23/12/2015 19:50
Ինձ շատ ներդաշնակ և հանգիստ եմ զգում. Աստղիկ Սաֆարյանը՝ անձնական կյանքի, նոր երգի և ամանորյա հեքիաթի մասին
Անգամ համաշխարհային շոու-բիզնեսում այսօր միօրինակություն է, Հայաստանն այս շարքում, իհարկե, ամենամիապաղաղներից է: Սակայն կան անհատներ, ովքեր առանձնանում են սեփական ձեռագրով, ոճով՝ ստանձնելով անգամ թելադրողի դերը: Aysor.am-ի զրուցակիցը երգչուհի Աստղիկ Սաֆարյանն է, ով յուրօրինակ փայլ է տալիս հայկական փոփ-արվեստին:
-Աստղիկ, երկու օր առաջ նոր երգի պրեմիերա ունեցաք, շնորհավորում եմ:
-Շնորհակալ եմ: Այո, ներկայացրեցի նոր, ամանորյա երգ, որը Նոր տարվա նվեր է իմ երկրպագուներին: Երգը կոչվում է «Christmas Day»: Երաժշտական պրոդյուսինգով զբաղվել են Dj Deep Danny-ն և Dj Leon Gris-ը, իսկ երգի մեղեդին ու խոսքերն ինքս եմ գրել:
-Այժմ ի՞նչ զբաղվածություն ունեք:
-Այժմ Բարսելոնայում եմ գտնվում: Հիմնականում այստեղ եմ՝ ամանորյա հանգիստս անցկացնելու նպատակով: Այդպես ավելի շատ կլիցքավորվեմ ու առավել թարմ ուժերով նորից կվերադառնամ Երևան՝ շարունակելու գործունեությունս:
-Եթե չեմ սխալվում, մասնագիտությամբ նաև տնտեսագետ եք: Հետաքրքիր է, այն շոու-բիզնեսի ասպարեզում Ձեզ օգնո՞ւմ է:
-Իհարկե, մտածելակերպի առումով շատ է օգնում: Ամեն հարցի իրատեսորեն եմ նայում, ինչն ինձ օգնում է ճիշտ գործել, անհրաժեշտ պահերին պասիվացնել ավելորդ զգացմունքայնությունը, որը, սովարաբար, բնորոշ է արվեստի շատ ներկայացուցիչների: Իսկ երբ կարողանում ես քեզ վերահսկել՝ առավել պրագմատիկ ես դառնում, սառը ուղեղով դատում: Բացի այդ, արդեն տևական ժամանակ է՝ ինքս եմ հանդիսանում իմ և՛ ֆինանսական, և՛ երաժշտական պրոդյուսերը, անձամբ եմ զբաղվում գործունեությանս կազմակերպմամբ:
-Դուք այն երգչուհիներից եք, ովքեր ոչ թե հետևում ու հիանում են ոլորտում տիրող ժամանակակից տենդենցներին, այլ թելադրում են սեփական ոճը:
-Չեմ ժխտի, որ նորաձևությունն իմ կյանքում կարևոր տեղ է զբաղեցնում: Իմ հանդիսատեսին և ինձ հետևողներին միշտ ներկայանում եմ այնպիսին, ինչպիսին կամ: Երբեք ինքս ինձ չեմ կեղծում և շատ ուրախ եմ, որ ինձ հենց այդպես էլ ընդունում են, ինչպես դուք նշեցիք՝ համարում են «ոճ թելադրող երգչուհիներից» (ժպտում է):
-Բայց դա դժվար չէ՞, պատասխանատվությունը չի՞ կրկնապատկում:
-Իհարկե, երբ գիտես, որ քեզ հետևում են տասնյակ հազարավոր մարդիկ՝ մանուկներ, երիտասարդներ, հասուն դատողությամբ մեծահասակներ, ապա բնականաբար՝ ամեն քայլդ պատասխանատվությամբ ես կատարում: Չեմ թաքցնի, երբ նկատում եմ շատ աղջիկների, ովքեր ոգեշնչված են իմ ոճով, հավատացեք՝ դա նրանց կողմից արված ամենամեծ հաճոյախոսությունն է ինձ:
-Ունեք Ձեր սեփական բրենդը: Չե՞ք մտածում ցուցահանդեսով ներկայանալու մասին:
-Առայժմ չեմ մտածում բրենդիս հավաքածուի ցուցադրության մասին: Այս պահին ավելի լրջորեն աշխատում ենք ապրանքանիշի գլխարկների հավաքածուի վրա՝ փորձելով տեսականին մեծացնել: Այդ ամենն արվում է Բարսելոնայում: Ժամանակը կհուշի, թե երբ կհասունանա ցուցադրության պահը (ժպտում է):
-Ինչպե՞ս եք գնահատում հայկական շոուբիզնեսի ներկայիս գործունեությունը:
-Գիտեք, մի գեղեցիկ խոսք կա, որը տվյալ հարցին շատ ավելի ճիշտ կպատասխանի. «Ես այնքան զբաղված եմ իմ սեփական այգին կանաչ պահելով, որ նույնիսկ չեմ էլ հասցնում նկատել՝ արդյոք հարևանիս այգին ավելի կանաչ է, թե ոչ»: Բայց այդ ամենն՝ իմ բոլոր գործընկերների հանդեպ ամենայն հարգանքով: Ես պարզապես իմ աշխատանքն եմ անում երգարվեստում, նույն էլ անում են կոլեգաներս: Իրավիճակը գնահատել, ասել լավ է կամ վատ՝ ավելորդ է: Առավել կարևոր են ոչ թե խոսքերն ու կարծիքները, այլ գործողությունները՝ ինչ կարող եմ անել ինքս իմ կողմից: Ինքս իմ ակտիվ գործունեությամբ փորձում եմ իմ կողմից դրական պատկեր ապահովել այն բնագավառում, որում գործում եմ:
-Ընկերասե՞ր է Աստղիկ Սաֆարյանը:
-Այո, ընկերասեր եմ ու դա կարող են փաստել իմ բոլոր ընկերները: Տարբեր մասնագիտության, բնույթի, տարիքի ու ազգության շատ ընկերներ ունեմ: Հաճույքով եմ շփվում նրանց հետ:
-Շո՞ւտ եք մարդկանց վստահում:
-Անկեղծ ասած՝ անմիջապես չեմ վստահում, բայց եթե կարողանում են ժամանակի ընթացքում վստահությունս վաստակել ու նրանց համարում եմ ԸՆԿԵՐ, ապա շատ նվիրվող ու շատ հավատարիմ եմ լինում, միշտ պատրաստ եմ իրենց կողքին լինել: Ուրախ եմ, որ այդ զգացողությունը միշտ եղել է փոխադարձ և շարունակում է այդպես մնալ:
-Աստղիկ, նվիրվող մարդիկ հաճախ են հիասթափությունների հետ բախվում: Ձեզ հետ է՞լ է այդպես պատահում:
-(Ժպտում է) հիասթափություններ, իհարկե, եղել են իմ կյանքում: Երբ դիմացինիդ համարում ես քեզ համար կարևոր մեկը ու նրա մասին լավ կարծիք ունենում՝ հիասթափեցնող է, որ օրերից մի օր ինքն իր պահվածքով քեզ հակառակն է ապացուցում: Ավելի շատ հիասթափվում ես այն բանից, որ սխալ կարծիք ես ունեցել տվյալ անձի վերաբերյալ: Բայց դե ամեն մի հիասթափություն էլ իր տեսակի մեջ փորձություն է, ու եթե ուժեղ ես ու վստահ քո ուժերին, ապա միայն լավ դաս կարող ես քաղել: Ամեն դեպքում, անկախ ամեն ինչից՝ փորձում եմ յուրաքանչյուր իրավիճակում պահպանել իմ մարդկային տեսակը, չչարանալ ու առաջ շարժվել ժպիտով:
-Վերջին շրջանում բնակվում եք Իսպանիայում, շատերը նույնիսկ Ձեզ իսպանուհու են նմանեցնում:
-Իսկապես, տարվա մի մասն անցկացնում եմ այստեղ՝ Բարսելոնայում՝ տեղի երաժշտական ստուդիաներից մեկի հետ որպես երգահան համագործակցելով: Նաև հանդես եմ գալիս որպես ֆոտոմոդել՝ աշխատելով այստեղի լուսանկարիչների հետ: Մասնակցում եմ համերգային միջոցառումների` բավարարելով հայ և իսպանացի հանդիսատեսի պահանջը: Իսկ տարվա մյուս՝ առավել մեծ մասն անցկացնում եմ Երևանում, որտեղ կատարած իմ աշխատանքը գաղտնիք չի ոչ մեկի համար:
-Աստղիկ, չանտեսենք անձնական կյանքն ու Ձեր երկրպագուներին տեղեկացնենք՝ ի՞նչ եղանակ է Ձեր կյանքում:
-Իմ հոգում և սրտում այժմ շատ արևոտ, խաղաղ եղանակ է, սև ամպեր չկան: Ինձ շատ ներդաշնակ և հանգիստ եմ զգում:
-Կարևորություն տալի՞ս եք Ձեր կողակցի ազգային պատկանելությանը:
-Ինձ համար ամենից կարևորը փոխադարձ սիրո և վստահության առկայությունն է, կողակիցդ քեզ ընդունի այնպիսին, ինչպիսին կաս: Զգաս, որ նա հասուն ու վստահելի անձնավորություն է, կյանքի տարբեր իրավիճակներում կողքիդ կլինի: Այս ամենի առկայության դեպքում ազգային պատկանելությունը դառնում է երկրորդական: Չնայած, ինձ համար միշտ էլ գերադասելի է, որ կողակիցս հայ լինի:
-Բնավորությամբ խանդո՞տ եք:
-Ես չափազանց ծայրահեղ մարդ եմ, կամ բոլորովին չեմ սիրում, կամ սիրում եմ շատ: Իսկ շատ սիրելու դեպքում, կարծում եմ, նորմալ է խանդի առկայությունը, եթե, իհարկե, խելամիտ սահմաններում է: Առհասարակ, կողմ եմ հանդարտ, համերաշխ հարաբերություններին, որտեղ չկան խանդի և վեճի առիթներ:
-Շուտով Ամանորն է, փաստորեն Հայաստանում չեք գա տոներին:
-Ոչ, կանցկացնեմ այստեղ՝ ընտանիքիս հետ: Գուցեև հետո միանամ այստեղի ընկերներիս ու երեկոն միասին անցկացնենք:
-Ավանդապա՞հ ընտանիք ունեք:
-Ես իրենցից ավանդապահ եմ, հավատացեք (ծիծաղում է):
-Ի՞նչ եք նախընտրում ամանորյա խոհանոցից:
-Սիրում եմ համեղ, յուրահատուկ ու գեղեցիկ ուտեստներ համտեսել ու նաև դրանք պատրաստել: Սիրում եմ ամանորյա ամեն ինչը, նույնիսկ բոլորի տանը կրկնվող նույն ուտեստները: Կարծես թե դրանք ամեն տեղ նորովի են ներկայացվում: Եվ դա բխում է այն բարի ու դրական մթնոլորտից, որը տիրում է բոլորիս ընտանիքներում Նոր տարվա օրերին: Բոլոր ուտեստների ամենից կարևոր «համեմունքը» հենց դա է (ժպտում է):
-Դեկեմբերի 31-ի գիշերը երազանք պահելո՞ւ եք:
-Այո, բայց Ձեզ չեմ ասի իմ երազանքի մասին (ժպտում է): Ասում են՝ երբ ասում ես, այն այլևս չի իրականանում, իսկ ես համոզված եմ, որ ինչպես ես, այնպես էլ դուք՝ ցանկանում ենք, որ մեր բոլոր երազանքներն իրականություն դառնան:
-Եթե ամփոփենք տարին՝ ինչպիսի՞ն էր 2015-ը Ձեզ համար և՛ գործնական, և՛ անձնական առումով:
-2015 թվականն ինձ համար աշխատանքային ակտիվ տարի էր, իսկապես՝ անդադար աշխատել եմ ու արդյունքը ներկայացրել երկրպագուներիս: Անչափ ուրախ եմ, որ նրանց կողմից գնահատվել ու սիրվել է իմ յուրաքանչյուր աշխատանք: Ես իրենց համար եմ աշխատում, փորձում իմ երաժշտությամբ ուրախացնել, ոգեշնչել բոլորին: Նրանց բարձր գնահատականն ու սերն է ինձ ստիպում էլ ավելի շատ աշխատել: