14/01/2016 12:45
Ինչ պատճառով Գոռ Հակոբյանը՝ «Ֆուլ Հաուսի» Ֆելոն, չի նշում ծննդյան տարեդարձը
«Ֆուլ Հաուս» սիթքոմից հայտնի դերասան Գոռ Հակոբյանը, ով մարմնավորում է սիրառատ Ֆելոյին, այսօր նշում է ծննդյան 28-ամյակը: Aysor.am-ը շնորհավորելով դերասանին՝ հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է սկսել իր համար տոնական օրն ու ի՞նչ միջավայրում է շարունակելու անցկացնել այն: «Հարգելի պատճառով այս անգամ ծնունդս չեմ նշելու նույնիսկ փոքր շրջապատում. ամենամտերիմներիցս, հարազատներիցս մեկը ծանր հիվանդ է ու տոնակատարություն կազմակերպելը սխալ կլինի, չհաշված, որ տրամադրությունս էլ այն չէ»,-մեզ հետ զրույցում նշեց հոբելյարը:
Անակնկալ, ընտանիքի անդամներն, այնուամենայնիվ, նրա համար պատրաստել էին դեռ երեկոյան՝ տորթի տեսքով: Ինչ վերաբերում է ծննդյան ցանկություններին, ապա դրանք բազում են, իսկ ինքն իրեն հոբելյարը մաղթում է միայն ամենակարևորը: «Ինձ մաղթում եմ միայն մի բան՝ ապրեմ խաղաղ երկրում ու կարողանամ այնքան փող ունենալ, որ զբաղվեմ բարեգործությամբ ու օգնեմ հաշմանդամ երեխաներին, որովհետև նրանք հրաշք են»,-եզրափակեց Գոռ Հակոբյանը:
Տա Աստված, որ ծննդյան ցանկություններն ի կատար ածվեն ու Գոռի բարի նպատակն իրականություն դառնա: