19/01/2016 14:22
Շուտով լույս աշխարհ կգա Ռաֆայել Քոթանջյան կրտսերը
2016 թվականը մանկան ճիչով հագեցած կլինի հայ հայտնիների շրջանում: Նմանատիպ ուրախ լուրի սպասում են մեր շոուբիզնեսի ներկայացուցիչներից շատերը: Aysor.am-ը տեղեկացավ, որ իր երկրորդ զավակի լույս աշխարհ գալուն է սպասում նաև երգիչ Մայքլ Քոթանջյանը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի որդին: «Երազում էի արու զավակի մասին, իսկ հիմա երազանքս արդեն իրականություն է. սպասում ենք Ռաֆայել-Արտյոմ Քոթանջյանին: Ասեմ, որ պապիկիս անունն էր Արտյոմ, ում հետ ես շատ էի կապված: Շա՜տ էի սիրում իրեն»,-մանրամասնեց երգիչը:
Հայրիկի խոսքերով՝ փոքրիկը կծնվի, երբ եղանակը տաքանա: Նրանց առաջնեկը՝ Լիկան, հունվարի 14-ին դարձել է 3 տարեկան: Ավագ քույրիկը «մրցակից»-եղբորն անհամբեր է սպասում, դեռևս՝ առանց խանդի դրսևորումների. «Աղջիկս արդեն գիտի, որ եղբայր է ունենալու: Ինչպես մենք, այնպես էլ նա՝ շատ է սպասում իրենց հանդիպմանը»:
Քոթանջյանների ընտանիքն այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: «Ես, կինս, դուստրս ու ծնողներս այստեղ ենք եկել դեկտեմբեր ամսին՝ Ամանորը նշելու և աղջկաս տարեդարձը Դիսնեյ Լենդում անցկացնելու նպատակով: Թեև մեր այցելությունը գործնական բնույթ չէր կրում, սակայն տեղի համայնքի ցանկությամբ ու առաջարկով համերգ-հանդիպում ունեցանք»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:
Մեր այն հարցին, թե արդյոք նրանք ԱՄՆ-ում հարազատներ ունեն և մտածում են ապագայում այնտեղ բնակվելու մասին՝ Մ. Քոթանջյանը պատասխանեց. «Շատ լավ ընկերներ ունեմ այստեղ։ Բացի այդ, այստեղ է բնակվում նաև կնոջս տատիկի մայրը, ում հետ հանդիպումը շատ կարևոր էր ու հուզիչ թե՛ կնոջս, և թե՛ իմ ու աղջկաս համար։ Ինչ վերաբերում է բնակություն հաստատելուն, ապա նման մտադրություն չունենք: Հայաստան կվերադառնանք, երբ եղանակը տաքանա»:
Անդրադառնալով նաև ստեղծագործական կյանքին՝ երգիչն ընդգծեց, որ ինքը բոլորովին էլ լուռ չէ, բացի նախորդ տարի նկարահանած տեսահոլովակից նաև հայրիկի հետ 50 համերգային ծրագիր են ունեցել Հայաստանում, Արցախում և Ռուսաստանում: «Ես մոռացվելու մտավախություն չունեմ: Մոռացվում են նրանք, ովքեր ոչինչ չեն անում, անհետաքրքիր են ու լսարան չունեն»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Մայքլ Քոթանջյանը: