24/12/2015 15:17
Նորայի և Էլլայի կերպարները նոր եթերաշրջանում չեն լինի. Արմեն Պետրոսյանը՝ «Ֆուլ Հաուսի» ամերիկյան համերգների ու նոր եթերաշրջանի մասին
«Ֆուլ հաուս»-յան ակտիվ և ուրախ կազմն այս օրերին համերգային ծրագրերով գտնվում է Ամերիկայի Միացյալ նահանգներում: Aysor.am-ը կապ հաստատեց նախագծի պրոդյուսեր, հումորիստ Արմեն Պետրոսյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են անցել հյուրախաղերը և ե՞րբ են վերադառնալու «Ֆուլ հաուսցիները»: «Երեք համերգ ունեցանք Լոս Անջելեսի մեծ ու լեփ-լեցուն դահլիճներում, մեկ համերգ էլ՝ Ֆրեզնոյում: Շատ լավ, գերազանց ու ջերմ անցան հանդիպումները: Ինչ վերաբերում է Հայաստան վերադառնալուն, ապա մի մասը կվերադառնա մինչև Ամանոր, մի մասն էլ՝ հունվարի սկզբին»,-նշեց մեր զրուցակիցը:
Շուտով ավարտվում է նախագծի հերթական եթերաշրջանը: 4-րդ եթերաշրջանի մեկնարկը կտրվի գարնանը՝ արդեն իսկ «տնավորված» հնաբնակներով ու նոր դերասաններով: Մեկ այլ՝ նոր նախագծի մասին ստեղծագործական խումբը դեռևս չի մտածում: «4-րդ եթերաշրջանը կսկսենք մարտ ամսից: Ասեմ, որ ըստ սցենարի՝ ավարտվեցին Նորայի և Էլլայի կերպարային գծերը ու նրանք նոր եթերաշրջանում չեն լինի: Փոխարենը՝ երկու նոր կերպարներ կավելանան, որոնց մասին փակագծերը չեմ բացի: Միայն վստահեցնում եմ՝ այն մարդիկ, որոնց մասնակցությունը քննարկվում է նոր կերպարների համար, անակնկալ կլինեն հեռուստադիտողի համար: Ինչ վերաբերում է բոլորովին նոր նախագծին, ապա դեռևս նման նպատակ չունենք: Այդ ուղղությամբ կսկսենք մտածել այն ժամանակ, երբ կավարտվի մեր այս նախագիծը: Այս պահին կենտրոնացած ենք միայն 4-րդ եթերաշրջանում որակը պահելու ու էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար»,-մանրամասնեց Արմեն Պետրոսյանը:
Վերջերս լուրեր տարածվեցին, որ «Ֆուլ հաուսը» գեղարվեստական ֆիլմի է վերածվելու: Մեր այն դիտարկմանը, թե արդյոք այդքան խտացված գեղարվեստական տարբերակը հասկանալի կլինի հանդիսատեսի համար՝ պրոդյուսերը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ ֆիլմի մասին դեռ մտածում ենք: Եթե ժամանակը ների, 2016 թվականին անպայման կնկարահանենք: Բայց ասեմ, որ գեղարվեստական կինոնկարը այս նախագծի հետ կապ է ունենալու միայն այնքանով, որ կերպարներն են նույնը լինելու: Իսկ սցենարն իրենից բոլորովին նոր պատմություն է ներկայացնելու»:
Նոր տարվան մնացել են հաշված օրեր, և անգամ գործնական այս գերզբաղվածության շրջանում պրոդյուսեր-շոումենը չի մոռանում անակնկալների ու ամանորյա նվերների մասին: Ամփոփելով 2015 թվականը՝ գոհ է իր ձեռքբերումներից, իսկ 2016-ի սպասումներն անձնական տիրույթում են: «Ամանորն անցկացնելու եմ տանը՝ ընտանիքիս հետ: Շատ անակնկալներ եմ պատրաստել իրենց համար, բայց հիմա չեմ ցանկանում ասել, որ անակնկալս ստացվի: Ինձ համար 2015 թվականն անցավ աշխատանքային աշխույժ ու ծանր, հագեցած գրաֆիկով: Ու քանի որ ես աշխատել սիրում եմ, այս տարին ինձ համար ստացված եմ համարում: 2016 թվականից միայն մեկ ցանկություն ունեմ՝ առողջություն իմ ծնողներին, մնացած ամեն բան ինքս իմ ուժերով կանեմ: Փառք Աստծո՝ դեռ ջիղ ու եռանդ ունեմ»,-Аysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ա. Պետրոսյանը: