25/12/2015 15:24
Հայերով հպարտանալու, Հայաստանով հիանալու և խաղաղության մասին երազանքների շուրջ. Կուստուրիցա
Սերբ ռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցան Հայաստանում է: Տարվա լավագույն նախագծերից մեկով՝ «Մեցցո փրոդաքշըն» ընկերությունը կամփոփի իր համերգային լայնածավալ գործունեության տարին: Համերգը տեղի կունենա Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ այսօր, ժամը 19-ին:
Համերգի կազմակերպիչներից է նաև «Ալմազյան փրոդաքշըն» ընկերությունը: Համերգին աջակցում են նաև ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայոց ցեղասխանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովը:
Մինչ համերգը՝ երաժիշտը հանդես եկավ մամլո ասուլիսով: Անձնական հարցերից բացի՝ սերբ երաժիշտն անդրադարձավ նաև քաղաքական կարևորագույն հարցերի և ընդգծեց, որ հայ և սերբ ժողովուրդները շատ նման են իրար, և ինքն այսօր հպարտություն է ապրում՝ կրկին Հայաստան գալով: «Առաջին անգամ Հայաստան եմ եկել 2010 թվականին: Միայն սենյակս է փոխվել, ուրիշ՝ ոչինչ: Ինձ համար շատ հաճելի է նորից լինել մի երկրում, որի հետ մենք շատ նմանություններ ունենք: Չնայած՝մի մեծ տարբերություն էլ կա. դուք՝ հայերդ, միասնական եք, և շնորհիվ ձեր մտավոր ունակությունների՝ դուք ճանաչված եք որպես ցեղասպանություն ապրած ժողովուրդ»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում ինքն ունի շատ լավ ընկերներ ու բարեկամներ:
Հայաստանի պատմությանը երաժիշտը քաջ ծանոթ է: Նրա խոսքով՝ ի տարբերություն սերբերի՝ հայերն ունեն նաև պետականություն, որի շնորհիվ այսօր հասել են ցեղասպանության միջազգային ճանաչման, մինչդեռ սերբ ժողովրդի մոտ ամեն ինչ հակառակն է. «Մի ազգ, որը պարբերաբար գրոհների ու ցեղասպանությունների է ենթարկվել, այսօր մեկ միասնական ճակատով այդ փաստի դեմ հանդես չի գալիս, այն նույնիսկ զոհի կարգավիճակ չունի, որին փորձում են այսօր հանցագործ ներկայացնել: Իսկ այստեղ գտնվելով՝ ես ոչ միայն հաճույք եմ ստանում, այլև վայելում եմ արդարության հասած ժողովրդի նվաճումը և հիանում նրա անցած ճանապարհով»,- ասաց նա:
Է. Կուստուրիցան հիշում է նաև, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ մոտ 800 հազար սերբեր կոտորվել են խորվաթ ուստաշների կողմից, որի մասին կան բազմաթիվ գրեքեր ու փաստեր, սակայն որոնք Եվրոպայի համար պաշտոնական չեն համարվում: «Կարծես՝ դա տեղի չի ունեցել, իսկ նրանք, ովքեր անգամ գիտեն այդ մասին, այն անտեսում են որպես փաստ և իրողություն: Գոնե Հայաստանում ամեն ինչ աներկբա է: Ես 4 տարի առաջ եղել եմ նաև Թուրքիայում, որտեղ ինձ վրա հարձակումներ էին կազմակերպվում: Նրանք ինձ մեղադրում էին իմ դիրքորոշման համար և չէին ողջունում իմ՝ այնտեղ գտնվելը՝ հաշվի առնելով նաև սերբերին վերագրվող ցեղասպանության վերաբերյալ իմ դիրքորոշումը: Բայց ես կարողանում էի հակադարձել նրանց՝ պնդելով, որ Թուրքիան իրավունք չունի այդ մասին մտահոգվելու, քանի որ 1915 թվականին իր իսկ ձեռքով շուրջ 1.5 մլն հայեր են մորթազերծ արվել: Իմ կարծիքով՝ թուրքերը վայրենի բնազդով են օժտված»,- ասաց նա:
Որպես արվեստագետ՝ ինքն անձամբ իր մեջ գնահատում ու կարևորում է գրող Կուստուրիցային: Նա խոստովանում է նաև, որ յուրաքանչյուր առաջարկ, որը վերաբերում է հատկապես ֆիլմերին, մեծ սիրով է ընդունում,շատ հեշտությամբ՝ խոստանում, որ դրանք կնկարահանվեն, բայց դժվարությամբ է իր խոստումն իրականացնում: Ֆիլմերի առաջարկների մեջ ռեժիսոր Կուստուրիցան կարևորում է սյուժեն, ժամանակը և փողը: «Ես սկսեցի նաև դերասանությամբ զբաղվել հենց փողի պատճառով: Շատ դժվար է լինել մի ֆիլմում և ռեժիսոր, և դերասան, բայց ես կարողացա նաև դա հաղթահարել: Իրականում, ֆիլմեր նկարահանում եմ, եթե դրա սյուժեն ինձ հետաքրքրում է»:
Հարցին՝ չի պատրաստվում հայերի մասին որևէ ֆիլմ նկարահանել, Կուստուրիցան կրկին դժվարացավ խոստանալ:
Առջևում Ամանորն է, իսկ տաղանդավոր երաժիշտը Ձմեռ Պապիկից միայն մեկ խնդրանք ունի. «Գնալով Կոկա- կոլան Ձմեռ Պապիկին իրենով է անում, բայց այս տարի ես դա չեմ խնդրի: Կխնդրեմ, որ ինձ մի գերբնական ուժ տա, որպեսզի կարողանամ կանխել աշխարհին սպասվող այն մեծ պատերազմը, որի շեմին այսօր կանգնած ենք: Ուզում եմ, որ աշխարհում խաղաղություն լինի, մարդիկ ապրեն երջանիկ: Իսկ Մարադոնան՝ գործազուրկ չդառնա»,- հավելեց նա: