25/12/2015 17:28
Համոզված եմ, որ աշխարհը Ամերիկայի համար շատ թանկ գին է վճարում. Էմիր Կուստուրիցա
Ես դավանափոխ չեմ եղել: Այսօր Երևանում հրավիրված մամլո ասուլիսում անդրադառնալով իր դավանանքին, այս մասին հայտարարեց սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան:
Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ 2005 թվականաին Կուտուրիցան դարձել է Ուղղափառ եկեղեցու հետևորդ, նախկինում դավանելով իսլամ: Շարունակելով՝ նա նշեց, որ ինքը ոչ թե դարձի է եկել, այլ պարզապես կնքվել է ուղղափառ եկեղեցում:
«Անգամ անուններն են հավաստում, որ պրակտիկորեն իմ ընտանիքն իսլամին չի դավանել. մասամբ եղել է իսլամի, մասամբ էլ մնացել էր ուղղափառի հետևորդ: Ես բազմիցս եմ ասել, որ ոչ թե դարձի եմ եկել, այլ պարզապես կնքվել եմ»,- ասաց նա:
Սերբ ռեժիսորի խոսքով՝ Ամերիկայի և Եվրոպայի մշակույթը հիմնված ու խարսխված է քրիստոնեության վրա և ինքը նույնպես իր ուղին որոշել է շարունակել այս կրոնով: «Այն, ինչ մենք այսօր ունենք՝ կինո, թատրոն, գրականություն, ամեն ինչ խարսխված է քրիստոնեական հավատքի վրա: Իմ զգայական ու մտավոր աշխարհը փոխկապակցված են Աստծո հետ: Անկեղծորեն հավատում եմ Աստծուն և համոզված եմ, որ Աստված ծագում է հենց մշակույթից»,- հավելեց նա:
Կուստուրիցայի կարծիքով՝ այսօր, սակայն, քրիստոնյաները վտանգված են ամբողջ աշխարհում: «Ի դեպ, երբ կնքվեցի արդեն քրիստոնեության լավ օրերը չէին: Մենք՝ քրիստոնյաներս կանգնած ենք ոչնչացման շեմին: Լավագույն պատկերացումը կազմելու համար բավական է հայացք սևեռել հենց Եվրոպայի վրա, որտեղ այսօր մեծ թվով մուսուլմանն ներգաղթյալներ են տեղփոխվում: Եվրոպան այսօր հեղեղվում է ներգաղթյալներով: Նրանց դեմ ոչինչ չունեմ, բայց միշտ ինքս ինձ հարց եմ տալիս. ինչո՞ւ նրանք չեն գնում Սաուդյան Արաբիա, այլ փոխարենը գնում են Եվրոպա: Կարծում եմ, որ նպատակ մեկն է. տարեկան 1 մլն ներգաղթյալ Եվրոպա մտցնելով, ուզում են, որպեսզի Եվրոպան իր ինքնությունը կորցնի»,- նշեց նա:
Ռեժիսորը նաև հստակ դիրքորոշում ունի հակաքրիսոտնեական կոալիցիայի դեմ, որն ըստ նրա սերում է Հոլիվուդից: «Այդ բանակն առաջ է գնում, բայց ես հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Մարդկային ցեղը սիրում է ռեսկի դիմել և բոլորի շարժիչ ուժը հզոր և ազդեցիկ լինելն է: Ամերիկան մի կողմից ամենահզոր երկիրն է, որ ամենալավ բաներն է այս կյանքում մեզ տվել, բայց մյուս կողմից էլ՝ այն աշխարհում քաոս է սերմանում: Քադաֆիին բռնությամբ սպանեցին, ի դեպ՝ ֆրանսիացիների մեղքով, Եգիպտոսում փոփոխություններ արեցին, ներխուժեցին Իրաք, Սիրիան հասցրեցին մղձավանջային իրավիճակի, պատճառաբանելով, թե ուզում են խաղաղ մնալ և հարմարավետ ապրել: Այսօր ինչ առաջադիմություն էլ չունենանք, ես համոզված եմ, որ աշխարհը Ամերիկայի համար շատ թանկ գին է վճարում»:
Եզրափակելով իր խոսքը՝ երաժիշտը հավելեց նաև, որ գոհ է իր ապրած կյանքից: «Ես ստեղծել եմ իմ գյուղն ու քաղաքը, որտեղ այսօր ապրում եմ: Ես գոհ եմ իմ վարած կյանքից: Իմ նպատակը մեկն է. իմ ձեռք բերած հաջողությունները վերադարձնել իմ ժողովրդին: Ես երկու փառատոն եմ հիմնել՝ մեկը կինոյի, մյուսը՝ երաժշտության»,- ասաց նա:
Ի դեպ, նշենք, որ սերբ ռեժիսորն այսօր արդեն հասցրել է լինել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգել Հայոց ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը, լինել նաև Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում: