15/01/2016 19:12
Դերասան Արտաշես Ալեքսանյանն՝ իր տանից գողացված իրերի հայտնաբերման մասին
Դեկտեմբրի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները նաև գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել մի քանի քաղաքացիների: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կալանավորումից հետո նրանց բնակարաններում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ գողացված իրեր՝ թվային ապարատներ, էլեկտրատեխնիկա, հագուստ, ոսկյա զարդեր և այլն: Ի դեպ, նրանք կասկածվում են նաև 1 տասնյակից ավելի, այդ թվում հայտնի դերասան Արտաշես Ալեքսանյանի բնակարանային գողության մեջ, որն իրականացվել էր նախորդ տարվա հունվարի կեսերին: Aysor.am-ը կապ հաստատեց դերասանի հետ՝ հետաքրքրվելով, թե արդյոք գողոնը ճանաչվել ու վերադարձվել է հասցեատիրոջը: «Դեռևս հայտնի չէ, թե այդ գողոնի մեջ մեր իրերից կա՞ն, թե ոչ, իրե՞նք են մեր տան գողերը, թե չէ: Ճիշտ է, երեկ ինձ կանչեցին ոստիկանություն, բայց ամեն ինչ կնքված տոպրակների մեջ էր: Առաջին հայացքից մեր իրերին նման իրեր կային, բայց պետք է բոլորը ներկա լինեն, բացվի, որպեսզի ճանաչենք: Իհարկե, չեմ կարծում, որ ոսկեղենն ու արծաթեղենը մնացած լինեն, ըստ իս՝ դրանք արդեն իրացված կլինեն, իսկ մանր-մունր բաներից գուցեև հայտնաբերվի: 4 տարբեր բնակարաններ ևս թալանվել էին ու նրանց հասցեատերերը նույնպես պետք է ներկա լինեն իրերի ճանաչմանը: Կոնկրետ այս հանցագործները, եթե չեմ սխալվում, կալանավորվել են թմրանյութերի գործով, բայց խուզարկության ընթացքում նաև գողացված իրեր են հայտնաբերվել»,-մանրամասնեց Ա. Ալեքսանյանը:
Դերասանը դժվարացավ նշել, թե գողության արդյունքում ընդհանուր առմամբ որքան է կազմել իրենց ֆինանսական վնասը. «Այնքան բան էին տարել, որ հաշվել չէր լինի. բացի ոսկեղենից և արծաթեղենից տարել էին նաև իմ բոլոր մեդալները` թե՛ արցախյան պատերազմի մասնակցության, թե Մշակույթի նախարարության կողմից տրված, թե՛ անվանական: Անգամ հեռուստացույց ու ծածկոց էին տարել, մի քանի հնություններ, երեխաների «կասսաները»: Տարել էին նաև այն զարդերը, որոնք կրել եմ ֆիլմերում»:
Թե երբ բոլոր տուժածները կհավաքվեն մեկտեղ և կճանաչեն սեփական իրերը՝ դեռևս հայտնի չէ: Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա դրանք այնքան էլ մեծ չեն: «Համենայնդեպս, պետք է օրն ու ժամը ինձ հետ հարմարեցնել, որովհետև իմ ժամանակացույցը ծանրաբեռնված է: Պետք է տեսնեմ, ինչպես եմ հարմարեցնում ու տեղեկացնեմ, թե երբ կարող եմ գնալ: Իսկ գողոնի հայտնաբերման, արդեն իսկ իրացված ապրանքների վերադարձման հետ կապված ոչինչ չեմ կարող ասել, չգիտեմ, թե օրինապահներն ինչ կորոշեն, օրենքն ինչ է թելադրում: Հուսամ՝ ամեն ինչ ճիշտ կլինի»,-Aysor.am-ի հետ զրույցում հույս հայտնեց դերասանը: