24/12/2015 19:18
Դեկտեմբերի 25-26 -ին կկայանա երիտասարդ երաժիշտների գալա համերգը
Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 25-26 Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կկայանան Երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրի սաների գալա համերգները: Արդեն երրորդ տարին է, ինչ ծրագրում ընդգրկված երիտասարդ երաժիշտները, ավանդույթի համաձայն, տարեվերջին հանդես են գալիս համատեղ հաշվետու համերգներով:
Ինչպես հայտնում են Կամերային երաժշտության տնից, Երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրի մեկնարկը եղել է 2013թ.-ին: Այն ուղղված է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 11-20 տարեկան տաղանդավոր և շնորհալի երիտասարդների բացահայտմանն ու կատարելագործմանը, որոնք արժանապատվորեն կարող են ներկայացնել Հայաստանը միջազգային լավագույն բեմերում: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ներառում է դաշնամուր, ջութակ և թավջութակ մասնագիտությունները:
Երիտասարդների հետ աշխատում են հայ լավագույն կատարողներն ու խորհրդատուները, իսկ բազմաթիվ մաստեր-կլասներ անցկացնում են նաև արտերկրի հեղինակավոր և միջազգային ասպարեզում ավանդ ունեցող մասնագետները: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս պատանի երաժիշտների համար ապահովելու բազմակողմանի կրթություն և տարբեր դպրոցների փորձի փոխանակում: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց ծրագրի գեղարվեստական ղեկավար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը, հաշվի առնելով երիտասարդ կատարողների ունակություններն ու պատրաստվածությունը, այս տարի որոշում է կայացվել գալա համերգը անցկացնել երկու օր և հանդիսատեսին ներկայացնել ավելի բարդ և հետաքրքիր համերգային ծրագիր:
«Մենք ունենք տպավորիչ արդյունքներ և ցանկանում ենք դրանք լայնորեն ներկայացնել մեր հանդիսատեսին: Հրավիրում ենք երաժշտասեր հասարակությանը ներկա գտնվելու համերգներին և ունկնդրելու երիտասարդ սերնդին, ով հավակնում է դառնալ մեր ապագա սերուցքը: Համերգների արդյունքներով կորոշվի թե որ կատարողներն են շարունակելու իրենց ուսումը ծրագրի շրջանակներում, որպեսզի մենք մշտապես ապահովենք բարձր որակ: Համերգների մուտքը հանդիսատեսի համար ազատ է»,- նշեց Արմեն Բաբախանյանը:
Ամփոփելով 2015թ.-ի արդյունքները, Արմեն Բաբախանյանը հայտնեց նաև, որ ծրագրում ընդգրկված երաժիշտները տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, մասնակցել են ավելի քան 70 միջոցառումների, այդ թվում` հանդես եկել մենահամերգներով, մասնակցել միջազգային և հանրապետական փառատոնների և մրցույթների: Տարվա ձեռքբերումները տպավորիչ են. երիտասարդները բազմիցս են հաջողությամբ հանդես եկել արտերկրում և դարձել միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիրներ: Նշվեց նաև, որ ծրագրի շրջանակում երիտասարդներին որակյալ կրթություն ապահովելու համար անհրաժեշտ են ոչ միայն լավ մասնագետներ, այլև լավ երաժշտական գործիքներ, գրականություն, արտերկրում մրցույթներին մասնակցելու հնարավորություն: Այս խնդիրները լուծելու համար ծրագրին անհրաժեշտ է նաև մասնավոր ֆինանսական աջակցություն: Գալիք տարվա անելիքները ևս շատ են: Արմեն Բաբախանյանը հպարտությամբ է նշում, որ ծրագրի սաները մասնակցելու են ԱՄՆ-ում կայանալիք Ջինա Բախաուերի հանրահայտ մրցույթին, ինչպես նաև ելույթներ են ունենալու մի շարք միջազգային մրցույթներում, այդ թվում`Ռուսաստանում, Ավստրիայում, Կորեայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում: