12/01/2016 20:12
Բայց հավերժին տարավ Աստված, աստվածայինը չթողեց մարդկանց. Արթուր Հակոբյանը՝ Վարդուհի Վարդերեսյանի մասին
Գրեթե երկու ամիս առաջ՝ նոյեմբերի 24-ին կյանքից հեռացավ հայ բեմի գոհարներից մեկը՝ Վարդուհի Վարդերեսյանը: Գյումրեցի դերասան Արթուր Հակոբյանը, ով վերջինիս մտերիմ ընկերներից էր, արտիստուհուն բանաստեղծություն էր խոստացել… Ավաղ, դերասանուհու կենդանության օրոք խոստումն իրագործել չհաջողվեց:
Aysor.am-ը զրուցել է Ա. Հակոբյանի հետ, ով մեծն դերասանուհուն նվիրված տողերը առաջինը վստահեց մեզ՝ նշելով. «Երկու-երեք ամիս առաջ, երբ հեռախոսով զրուցում էի դարիս երևելի դերասանուհիներից մեկի՝ Վարդուհի Վարդերեսյանի հետ և հետաքրքրվում նրա առողջական վիճակով, խոսքիս մեջ մի փոքր ակնարկ արեցի, որ իր մասին բանաստեղծություն եմ գրում՝ հազար անգամ ներողություն խնդրելով և՛ բանաստեղծներից, և՛ իրենից, որ նման «հանդգնության» եմ գնում: Հավատացեք խոսքիս՝ ուրախացավ … Ու ես կրկին խնդրեցի, որ շատ խիստ չդատի, քանզի ես բանաստեղծ չեմ, պարզապես իմ սրտինը հանձնում եմ թղթին: Մոտավորապես ասացի ինչ եմ գրում, գյումրեցու հատվածի վրա շատ ուրախացավ… Հետո ասացի, որ պիտի գնամ իրեն տեսնելու: Հենց լսեց, ինձ ասաց. «Ինձի կզանգես, հետո գուկաս, հասկցա՜ր» …«Ես էդ հասկցա, բայց կարող է հենց էնպես, խելքս որ ժամին սեղմեց՝ հելնում եմ ու գամ»,- դիտմամբ «չարություն» անելով ասացի ես: Կտրուկ պատասխանեց. «Ո՛չ, դուն ինչի՞ պիտի ինձի խալաթով տեսնես» … Երևելի տիկին, արյունդ արքայական էր: Ի ցավ սրտիս՝ գրվելիքն իմ կիսատ մնաց»,-Aysor.am-ի հետ զրույցում տխուր ժպիտով վերհիշեց դերասանը…
Երևան … Թատրոն…
Ու մայր թատրոնի աղոթաբեմում,
Ինքը, հրաշքը ` նազանքն էր ճեմում,
Ճեմում էր այնպես նուրբ, աստվածային,
Որ կնախանձեին զեփյուռն ու քամին:
Դանդաղ վարագույր … Դանդաղ մթություն…
Եվ երբ վառվեցին լույսերը հանգած,
Դահլիճը մեկեն ծափերից թնդաց,
Խոնարվելու էր գալիս տիրուհին,
Ինքը հրաշքը ` մեծն Վարդուհին:
Ծաղիկ ու ծափեր իր աստվածային պարգևի դիմաց,
Բռավոներն էին հարստությունը, ժպիտը մարդկանց,
Ու խոնհարվում էր բեմի թագուհին,
Հայոց հայուհին:
Դահլիճում մեկը հենց իր կողքինի թևին հպվելով,
Խոսեց ցածրաձայն, ակնհայտորեն լավ պարծենալով.
-Մեր Վարդուհին է, գանձն է թատրոնի:
Դեմքը պիտ տեսնեիք կողքի կանգնողի.
Ծո ի՞նչ կխոսաս դու քեզի-քեզի,
Մեր Վարդուհին էր, ըշտը դուք չունեիք` տվեցինք ձեզի . . .
Հ.Գ
Մայր թատրոն … էլի Երևան…
Վարագույրդ տխուր փակվեց աղոթաբեմ…
Պատարագդ կիսատ մնաց, բայց մոմերդ դեռ կվառվեն…
Կխնկարկեն անունը քո դեռ ծափերով,
Հավիտյանս կհիշեն Ձեզ աղոթելով:
Բայց հավերժին տարավ Աստված,
Աստվածայինը չթողեց մարդկանց: