25/12/2015 17:52
Ես ինձ իրավունք չեմ վերապահում քննարկել այն մարդկանց, ում նկատմամբ անհավանական հարգանք եմ տածում. Սերգեյ Սմբատյան
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն այս տարի կտոնի իր 10-ամյակը և այսուհետ կներկայանա նոր անունով: Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում ամփոփելով տարին՝ հայտարարեց նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ տեղեկացնելով նաև, որ նախատեսվող տոնական համերգը կկայան հաջորդ տարվա հունվարի 25-ին:
«Փակագծեր դեռ չենք բացում, բայց բավականին հետաքրիր մեծ ծրագիր է սպասվում»,- ասաց նա:
Ամփոփելով անցնող տարին՝ Ս. Սմբատյանը նախ նշեց, որ տարին հագեցած էր, ապա հավելեց, որ նվագախումբը տարվա ընթացքում եղել է ամենաակտիվներից մեկը, որ հանդես է եկել ոչ միայն հայրենիքում, այլև արտերկրում: «Հանդես ենք եկել բազմաթիվ հայտնի բեմերում, տարբեր ծրագրերով»,- հավելեց նա:
Անդրադառնալով Օպերային թատրոնի կառուցվածքային փոփոխություններին և դրա շուրջ ծավալվող քննարկումներին, որտեղ գլխավոր դիրիժորի պաշտոնում շրջանառվում է հատկապես իր անունը, Ս. Սմբատյանը նշեց, որ այն տեղեկությունները, թե ինքը կարող է փոխարինել Կարեն Դուրգարյանին, իրեն վիրավորում են: Դիրիժորի գնահատմամբ՝ Կարեն Դուրգարյանը փայլուն վարպետ է, ով տիրապետում է իր գործին: «Անկեղծ ասած՝ ես ինձ չեմ պատկերացնում նաև իմ թիմից դուրս, և ես նման ցանկություն չունեմ, ավելին՝ այդ կասկածն անգամ ինձ վիրավորում է թե՛ որպես անձի, և թե՛ որպես երաժշտի: Ես Երիտասարդական նվագախմբի ղեկավարն եմ, որը դեռ շատ անելիքներ ունի»,- ասաց նա:
Ս. Սմբատյանի խոսքով՝ այսօր այն, ինչ տեղի է ունենում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, սկանդալ չէ, այլ բամբասանք, որը իր պատերից ու շրջանակներից դուրս է եկել: «Սկանդալը երկու կողմերի բախումն է: Մենք այսօր չենք տարանջատում՝ ինչ կարելի է մտածել և ինչը հնչեցնել: Օպերայի թատրոնում եղել են կառուցվածքային փոփոխություններ, որը ղեկավարում է հայազգի պարծանք Գեղամ Գրիգորյանը: Թատրոնն ունի ճիշտ սկզբունք, իսկ ես ինձ իրավունք չեմ վերապահում քննարկել այն մարդկանց, ում նկատմամբ անհավանական հարգանք եմ տածում»,- ասաց նա: