25/12/2015 17:03
2016 թվականին կցանկանայի ապրել հալալ ու մաքուր իմ հայրենիքում ոչ թե մարդակերների, այլ՝ մարդկանց մեջ. Դինա Ակոպովնա
Նոր տարվա թոհուբոհն արդեն սկսված է: Շատերի համար այն հանգստանալու հրաշալի միջոց է, շատերի համար էլ Ամանորի կեսգիշերին աշխատանքային ռիթմն ուժեղանում է: Հաղորդավարուհի, վերջին շրջանում նաև դերասանուհի Դինա Ակոպովնան այս տարի սեփական հարկի տակ առաջին բաժակը բարձրացնել չի հաջողացնի: «Ներկա պահին Սոչի քաղաքում եմ գտնվում, քանի որ տաղանդավոր երաժիշտ Ազատ Ավետյանի տեսահոլովակի ցուցադրությունն էր երեկ ու ես վարողի կարգավիճակում էի: Սակայն շուտով կվերադառնամ: Ես միշտ Ամանորի գիշերը աշխատանքի մեջ եմ լինում, պարզապես, եթե մինչ այս ժամը 24:00-ից հետո էի գնում, ապա այս տարի դեկտեմբերի 31-ին 19:30-ից կլինեմ Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում, իսկ 24:00-ից հետո՝ «Կամինո» ակումբում: Տարին կավարտեմ ու կսկսեմ գործընկերներիս հետ»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց հաղորդավարուհին:
Մեր այն հարցին, թե տոնական ուտեստների ի՞նչ նախասիրություն ունի և ի՞նչ խոհարարական հմտություններով է զարմացնում իր հյուրերին՝ վերջինս պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ես այդ օրերին սոված եմ մնում: Չեմ սիրում բոլոր ուտելիքները խառնել իրար, հոգնում եմ անընդհատ կրկնվող կերակրատեսակներից: Նաև, վախենում եմ գիրանալուց: Բայց ասեմ, որ ընդհանրապես մսեղենի սիրահար եմ: Իսկ այ պատրաստել՝ չեմ հասցնում, հազվադեպ կարող եմ հասցնել միայն աղցան պատրաստել»:
Տարեվերջի ու Տարեմուտի հանդիպումը հեքիաթի է նման ու այդ հեքիաթին խորհրդավորություն ու հետաքրքրություն են հաղորդում նաև անակնկալները՝ լինի նվերների, թե մեկ այլ տեսքով: «Ճիշտ է, մինչև 12 տարեկանս ձմեռ պապիկին հավատացել եմ, բայց հիմա հեքիաթի կարոտ եմ: Ու եթե անկեղծ՝ ապա վաղուց անհետաքրքիր է անցնում Նոր տարին մեզ մոտ՝ Հայաստանում: Դրա պատճառները բոլորն էլ գիտեն: Ինձ համար հիշարժան է 2014 թվականին Լոս Անջելեսում անցկացրած Տարեմուտը, որտեղ մի քանի երգիչների հետ կազմակերպված էր ամանորյա պարահանդես: Շատ ուրախ ու հիշվող օր էր: Ինչ վերաբերում է անակնկալ-նվերներին, ես նախընտրում եմ գումար տալ: Ով ինչ կցանկանա՝ թող գնի: Բայց դստրիկիս արդեն նվիրել եմ իր ցանկացածը՝ նորաոճ հագուստ և կիսաճտքավոր կոշիկներ (сапожки)»,-բացահայտեց նա:
Ամփոփելով անցնող տարին՝ մեր զրուցակիցը չդժգոհեց: Եկող տարվանից էլ սպասումները տարբեր են. «Նախորդ տարիս հագեցած էր, նկարահանվեցի նաև ֆիլմերում: Իսկ 2016 թվականին կցանկանայի ապրել հալալ ու մաքուր իմ հայրենիքում ոչ թե մարդակերների, այլ՝ մարդկանց մեջ… Շնորհավորում եմ բոլորիս գալիք Նոր տարին, նոր հույսեր, լույսեր ու բարեկեցիկ կյանք ցանկանում»:
Իրեն հաղորդավարուհին բոլորովին այլ մաղթանք ունի: «Ինձ առողջություն, հաջողություն ու նոր հեռուստանախագիծ եմ մաղթում: Նյութականից էլ չէի հրաժարվի, կցանկանայի նոր ատոմեքենա ունենալ»,-Aysor.am-ի հետ զրույցը ժպիտով եզրափակեց Դինա Ակոպովնան: