28/12/2015 19:42
Երազում եմ, որ Աստված մեզ այս տարի զավակ պարգևի ու ընտանիքս լիարժեք դառնա. Արևիկ Ալավերդյան
Aysor.am-ի զրուցակիցը միշտ կանացի և ինքնատիպ երգչուհի Արևիկ Ալավերդյանն է, ով վերջին տարիներին հանդես է գալիս նաև ամուսնու՝ Շահբազյան ազգանունով: Սիրո քաղաքում բնակվող հայուհին մեզ հետ անկեղծացավ ամանորյա հրաշքների, սպասումների ու երազանքների մասին:
-Արևիկ, եթե չեմ սխալվում, արդեն երեք ու կես տարի է՝ բնակվում եք Ֆրանսիայում: Ինչպե՞ս է կյանքն այդտեղ, հարմարվե՞լ եք:
-Այո, արդեն բավական երկար ժամանակ է՝ ինչ այստեղ եմ, բայց պետք է խոստովանեմ, որ սկզբնական շրջանում այդ փոփոխությունը շատ ծանր էր թե՛ իմ, թե՛ ամուսնուս համար (ժպտում է): Կարծես մեծ փորձություն լիներ, չէի կարողանում հարմարվել օտարությանը, կյանքի՝ այդքան մեծ փոփոխությանը: Սակայն ժամանակի ընթացքում սկսեցի հարմարվել ու հիմա արդեն ինձ շատ լավ եմ զգում Փարիզում, իհարկե՝ կարոտելով Երևանը:
-«Սիրո քաղաք» Փարիզը համապատասխանո՞ւմ է այդ որակին:
-Իսկապես, ռոմանտիկ քաղաք է, գեղեցկության արտացոլում: Երբ վատ տրամադրություն ունես, կարող ես ուղղակի դուրս գալ զբոսնելու և ամեն ինչ կանցնի: Հրաշք քաղաք է, ես սիրահարվել եմ Փարիզին:
-Շուտով Ամանորն է, ինչպե՞ս եք պատրաստվում նշել այն:
-Այս տարի Ամանորն ինձ համար առանձնահատուկ է լինելու, որովհետև ինձ են հյուրընկալվել ծնողներս (ժպտում է): Միասին ենք դիմավորելու Նոր տարին:
-Այդտե՞ղ էլ այստեղի պես մոտ 10 օր մարդիկ միմյանց այցելում են, շնորհավորում:
-Մարդիկ հյուր գնում են՝ շնորհավորելու, բայց միայն երկու օր, քանի որ այստեղ շատ շուտ են սկսվում աշխատանքային օրերը:
-Կա՞ն ավանդույթներ, որոնք պահպանում եք նաև Ֆրանսիայում:
-Հավատացեք, որ գրեթե բոլոր ավանդույթներն էլ պահպանում ենք: Թերևս, ինձ համար այստեղ միակ անսովոր ավանդույթն Ամանորից առաջ Սուրբ Ծնունդը նշելն էր: Բայց արդեն սովորել եմ այդ տոնին: Իհարկե, նշում ենք նաև մեր հայկական Սուրբ Ծնունդը:
-Ձեր ամանորյա խոհանոցն ավանդակա՞ն է, թե՞ փորձում եք այն գեղեցկացնել նորամուծություններով:
-Շատ հետաքրքիր է լինում մեր ամանորյա խոհանոցը. արդեն ավանդույթ դարձած մեր հայկական ուտեստներն ենք պատրաստում՝ փորձելով համատեղել հայկական ու ֆրանսիականը: Կարծում եմ, հետաքրքիր բան է ստացվում:
-Նոր տարվան օրեր են մնացել: Ձեր ամուսնու հետ անակնկալներ պատրաստո՞ւմ եք միմյանց համար:
-Սա մեր ամենասիրելի տոներից մեկն է ու բնականաբար, միմյանց համար սիրով նվերներ ենք պատրաստում: Մշտապես իրար նվիրում ենք այն, ինչը, հաստատ գիտենք՝ ցանկալի է: Բայց այժմ չեմ բարձրաձայնի իմ կողմից պատրաստվող անակնկալի մասին:
-Շա՞տ հարազատներ ունեք Ֆրանսիայում:
-Ամուսինս շատ բարեկամներ ունի, նաև՝ շատ ընկերներ ունենք, ինչի համար անչափ ուրախ եմ: Մշտապես միասին հավաքվում, լավ ժամանակ ենք անցկացնում:
-Արևիկ, այժմ ի՞նչ զբաղվածություն ունեք:
-Դասերի եմ հաճախում, բայց ներկա պահին ամանորյա արձակուրդներ են ու վայելում եմ ծնողներիս ներկայությունը (ժպտում է):
-Ցանկություն ունեիք Հայաստանում Ձեր բրենդային խանութը ստեղծել: Այդ մտահղացումը դեռ կա՞:
-Այո, մշտապես ցանկացել եմ Երևանում «Showroom» ունենալ, բայց, ցավոք, չստացվեց իրականացնել երազանքս, քանի որ տեղափոխվեցի Փարիզ: Բայց, ո՞վ գիտի… Աստված առաջ, երազանքներիցս չեմ սիրում հրաժարվել (ժպտում է):
-Նորաձևության համար Փարիզն ամենահարմար վայրն է: Ինչո՞ւ ոչ Փարիզում:
-Նման արդյունքի հասնելու համար այստեղ պետք է շատ երկար ու պրոֆեսիոնալ ճանապարհ անցնել: Տարիների փորձ է անհրաժեշտ: Չգիտեմ, դրան ինչքանով եմ պատրաստ: Բայց այստեղի հետ կապված ևս շատ գործնական նպատակներ ունենք ամուսնուս հետ: Իսկ Երևանում չեմ կարող սկսել մի գործ, որին տեր չեմ կանգնելու: Կամ ամբողջովին պետք է ինձ նվիրեմ աշխատանքին, կամ՝ չանեմ ընդհանրապես: Թերի լինելն իմ բնավորության մեջ չկա:
-Եթե չեմ սխալվում, Ձեր ամուսինն այդտեղ ռեստորանային բիզնես ունի: Դա բավարա՞ր է ընտանիքի հոգսերը հոգալու համար:
-Ամուսինս շատ է աշխատում մեր բարեկեցության համար, ես էլ իմ հերթին փորձում եմ մշտապես աջակցել նրան: Իհարկե, հետագայում, երբ լիարժեք կյուրացնեմ լեզուն՝ կմտածեմ նաև աշխատելու մասին:
-Փաստորեն, նրան չե՞ք օգնո՞ւմ ռեստորանային հարցերում:
-Իհարկե, օգնում եմ: Սիրում եմ աշխատել նրա հետ: Դրանից և՛ չեմ ձանձրանում, և՛ միշտ միասին ենք լինում:
-Արևիկ, գուցեև հաճախ եք այդ մասին խոսել, բայց մեր ընթերցողին ևս կպատմե՞ք Ձեր սիրո պատմությունը:
-իհարկե, սիրով. ծանոթացել ենք ընդհանուր ընկերների միջոցով, երբ նա Երևան էր եկել: Շատ կարճ ժամանակահատված շփվեցինք, որից հետո նա վերադարձավ Փարիզ: Այդ ժամանակ սկսեցինք շփվել սոցիալական կայքերի միջոցով: Երբ նորից Հայաստան եկավ՝ սկսեցինք հանդիպել, միմյանց ճանաչել, որից հետո ամեն ինչ շատ արագ, բայց հերթականությամբ ստացվեց՝ սեր, նշանադրություն, ամուսնություն:
-Մինչ ամուսնությունը՝ հեռավորությունը չէ՞ր խանգարում հարաբերություններին:
-Բնականաբար, շատ դժվար էր հեռավորության վրա պահպանել հարաբերությունները, բայց ասում են չէ՞. «Ով կարողանում է սպասել, պարգևատրվում է լավագույնով»: Կարծում եմ՝ ես հենց այդ լավագույնին արժանացա (ժպտում է):
-Կարծեք թե երկուսդ էլ հանդարտ բնավորություն ունեք: Հետաքրքիր է, բռնկումներ, ընտանիքում անհամաձայնություններ հաճա՞խ են լինում, թե բնավորության շնորհիվ կարողանում եք շրջանցել:
-Ինչպես բոլոր ընտանիքներում, մեզ մոտ ևս լինում են վեճեր, անհամաձայնություններ: Սակայն որտեղ կա սեր, հարգանք, անհամաձայնությունը չի կարող երկար ապրել, կամ որևէ բան փչացնել: Ես հանգիստ բնավորություն չունեմ, խաբուսիկ է տպավորությունը: Ու ինձ բախտավոր եմ համարում նաև այն հարցում, որ լինելով բռնկվող, տաքարյուն՝ ունեմ շատ հանգիստ ու զիջող կողակից: Միշտ այնպես է անում, որ նույնիսկ թեթևակի վեճը երկար չտևի ու արագ մոռացվի: Ես նրանից շատ բան եմ սովորել, ինչի համար շնորհակալ եմ:
-Իսկ խանդը որքանո՞վ է գերիշխում Ձեր հարաբերություններում:
-Ասում են՝ եթե սիրում ես, ապա պետք է խանդես: Ես այդ մտքի հետ այնքան էլ համաձայն չեմ: Եթե խանդի առիթ չկա, անսահման վստահություն ու սեր կա, նշանակում է՝ խանդը մեր մեջ տեղ չունի:
-Ի՞նչ երազանքներ ունեք:
-Չգիտեմ, երևի շատ երազանքներ չունեմ. ուզում եմ, որ ծնողներս միշտ առողջ լինեն ու մեր կողքին: Երազում եմ, որ Աստված մեզ այս տարի զավակ պարգևի ու ընտանիքս լիարժեք դառնա: Թող բոլորն առողջ, երջանիկ ու համերաշխ ապրեն, չլինի ցավն ու չարը: Խաղաղություն եմ երազում…
-Փաստորեն, ընտանիքը համալրելու ցանկություն ունեք:
-Իհարկե, շատ ենք ցանկանում (ժպտում է):
-Փորձե՞նք ամփոփել 2015 թվականը:
-2015-ին ասենք հաջողություն՝ իր լավ ու վատ օրերի հետ, իսկ այ 2016-ից սպասելիքներ ունեմ, որոնք, հուսով եմ, կարդարացվեն: Թող բոլորի ցանկություններն իրականացվեն եկող տարի, բոլորիս համար լինի առողջ, երջանիկ ու հաջողակ տարի: Շնորհավորում եմ գալիք Ամանորի կապակցությամբ: Եկեք լինենք մի փոքր ավելի բարի ու թող այդ բարին միշտ հաղթի չարին (ժպտում է):