19/01/2016 20:21
«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի Հայաստանի երգն արդեն ընտրված է
Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը բավականին բարդ ընտրություն է անցկացրել և արդյունքում ընտրել է այն երգը, որը Իվետա Մուկուչյանը կներկայացնի «Եվրատեսիլ-2016»-ին: Այս մասին տեղեկացնում են Հանրային հեռուստաընկերության լրատվության ծառայությունից:
«Մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ վերջին ամիսների ընթացքում ավելի քան 300 երգ ենք ստացել ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Շվեդիայից, Բելգիայից, Գերմանիայից և, իհարկե, Հայաստանից: Եվ պետք է նշեմ, որ իսկապես մեզ ոգեւորում էր մրցույթի եւ այս տարվա հայաստանյան մասնակցի նկատմամբ առկա հետաքրքրությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ակտիվորեն ուղարկել են մեզ տարբեր երգեր: Այնուամենայնիվ, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը բավականին բարդ ընտրություն է անցկացրել, որի արդյունքում առանձնացրել էր լավագույն 2 երգերը՝ մեկը Շվեդիայից, մյուսը՝ Հայաստանից», - նշել է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը՝ հավելելով, որ վերջնական երգն արդեն ընտրված է և Իվետայի երկրպագուներին շատ չեն սպասեցնի:
Երգն ու տեսահոլովակը երկրպագուների դատին կհանձնվի միասին:
Երբ Իվետա Մուկուչյանն առաջին անգամ լսել է երգը, այն միանգամից գրավել է իրեն և հասել հոգուն: «Ես չէի էլ կարող պատկերացնել, որ կլինի մի երգ, որը կկարողանա իմ մեջ նման զգացողություններ առաջացնել: Համոզված եմ, որ մենք շատ ճիշտ ընտրություն ենք կատարել: Իմ կատարումը շատ անկեղծ է լինելու, իսկ զգացողությունները՝ բխելու են սրտիս խորքից: Կարծում եմ, սա հենց այն է, ինչ հանդիսատեսն ուզում է տեսնել՝ անկեղծություն և իրական զգացողություններ»,- նշել է «Եվրատեսիլ 2016»-ի Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը: