25/12/2015 13:03
Ո՞ւր տանել փոքրիկներին. Որտե՞ղ են տոնածառներն ու ամանորյա ներկայացումները
Այս օրերին մայրիկների մտածմունքը մեկն է՝ ո՞ւր տանել փոքրիկին, ի՞նչ տոնական միջոցառմամբ ուրախացնել նրան և հաղորդակից դարձնել ամանորյա հեքիաթին: Aysor.am-ը թեթևացնում է ձեր հոգսը, սիրելի մայրիկներ, չէ որ դուք դեռ պետք է մտածեք նաև առևտրի և ամանորյա սեղանի մասին:
Տոնական ներկայացումներն ու հանդեսները մեկնարկել են դեռ երեկվանից: Երեխաների համար նախատեսված միջոցառումները կտևեն մինչև հունվարի 10-ը:
Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում արդեն կարելի է դիտել Ամանորի թատերականացված հանդես-մանկական երաժշտական ներկայացում՝ սիրված հերոսներով և իհարկե Ձմեռ պապի մասնակցությամբ: Սկիզբը՝ ժ.` 12:00, 14:00, 16:00:
Պետական կամերային երաժշտական թատրոնն առաջարկում է դիտել «Երեք խոզուկների ամանորի արկածները» հեքիաթ-մյուզիքլը:
Խամաճիկների պետական թատրոնում ամանորյա պրեմիերա է՝ «Կապույտ թռչունը»: Այն կարելի է դիտել ամեն օր ՝ժամը 12։00, 14։00, 16։00-ին:
Մ. Մկրտչյան արտիստական թատրոնն առաջարկում է փոքրիկներին կատարել «Ամանորի ճամփորդություն» և հայտնվել կախարդական անտառում, որտեղ արդեն նախատոնական տրամադրություն է տիրում: Երեխաներին, իհարկե, անտառի բնակիչներից բացի կողջունեն և ուրախ տրամադրություն կհաղորդեն Ձմեռ Պապն ու Ձյունանուշը: Սկիզբը՝ 11:00, 13:00, 15:00, 17:00։
Իսկ Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում երեխաներին սպասվում է «Գրինչի գողացած ամանորը» երաժշտական ներկայացումը, թեև հասկանալի է, որ հեքիաթը չի կարող վատ ավարտ ունենալ և Ամանորը երեխաների համար ներկայացման ավարտին կվերադարձվի:
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում տոնական օրերին կցուցադրվի «Ախ, այդ վհուկը» երաժշտական ներկայացումը:
Հայաստանի երգի պետական թատրոնում երեխաներին սպասվում է Ամանորի մանկական մյուզիքլ: Սկիզբն ամեն օր ժամը 12։00, 14։00, 16։00-ին:
Հ. Ղափլանյանի անվ. Երևանի դրամատիկական թատրոնում երեխաները հնարավորություն ունեն դիտելու «Արքայադուստրը և ճագարիկը» ամանորի երաժշտական հեքիաթ-ներկայացումը՝ Ալան Միլնի մոտիվներով:
Ամանորի հետաքրքիր երաժշտական, ավազա-անիմացիոն «Սոֆին հեքիաթների աշխարհում» հեքիաթին երեխաները հաղորդակից կլինեն Առնո Բաբաջանյան համերգասրահում:
Առաջին անգամ Հայաստանում լազերային և լուսային մանկական շոու է սպասվում Արամ Խաչատրյան համերգասրահում ՝ Ձմեռ պապիկի և Ձյունանուշիկի մասնակցությամբ։ Երեխաները կդիտեն «Սուպեր Մաշան և Ձնեմարդը» Երաժշտական հումորային զվարճալի ներկայացումը, որի սկիզբը ամեն օր ժամը 19:00-ին է:
Օգտվեցինք Toms.am կայքից: