14/01/2016 18:06
«Անահիտ» մուլտֆիլմը հասանելի է արդեն նաև համացանցով
«Ամենայն մարդ պետք է մի արհեստ գիտենա. մենք ընդամենը նախշ ենք կարպետի, այսօր արքա ես, վաղը՝ ով գիտի». ուղիղ մեկ տարի էկրաններից հնչեց այս արտահայտությունը: Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա նկարահանված «Անահիտ» մուլտֆիլմը դիտումների քանակով ռեկորդ սահմանեց հայկական մուլտարտադրության ոլորտում. այն կինոթատրոններում դիտեց 80.000-ից ավելի մարդ:
«Ռոբերտ Սահակյանց» փրոդակշնին 5 տարի պահանջվեց ստեղծելու համար հայկական առաջին լիամետրաժ անիմացիոն երաժշտական ֆիլմը: Նախագծին աջակցել են Մշակույթի նախարարությունն ու Շարմ Հոլդինգը:
Այսօր տեղի ունեցավ նաև «Անահիտ» մուլտֆիլմի օնլայն պրեմիերան՝ հաճելի անակնկալ մատուցելով փոքրերին և ոչ միայն:
Հիշեցնենք, որ մուլտֆիլմը ստեղծվել է ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով և եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ (3D):
Ռեժիսորներ՝ Դավիթ Սահակյանց, Լյուլյա Սահակյանց
Պրոդյուսերներ՝ Կարեն Ղազարյան, Հայկ Սահակյանց, Դավիթ Սահակյանց
Սցենարի հեղինակներ՝ Նաիրա Սահակյանց, Լյուլյա Սահակյանց, Դավիթ Սահակյանցը
Երկխոսությունների հեղինակներ՝ Վահրամ Սահակյան, Լևոն Գալստյան
Բեմադրող նկարիչ՝ Էռնեստ Մուրադյան
Կոմպոզիտորներ՝ Արմեն Մարտիրոսյան Վարդան Զադոյան
Պահպանվել է հեքիաթի հիմնական լեյտմոտիվը` համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին արհեստ գնահատել է սովորեցնում: Ի վերջո արքան միայն այն մարդը չէ, որը թագավորում է, այլ այն մարդն է, որը արարել ու կառուցել գիտի: Ու նաեւ սիրել:
«Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Դավիթ Բաբայանը, Մկրտիչ Արզումանյանը, Վարդան Զադոյանը:
Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Ինգա Արշակյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը: