16/01/2016 12:53
Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնը
Հունվարի 15-ին մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնը՝ նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին։ Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ) և Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Ստեղծման առաջին իսկ օրից փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այս մասին հայտնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբից:
Միրզոյան-ֆեստի բացման համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչել են Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիա լարայինների և գոսերի համար, Խաչատուր Մարտիրոսյանի «Զարթոնք» սիմֆոնիկ պոեմը և Կոնցերտ-ֆանտազիան ջութակի և նվագախմբի համար (մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան)։ Ի դեպ, վերջին ստեղծագործությունը Խաչատուր Մարտիրոսյանը նվիրել է հենց Սերգեյ Խաչատրյանին, և այն կատարվում էր առաջին անգամ։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորել է այն փաստը, որ աշխարհի լավագույն երաժիշտներից մեկը՝ Սերգեյ Խաչատրյանը, ցանկություն է հայտնել կատարել ժամանակակից կոմպոզիտորի ստեղծագործություն։ «Շատ է խոսվում այն մասին, թե պետք է հնչեցնել ժամանակակից կոմպոզիտորների գործերը, ցավոք, շատ քչերն են դա անում։ Սերգեյը երաժշտի այն տեսակն է, որ ինչ ասում է, ինչին հավատում է, ինչով ապրում է, կարող ենք տեսնել նրա գործում»,- ասել է մաեստրո Սմբատյանը։ Նա նաև ընդգծել է, որ Էդուրադ Միրզոյանը մեր դարաշրջանի ամենահեղինակավոր կոմպոզիտորներից մեկն է, որ մեծ ավանդ է ունեցել հայկական մշակույթի պահպանման ու զարգացման գործում, և փառատոնը հարգանքի տուրք է կոմպոզիտորին։ Նա նաև նշել է, որ փառատոնը լայնամասշտաբ է, այն ընդգրկում է երգչախմբային, կամերային, սիմֆոնիկ, անսամբլային համերգներ։
Խաչատուր Մարտիրոսյանը նշում է, որ ստեղծագործությունը սկսել է գրել մոտ 10 տարի առաջ։ Ըստ կոմպոզիտորի՝ ծավալային և ժամանակակից ռիթմերի առումով հագեցած գործ է, և ինքը պատկերացրել է, որ այն պետք է կատարի հենց Սերգեյ Խաչատրյանը։ Հեղինակը հիացած է կոնցերտի՝ Սերգեյ Խաչատրյանի ներկայացմամբ։ Նա նաև գովեստի խոսքեր է հղում Երիտասարդական նվագախմբին՝ նշելով, որ այն ունի կատարողական բարձր մակարդակ։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը փառատոնի շրջանակներում կներկայացնի նաև հոբելյանական երեկոներ: Կնշվեն կոմպոզիտորներ Խաչատուր Մարտիրոսյանի 70-ամյա և Վարդան Աճեմյանի 60-ամյա հոբելյանները: