20/01/2016 20:33
«Եվ գլխավորը սերն է»...Կարծես երեկ էր և ոչ թե 40 տարի առաջ. Ալլա Վարդանյան-Արմեն Մարության
«Եվ գլխավորը սերն է» խորագրի միջոցով Aysor.am-ը որոշել է ժխտել այն կարծրատիպը, թե արվեստագետների ընտանիքները երկար կյանք չեն ունենում: Հավատացեք, երբ կա ՍԵՐ, ամեն ինչ երկրորդական է՝ լինի մասնագիտություն,լավ ու վատ բնավորություն, գումարի պակասություն, թե… Ներկայացնում ենք հերթական գեղեցիկ ընտանիքի՝ դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի 40-ամյա սիրո պատմությունը:
Սեր առաջին հայացքից
Արմեն. Մենք հանդիպեցինք թատրոնում, երբ նա 17-18 տարեկան էր, ես՝ 25: Դա սեր էր առաջին հայացքից ու բնականաբար, պետք է հանգուցալուծվեր ամուսնությամբ: Մեր հանդիպումից մեկ ամիս անց ամուսնացանք: Քիչ է պատահում, որ այդպես «կպնում» է (ծիծաղում է): Հենց տեսա, ասացի, որ իրեն հավանում եմ ու սիրում, ցանկանում եմ իր հետ ամուսնանալ: Ծնկեցի, մատանին իր մատին դրեցի, նա էլ ասաց, որ ընդունում է իմ առաջարկը (ծիծաղում է):
Ալլա. Նրա ձայնը լսելուն պես հասկացա՝ իմ ամուսինն է լինելու: Այդ ժամանակ մենք նույնիսկ չէինք շփվում: Երևի սիրտս վկայեց: Իսկ երբ տեսա՜… Հավանաբար, դա սեր է առաջին հայացքից:
«Համոզելը» դժվար չէր
Արմեն. Միշտ չի լինում, որ երկուստեք սերը բավարար է լինում, որ ընտանիք կազմեն: Բայց մեր դեպքում ստացվեց, որ ընտանիքի հիմք դառնա ոչ թե հաշվենկատությունն, այլ սերը: Բոլոր ընտանիքների պես՝ մենք էլ շատ դժվարություններ ենք ունեցել:
Ալլա. Երբեք չեմ զղջացել որոշմանս համար: Երբեմն մտածում եմ ու զարմանում՝ ինչպե՞ս կարողացա այդ տարիքում այդքան ճիշտ ընտրություն կատարել… Մի տեսակ շատ հեշտ ստացվեց իր՝ ինձ հասնելը, կարելի էր չէ՞ մի քիչ տանջել (ծիծաղում է): Բայց դեռ ամեն ինչ առջևում է, ոչինչ:
Ծնողները դեմ չէին նրանց ամուսնությանը, բայց….
Ալլա. Ծնողներս մտահոգված էին, թե դերասանի քիչ վարձատրությամբ ինչպե՞ս ենք ընտանիք պահելու, ապրելու: Բայց երբ ծանոթացան Արմենի հետ, կարծես թե հանգստացան: Գիտեք, նախկինում վաղ տարիքում էին ամուսնանում, այդ հիմա է, որ տարիքային շեմը բարձրացել է: Չգիտեմ էլ, դա լավ է, թե վատ, բայց ինձ թվում է՝ այժմ ընտանիք պահելն ավելի բարդ է: Այն ժամանակ ծնղներն օգնում էին, մեզ էլ են շատ օգնել: Ճիշտ է, հիմա էլ են օգնում, բայց ամեն դեպքում երիտասարդները փորձում են առավել ինքնուրույն լինել:
Հարսն ուշացավ սեփական հարսանիքից
Արմեն. Մեծ հարսանիք ենք արել, մոտ 300 հոգու հաշվարկ էինք արել, մի բան էլ ավել եկան, ու շատ լավ անցավ: Այն ժամանակ այլ կերպ էին կազմակերպվում հարսանիքները, այսօրվա նման ռեստորաններում չէին անում: Մեր հարսանիքը տեղի ունեցավ Մերգելյան ինստիտուտի մեծ դահլիճում:
Ալլա. Հիշում եմ, վարսավիրանոցից մի-փոքր ուշ վերադարձա: 4-րդ հարկում էինք ապրում, բարձրանալիս հասկացա, որ եկել են (ծիծաղում է): Աննկարագրելի հուզվել էի այդ օրը: Սիրում եմ հայկական հարսանիքներ, շատ գեղեցիկ են կազմակերպվում: ի դեպ, եղբայրս այդ ժամանակ Ռուսաստանում էր, ուշացել էր հարսանիքից ու եկավ միանգամից «Զագս»: Բոլորը մինչև հիմա հիշում են այն հուզիչ տեսարանը, երբ հարսն ուզում է տեղից պոկվի ու հասնի եղբորը: Արմենն ու նա հենց այդտեղ ծանոթացան: Հա, ասեմ, որ այն ֆոտոնկարիչը, ով հրավիրվել էր մեր հարսանիքը նկարահանելու, թեև ամբողջ ընթացքում նկարում էր, բայց ոչ մի նկար չունեցանք այդ օրվանից. Մոռացել էր ապարատի «կափարիչը» բացել: Մեկ ամիս անց Արմենի հետ գնացինք, նկարվեցինք (ժպտում է):
Նորաստեղծ ընտանիքն առանձին էր ապրում
Արմեն. Հայրս մեզ համար տուն առավ ու ասաց՝ մնացածն ինքդ արա: Առանձնացանք ու սկսեցինք շենացնել մեր ընտանիքը: Դա այնքան էլ հեշտ գործ չի, բայց երբ կա հարգանք, սեր, միմյանց նկատմամբ վստահություն՝ գործը հեշտանում է: Երեխաներ ես ունենում` ուրախանում, դաշնամուր ես գնում, ավտոմեքենա՝ ուրախանում, բեմական հաջողություն ես ունենում՝ ուրախանում…
Ալլա. Եթե չեմ սխալվում՝ երեք տարի անց առանձնացանք: Մի քիչ դժվար էր երեխաների հետ, բայց հաղթահարեցինք:
Այս տարի նորից հարսանիք է սպասվում
Արմեն. Ամուսնացել ենք 1976 թվականի դեկտեմբերի 25-ին, այս տարի մեր ընտանիքը կդառնա 40 տարեկան: Ուզում ենք հարսանիք անել (ծիծաղում է): Կարծես երեկ լիներ (մտածում է)…
Ալլա. Իսկապես, կարծես երեկ էր և ոչ թե 40 տարի առաջ… Մի օր մեր առանձնատուն գնալիս ճանապարհին մտածում էի, որ շատ եմ ցանկանում նորից հարսի շոր հագնել, Արմենն էլ կաբրիոլետով իմ ետևից գա (ծիծաղում է)… Այդ մասին բարձր էի երազում ու Արմենը լսում էր: Երբ լռեցի, շրջվեց դեպի ինձ և ասաց՝ շարունակիր, մի լռիր (ժպտում է): Գիտեք, հարսի իմ շորը մինչ այսօր մնում է, սկեսուրս էր կարել: Պետք է ուղղակի պահարանից հանեմ ու հասկանամ՝ իմ վրայո՞վ է, թե՞ արդեն ոչ: Մի օր աղջիկներիցս մեկին ասացի ցանկությանս մասին, զարմացած վրաս նայեց… Դեռ պրպտումների մեջ եմ, ինչ-որ բան պետք է անեմ, տեսնենք: Մտածելու ժամանակ կա:
Ներընտանեկան ավանդական հարաբերություններ. Հարս ու սկեսուր
Արմեն. Ալլան հրաշալի ծնողներ ուներ, իմ ծնողները ևս լավ մարդիկ էին: Խնամիներն իրար լավ հասկացան: Երկու կողմն էլ որոշեց, որ մեր նորաստեղծ ընտանիքը պետք է առանձին տուն ունենա, կայանա ու օգնեցին՝ ինչով կարող էին. Մեկը տուն գնեց, մյուսը՝ ավտոմեքենա, դաշնամուր… Երկուսով սկսեցինք, երեխաներին մեծացրեցինք, ամուսնացրեցինք ու հիմա նորից մնացինք երկուսով (ծիծաղում է):
Ալլա. Քանի որ ես և՛ սովորում էի, և՛ երեկոյան ներկայացումներ խաղում՝ գործը մի քիչ բարդանում էր: Արմենի ընտանիքը ավանդական հայկական ընտանիք էր ու սկեսուրս մի քիչ նեղվում էր իմ զբաղվածությունից: Բայց ամեն ինչ հարթվեց ինքնըստինքյան: Ես այն հարսներից չեմ եղել, որ պատասխանել են: Երբ զգում էի, որ վեճ է դառնալու՝ լռում էի: Կարող էի իմ սենյակում փակվել, նստել, մինչև ամեն ինչ հանդարտվի (ժպտում է): Ինչ վերաբերում է փեսա-զոքանչ հարաբերություններին, ապա խնդիրներ չեն ծագել երբևէ: Մայրս ուկրաինուհի էր ու միշտ փեսայի կողմից էր: Ինքս էլ այդպիսին եմ հիմա:
Զավակներ
Արմեն. Երկու աղջիկ ունենք, 4 թոռ՝ երկու տղա և երկու աղջիկ: Մեծ թոռս 16 տարեկան է, փոքրս՝ 4: Աղջիկներիս մեջ տարբերությունը 5 տարի է՝ մեկը 1977 թվականին է ծնվել, մյուսը՝ 1982:
Ալլա. Աղջիկներս երաժիշտներ են: Մեծ աղջիկս դաշնամուրային բաժինն է ավարտել, փոքրս՝ երգչախմբի դիրիժոր է, նաև վոկալ է դասավանդում: Թոռնիկս ևս շարունակում է իրենց երաժշտական ճանապարհը:
Վեճերից կարողացել են խուսափել
Արմեն. Մեր ընտանիքում ամեն ինչ հարթ է ընթացել, վեճեր գրեթե չենք ունեցել:
Ալլա. Որքան էլ թեթևացնենք, միևնույն է, կյանքը, ընտանեկան հարաբերությունները, հեշտ բան չեն: Անվերջ եփվում ես այդ ամենի մեջ, պետք է կամաց-կամաց հասկանաս, սովորես՝ որ պահին լռես, որ պահին արտահայտվես, երբ կողակցիդ շտկես, ուղղություն ցույց տաս: Իհարկե, երբմն վիճել ենք, մեկ-մեկ արտասվել եմ, առանց այդ ամենի հնարավոր չի: Երևի այդ խոչընդոտներն էլ են պետք, որպեսզի առավել համոզվես ընտրությանդ մեջ: Արմենը երկար լռել չի կարողանում, 5 րոպեից «բարիշում» է, իսկ ես լռել կարողանում եմ (ծիծաղում է):
Խանդն անխուսափելի է
Արմեն. Ինչպե՞ս կարող է խանդ չլինել, հակառակ դեպքում կնշանակի՝ սիրո պակաս կա: Ճիշտ է, ես հիվանդագին խանդոտ չեմ, այնպես չի, որ խանդից գիշերները չեմ քնում, բայց դե առանց խանդի էլ հնարավոր չէ: Հո ռոբոտ չե՞ս, որ կնոջդ չխանդես… Բայց մենք դրա պատճառով վեճեր չենք ունեցել, շուտ ենք ըմբռնել միմյանց պահանջները:
Չիրականացված երազանքներ
Արմեն. Երազելն Ալլայի գործն է, ինչ նա երազում է, հետո իրականություն է դառնում: Իսկապես եմ ասում, չկա այնպիսի մի բան, որ նա երազի ու չկատարվի: Ես միշտ ասում եմ՝ թողեք այդ աղջիկը երազի:
Ալլա. Օրեր առաջ դասարանի «երեխաներով» հավաքվել էինք: Մեր աղջիկներից մեկը բերել էր իր օրագիր-հուշատետրը, որտեղ բոլորս մեր բաժինն ունեինք՝ հարցերի էինք պատասխանել 9-րդ դասարանում: Եվ գիտե՞ք՝ ես ինչ էի գրել. «Ցանկանում եմ դառնալ հայտնի դերասանուհի կամ երգչուհի, ունենալ նորմալ ընտանիք, երեխաներ ունենալ ու լավ կին լինել»: Փաստորեն, իրականացել են երազանքներս և պետք է նոր երազանքներ ունենալ:
Սիրում են միմյանց հոգու հետ խաղալ
Արմեն. Վերջերս հեռուստացույցոով մի երգ էինք լսում, չէր կարողանում երգչուհու անունը հիշել: Ես գիտեի, բայց իրեն չասացի, որ մտաբերի: Երգչուհու անունը մոռացել էր, բայց երգն ամբողջովին գիտեր, սկզբից մինչև վերջ երգեց, վերջում նոր ասացի, թե ով է երգչուհին: Դե, ուզում էի իր երգը լսել (ծիծաղում է):
Ալլա. Մի քանի տարի առաջ նոր ու գեղեցիկ վարագույրներ էի գնել, բավականին էլ թանկ արժեին: Բայց մի քանի օր անց նստել ու մտածում էի, որ վաղուց խենթ արարքներ չեմ գործել, ի՞նչ է՝ ծերացե՞լ եմ… Ամանորի շեմին էր, վարագույրները հանեցի, լվացի, նաև առանձին ծրագրով որոշեցի չորացնել: Բայց վարագույրներն այնպես էին կպել իրար, որ ոչ մի կերպ չէր ստացվում բացել: Մեկ շաբաթ աղջիկներիս հետ վազվզում էի, փորձում վարագույրներն «ուշքի բերել», բայց ոչինչ չէր ստացվում: Արմենն ամեն օր ասում էր՝ ինչո՞ւ վարագույրները չես կախում, վախենում էի իրական պատճառն ասել, չէ՞ որ տղամարդիկ չեն սիրում անընդհատ խանութներում անցկացնել: Երկար ժամանակ փորձեցի խաբել, բայց չստացվեց: Ի վերջո, ամուսնուս հետ գնացինք ու նորից վարագույրներ առանք: Ինչպես աղջիկներս հետո ասացին՝ մոտս ստացվեց մի նոր «խելառ» բան անել (ծիծաղում է):
Չեմ ուզում բնավորությունը փոխի
Արմեն. Թող մնա այնպիսին, ինչպիսին կա, չեմ ցանկանում, որ փոխվի: Հիանալի մայր ու կին է, ինտելիգենտ, կիրթ անձնավորություն, տաղանդավոր դերասանուհի: Հրաշալի զավակներ է դաստիարակել, թոռներին է դաստիարակում ու պահում: Լավ, արժանի շրջապատ, ընկերուհիներ ունի: Միայն մեկ բան եմ ցանկանում իրեն՝ թող և՛ արտաքնապես, և՛ հոգեպես երկար ժամանակ այսպես երիտասարդ մնա: Դա ինձ համար էլ հաճելի է:
Ալլա. Ուզում եմ, որ մեր երիտասարդ զույգերն իրար հասկանան, հաղթահարեն ամեն դժվարություն, միմյանց սիրեն ու փայփայեն: Թող մեր հայ ընտանիքները բազմանան,մեր ազգը շատանա: Իսկ Արմենը թող մնա այնպիսին, ինչպիսին կա: Ամենակարևորը՝ իմ կողքին: