում այս տոնին, քանի որ առավել սիրելի տոներ ունեմ: Օրինակ՝ մարտի 8-ը:
-Ձեր ծննդյան օրն է, ա՞յդ պատճառով:
-(Ծիծաղում է) դե, ոչ միայն ծննդյանս օրն է, այլև բոլոր գեղեցիկների տոնն է այդ օրը՝ այդ թվում իմ: Մի տեսակ ոչ մի ուրիշ տոն չեմ կարողանում ընդունել… Ամանորին ամեն ինչ նույնն է՝ ավանդական դարձած տոլման, բլինչիկը, պասուց տոլման, խոզի բուդը, վերջերս նաև կոկորդիլոսը: Հարևանների ու բարեկամների տուն՝ նույն բոմբոներկան տնից տուն տանելով (ծիծաղում է)… Արտասովոր ու հետաքրքիր ոչինչ չկա: Հետաքրքիր է միայն այնքանով, որ տեսնում ես ծանոթ-բարեկամների, որոնց հետ տարվա ընթացքում հանդիպելու ժամանակ չես ունեցել: Դա ավելի շատ տխուր օր է, որովհետև ևս մեկ տարի անցնում է քո կյանքից: Այդ սովորական օրը մի ամբողջ թիվ է փոխում: Հա, նաև լավ է այն, որ այդ օրը մեր Երևանը գեղեցիկ է, գունեղ, բոլորն ուրախ են: Գոնե մեկ օր կա, որ թեկուզ պարտք են անում ու Նոր տարի անում, բայց երջանիկ են:
-Տա՞նն եք անցկացնելու դեկտեմբերի 31-ի կեսգիշերը:
-Աշխատանքի բերումով այնպես է ստացվել, որ Ամանորի գիշերը տանը չեմ լինում: Երբ 12 զանգերը խփում են, ընտանիքիս անդամների հետ եմ նշում ու տանից դուրս գալիս՝ աշխատանքի: Վերադառնում եմ գիշերվա ժամը 3-4-ին, երբ բոլորը, բնականաբար, քնած են: Այ հաջորդ օրվանից քեֆն ու ուրախությունը շարունակվում է ընտանիքում:
-Ձեր կինը՝ Մերին, չի՞ բողոքում այդ բացակայությունից:
-Իհարկե ոչ, նա գիտի, թե ում հետ է ամուսնացել: Եթե բողոքներ ունենար՝ կարծում եմ, կբաժանվեինք:
-Ձեզ համար 2015 թվականը ուրախ լուրով է ավարտվում՝ կրկին հայրիկ եք դառնալու:
-Այո, 2016 թվականն ինձ համար հիշարժան տարի է լինելու: Ցանկանում եմ, որ այն մարդիկ, ովքեր բալիկներ չունեն, 2016 թվականին այդ հրաշքը վայելեն: Թող երկար սպասված բալիկները լույս աշխարհ գան, աշխարհի ամենամաքուր, ամենահեքիաթային բանն է երեխան: Ես մեկն ունեմ ու Աստծուց շնորհակալ եմ, որ շատ շուտով ևս մեկն է պարգևելու: Սիրում եմ բոլոր բալիկներին, առավելևս՝ իմ բալիկներին:
-Բոլոր հայրիկների պես՝ «հարբե՞լ» եք ապագա երեխայի մասին լուրը լսելուն պես:
-(Ծիծաղում է)այնպես էր ստացվել, որ ես այդ օրը շատ էի խմել՝ առանց իմանալու անակնկալի մասին: Երբ տանից զանգեցին ասացին, որ համալրում ենք ունենալու, գինարբուքս շարունակեցի… Կարծում եմ, նման լուրից բոլորն են ուրախանում՝ լինի առաջնեկ, երկրորդ, թե երրորդ բալիկ: Չէ՞ որ տանը ևս մեկ հրաշք է ավելանում, երեխայի լացի ու ծիծաղի ձայն, ևս մեկ «ղժղժացող»:
-Փոքրիկի լույս աշխարհ գալուն ե՞րբ եք սպասում:
-Եթե չեմ սխալվում, արդեն երկու ամիս է անցել նրա հայտնվելու լուրից: Փաստորեն, նրան սպասում ենք 2016 թվականին, չեմ կարծում, որ «ոտը կախ գցի», ձգձգի՝ 2017-ին գա (ծիծաղում է):
-Հավանաբար, դեռևս չգիտեք փոքրիկի սեռը: Բայց քանի որ առաջնեկն աղջիկ է, կարելի՞ է ենթադրել, որ տղա երեխայի սպասումներ ունեք:
-Այո, դեռ շուտ է սեռն իմանալու համար: Աղջիկ էլ լինի՝ չեմ նեղվի, բայց դե քույրիկին ապերիկ, ապերիկին էլ քույրիկ է պետք: Այնպես որ շատ կցանկանայինք տղա ունենալ, որպեսզի երկու սեռի երեխաներ էլ ունենայինք:
-Հակառակ դեպքում՝ տղա ունենալու հույսը երրորդի հետ կկապեք…Քա՞նի տարեկան է Ձեր աղջիկը:
-Դեռ երրորդի մասին չենք մտածում, թող այս մեկը ծնվի, երեխաներին մեծացնենք, ամուսնացնենք՝ նոր կմտածենք (ծիծաղում է): Երեք ու կես տարեկան մեծ աղջիկ է առաջնեկս:
-Արդեն գիտի՞, որ ընտանիքում «մրցակից» է ունենալու:
-Կամաց-կամաց պատրաստում ենք, քանի որ շատ խանդոտ է: Երբ մեր գրկին ուրիշի երեխա է տեսնում, սկսում է լացել, նեղվել, մեզ «խփել»: Շատ աշխույժ երեխա է: Հիմա իրեն մեկ-մեկ հարցնում ենք. «Ի՞նչ կցանկանայիր ունենալ՝ քույրի՞կ, թե՞ ապերիկ»: Իր տարբերակը երկրորդն է: Կարևորն այն է, որ առողջ երեխա լինի: Աղջիկն աշխարհի ամենաթիթիզ բանն է, ինքն այդպես թիթիզ-մռութ էլ մեծանում է՝ իսկը պապան (ծիծաղում է):
-Մեծամասամբ, ծնողները երեխաների անուններն ի սկզբանե են որոշում: Դուք և Մերին անունների տարբերակներ քննարկո՞ւմ եք:
-Աղջկաս մայրիկիս անունով՝ Գայանե չկոչեցինք, քանի որ այդ անունը եղբորս դստրիկին բաժին հասավ: Հետաքրքիրն այն է, որ այնպես ենք տղայի տրամադրված, որ աղջկա անվան մասին չենք էլ մտածել: Հենց այսօր երևի սկսենք տարբերակներ քննարկել: Բայց, դե տա Աստված՝ տղա լինի ու նրան հայրիկիս պատվին կանվանակոչեմ՝ Գրիշա:
-Ձեր կինը դեմ չի՞:
-Իհարկե ոչ: Մենք միասին ենք որոշումներ կայացնում ու սա էլ երկկողմանի որոշում է: Այնպես չի, որ ես «քյարթու» մտածելակերպ ունեմ ու ասում եմ՝ այսպես պետք է լինի: Մենք ընտանիք ենք, ամեն ինչ երկուսով ենք որոշում, կազմակերպում ու իրագործում:
-Անդրանիկ, վերադառնանք մեր զրույցի սկզբնամասին՝ Ամանորին. անակնկալներ պատրաստո՞ւմ եք ընտանիքի անդամների համար:
-Այն, որ ես կամ, արդեն իսկ անակնկալ է բոլորի համար (ծիծաղում է): Իսկ եթե «գլուխ գովելը» մի կողմ դնենք, ապա այո, պատրաստում եմ, բայց դա թող գաղտնիք մնա: Ճիշտ է, շատ հարուստ չեմ, որ շատ ճոխ նվերներ մատուցեմ, բայց այն, ինչ մատուցելու եմ՝ սրտանց է, հոգով ու սիրով:
-Հավանաբար՝ այս տարի վերջին անգամ ենք զրուցում: Շնորհավորում եմ գալիք Ամանորի կապակցությամբ:
-Շնորհակալ եմ, ես ևս շնորհավորում եմ: Ամբողջ տարվա ընթացքում երազել եմ ու շարունակում եմ երազել, ցանկանալ, որ հատկապես հայ ազգը շատ լավ ապրի, տխուր չլինի: Ինչպես նկատում եմ, այսօր մեր երկրի վիճակն այնքան էլ նախանձելի ու լավ չի, տա Աստված՝ 2016 թվականից սկսած ամեն ինչ շտկվի, երջանիկ ու խաղաղ ապրենք: