14/01/2016 17:04
Երևանում մեկնարկում է Կոմպոզիտորների փառատոնը
Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնը, որն անց է կացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, այս տարի նվիրվում է անվանի հայ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին: Կոմպոզիտորների փառատոնն ունի հստակ նպատակ. սատարել երիտասարդ կատարողներին և հայ մշակույթի զարգացմանը:
«Այն, որ փառատոնն անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, արդեն իսկ փաստում է, որ փառատոնը կայացած է»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ հավելելով, որ փառատոնը Հայաստանի մշակութային կյանքում շատ կարևոր միջոցառում է: Նա ընդգծեց, որ փառատոնն առանձնահատուկ է նրանով, որ այն նեղ մասնագիտական է:
«Ունենք բազմաժանր փառատոններ, բայց այս մեկն առանձնահատուկ է. նեղ մասնագիտական, որտեղ մասնակցում են երիտասարդ կոմպոզիտորներ: Փառատոնին արդեն մասնակցել են բազմաթիվ կոմպոզիտորներ ու երիտասարդ կատարողներ, ովքեր տարբեր երկրներից են ժամանել Հայաստան: Այս տարի լրանում է նաև Խաչատուր Մարտիրոսյանի ծննդյան 70 և Վարդան Աճեմյանի 60 ամյակը և փառատոնի շրջանակներում կլինեն նաև հոբելյանական երեկոներ»,- տեղեկացրեց Ս. Սմբատյանն՝ ընդգծելով, որ արդեն 6-րդ տարին անընդմեջ իրականացվող այս փառատոնը, իր ուրույն տեղն է գրավել հայ մշակութային կյանքում և ամեն տարի փառատոնի շրջանակներում տարբեր երաժիշտներ ու տարբեր ծրագրեր են ներկայացվում: «Փառատոնը լայն հեռանկար ունի և անում ենք ամեն ինչ, որպեսզի այն ավելի զարգացնենք»,- ասաց նա:
Փառատոնի բացումը տեղի կունենա հունվարի 15-ին, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում: Գալահամերգին այս տարի հանդես կգա անվանի երաժիշտ, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, ով կկատարի կոմպոզիտոր Խաչատուր Մարտիրոսյանի Ջութակի կոնցերտը:
«Մի երկու տարի առաջ էր, համերգներից մեկի ժամանակ կոմպոզտոր Մարտիրոսյանը մոտեցավ ինձ ու ասաց, որ ինձ համար կոնցերտ է գրել: Այն կոչվում է «Կոնցերտ ֆանտազիա», որը նվիրված է ինձ: Դա ինձ համար մեծ անակնկալ էր, քանի որ դա առաջին կոնցերտն է, որը գրված է հատուկ ինձ համար: Ես կոմպոզիտորին խոստացել եմ, որ անպայման այն կատարելու եմ, բայց դա պետք է լինի առանձնահատուկ կերպով: Ցավոք սրտի, այն չկարողացա միանգամից նվագել՝ ժամանակի սղության պատճառով, բայց շատ ուրախ եմ, որ նման իհիանալի հնարավորություն է այսօր ինձ ընձեռվել: Երաժիշտը ինքը պետք է պատկերացնի ու հասկանա, թե ինչ է նվագում»,- ասաց նա:
Ս. Սմբատյանը նշեց, որ ստեղծագործությունը բավականին հետաքրիր է և Երիտասարդական նվագախմբի հետ արդեն առաջին փորձերը եղել են: «Նոր ստեղծագործություն նվագելը նույնպես հետաքրիր գործընթաց է: Համոզված եմ, որ հանդիսատեսին բավականին հետաքրիր համերգ է սպասվում: Շատ ուրախ եմ, որ նման առիթ ստեղծվեց և ես պետք է կատարեմ իմ տված խոստումը մաեստրոյին: Հասկանալու համար, թե այն իսկապես իմն է, դրա համար մի փոքր ժամանակ կպահանջվի, բայց ասեմ, որ ինձ դուր է գալիս նոր ստեղծագործություններ նվագելը: Ժամանակից է կախված՝ այն կյանք կունենա, թե՝ ոչ, բայց հուսով եմ դուր կգա բոլորին: Ստեղծագործությունը գրելուց Խ. Մարտիրոսյանի հետ ինքս անձամբ չեմ աշխատել և ներդրում չունեմ, բայց կանեմ ամեն ինչ, որպեսզի այն հավանության արժանանա»,- ասաց նա: