18/01/2016 18:07
Շատ ենք հետաքրքրվել, մինչև այսպիսի քայլ անելը. Էմմի
Բոլորովին վերջերս երգչուհի Էմմիի նորաստեղծ ընտանիքը ժամանեց Հայաստան՝ փոքրիկ Դանիելին ծանոթացնելու ոչ միայն հայրենիքի, այլև` տատիկի հետ: Aysor.am-ն, առիթն օգտագործելով, նոր կարգավիճակի մասին զրուցեց նորաթուխ մայրիկի հետ:
«Հայաստան եկել ենք մի քանի օր առաջ: Գալուս պատճառն այն էր, որ երեխայիս ծնվելու ժամանակ մայրս կողքիս չէր, բայց գիտեի, թե որքան է հուզվում ու ցանկանում տեսնել փոքրիկին: Ի դեպ, թեև առողջական խնդիրների պատճառով չկարողացավ մեր կողքին գտնվել, բայց հեռախոսով և կապի տարբեր միջոցներով փորձում էր մեզ հետ լինել, որպեսզի կարոտն առնի: Հենց այդ պատճառով էլ ամուսինս որոշեց՝ կարող ենք ինքներս գալ և հաճելի րոպեներ պարգևել իմ մայրիկին»,-նշեց երգչուհին:
Արդյոք ռիսկային չէ՞ր փոքրիկին 12 ժամ ինքնաթիռում պահելը հարցին երիտասարդ մայրիկը պատասխանեց. «Առհասարակ, շատ ենք հետաքրքրվել, մինչև այսպիսի քայլ անելը, քանի որ շատերն էին ասում՝ պետք չէ, չի կարելի: Որոշ բժիշկներ հավատացնում էին, որ արդեն 2-3 օրական երեխային անգամ կարելի է ինքնաթիռ նստեցնել և կապ չունի, թե քանի ժամ: Այս դեպքում մեր ընտանեկան բժիշկն ու երեխայի բժիշկը մեզ թույլ տվեցին ճամփորդել, որովհետև երեխան արդեն 6 շաբաթականից մեծ էր»:
Ամուսիններն արդեն իսկ մտածում են նաև փոքրիկին մկրտելու մասին, սակայն այդ հարցում շտապողականություն չեն ցուցաբերում: Ինչ վերաբերում է Դանիելի ծնվելուց հետո Էմմիի ներաշխարհում տեղ գտած փոփոխություններին, ապա, ըստ երգչուհու, ամեն ինչ ի սկզբանե ակնհայտ էր: «Անմիջապես գիտակցում ես, որ պատասխանատվությունդ առավել է մեծանում: Չէ՞ որ սկսում ես մտածել ոչ միայն քո և ընտանիքիդ անդամների, այլ առաջնահերթ այն փոքրիկ մարդուկի մասին, ով հայտնվել է քո կյանքում»,-ժպիտով խոստովանեց մեր զրուցակիցը:
Նորաթուխ մայրիկների համար առաջնեկին խնամելը լուրջ փորձություն է, սակայն դժվարություններն ու մտավախությունները հօդս են ցնդում, երբ նա հայտնվում է քո գրկում: «Ես ավելի բարդ էի պատկերացնում, բայց հավատացեք, ամեն ինչ ավելի դյուրին է: Նախ և առաջ օգնողներն են շատ և՛ իմ, և՛ ամուսնուս ընտանիքում: Նաև, երբ ծնող ես դառնում, ամեն ինչ այլ կերպ ես ընկալում: Երեխան, իսկապես, փոխում է մարդու կյանքը, կարողանում ես ճիշտ խնամել, անել այն ամենն, ինչի մասին մինչ երեխայի ծնվելը պատկերացում անգամ չունեիր, չէիր պատկերացնում, որ կհամարձակվես անգամ այդ փոքրիկ մարմնին դիպչել»,-հավելեց Էմմին:
Շատերի մոտ արժեհամակարգի փոփոխություն է տեղի ունենում ամուսնությունից, ընտանիք կազմելուց հետո, սակայն մեր զրուցակիցը վստահեցրեց, որ շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսին էր մինչ Հայաստանից մեկնելն ու ընտանիք կազմելը: Հետաքրքրվեցինք նաև, թե որտեղ է հետագայում երգչուհին տեսնում իր ապագան: «Ապագաս տեսնում եմ ընտանիքիս կողքին. որտեղ ընտանիքս, այնտեղ էլ ես: Ինչ վերաբերում է տեսակի փոփոխությանը, ապա ի՞նչ տարբերություն՝ ամուսնացած ես, թե՞ ոչ, ինչ մասնագիտություն ունես: Չէ՞ որ մարդն առաջին հերթին պետք է ՄԱՐԴ լինի, որպեսզի իրեն հարգեն ու փոխադարձ հարգանքի արժանանան»:
Զրույցի վերջում երգչուհին խոստացավ երկրպագուներին, որ բեմական վերադարձն իրեն երկար սպասել չի տա: «Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ երկրպագուներին, որ չնայած այն հանգամանքին, որ ամիսներ շարունակ պասիվ գործունեություն եմ ծավալել, երգարվեստի բնագավառում նորությունների առատությամբ աչքի չեմ ընկել, միևնույն է, շարունակում էին հետևել ու իմ կողքին լինել: Ինքս հետևել եմ բոլորի մեկնաբանություններին ու անչափ շնորհակալ եմ բարեմաղթանքների համար: Շատ քիչ է մնացել, որպեսզի իրենց ուրախացնեմ այն ամենով, ինչով ինձ ընդունում և սիրում են: Սպասեք, և ես կվերադառնամ այնպիսին, ինչպիսին ինձ սիրել եք»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Էմմին: