21/01/2016 20:00
Ամեն ինչ կախված է նրանից, թե պրեմիերայից երկու օր առաջ ինչ կլինի ինձ հետ. Հովհաննես Ազոյան
«Ставка на любовь». այսպես է կոչվում ռուս ռեժիսոր Արտյոմ Միխալկովի նոր ֆիլմը, որը նկարահանվել է հայկական «Poker.am» կինակատակերգության հիման վրա։ Գլխավոր դերակատարը կրկին Հովհաննես Ազոյանն է: «Սա ռուսական շուկայի համար նախատեսված ֆիլմ է, նկարահանվել է նախորդ տարի: Ես ներկայանում եմ «Poker.am»-ի նույն իմ կերպարով: Սա նույն ֆիլմն է, ուղղակի հարմարեցված ռուսական շուկային»,-Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Հ. Ազոյանը:
Ֆիլմում նկարահանվել են նաև դերասաններ Ալեքսանդր Ռեվվան, Պոլինա Մաքսիմովան, Դմիտրի Խրուստալյովը, Անդրեյ Բուրկովսկին և ուրիշներ։ Հայազգի դերասանն այս ֆիլմի միակ հայ ներկայացուցիչն է:
Թեև ֆիլմի պրեմիերային սպասում էինք 2015 թվականի գարնանը, սակայն հետաձգվեց և կկայանա փետրվարի 11-ին՝ Մոսկվայում: Կցուցադրվի՞ այն հայկական կինոթատրոններում, թե ոչ՝ դեռևս հայտնի չէ: «Հավանաբար, ֆիլմի պրեմիերային այնտեղ կլինեմ, բայց դեռևս ոչինչ չեմ կարող ասել: Ամեն ինչ կախված է նրանից, թե պրեմիերայից երկու օր առաջ ինչ կլինի ինձ հետ: Ինչ վերաբերում է հայաստանյան պրեմիերային, ապա դեռևս ոչինչ ծրագրված չէ, գուցեև լինի, չգիտեմ»,-ժպիտով նշեց նա:
Այն հարցին, թե արդյոք առաջիկայում հայ հեռուստադիտողը նրան կտեսնի նոր աշխատանքներում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այս ընթացքում հայկական որևէ նախագծում չեմ նկարահանվում: Այնպես չի, որ դրանում ինչ-որ պատճառ կա, պարզապես իրավիճակն է թելադրում, իսկ դրսի շուկայից երկու-երեք առաջարկ ունեմ, որոնք քնարկման փուլում են»: