25/01/2016 14:00
ԱԺ նախագահ. Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ նվագախումբն իր կարևոր տեղն է զբաղեցնում մշակութային կյանքում
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին` հիմնադրման 10-ամյակի առթիվ: Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Շնորհավորում եմ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անդամներին, ողջ աշխատակազմին ու երկրպագուներին՝ նվագախմբի հիմնադրման 10-ամյակի առթիվ: Երիտասարդ, տաղանդավոր երաժիշտ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ նվագախումբն իր կարևոր տեղն է զբաղեցնում Հայաստանի մշակութային կյանքում:
Այս երիտասարդ, բայց արդեն իսկ կայացած ստեղծագործական կոլեկտիվը իրականացնում է կարևոր սոցիալ-մշակութային առաքելություն, պահպանում և տարածում է դասական երաժշտության հարուստ ժառանգությունը՝ լուսավորչական և հոգևոր դաստիարակության իր ծանրակշիռ ներդրումը կատարելով ոչ միայն երիտասարդության, այլև ընդհանրապես հասարակության կյանքում: Հանդիսանալով երիտասարդության և արհեստավարժության կուռ համաձուլվածք՝ նվագախումբը բարձրաճաշակ կատարումներով հիացնում է թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրյա արվեստասերներին՝ մատուցելով հայ ու համաշխարհային դասական երաժշտության գոհարներ ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Նվագախմբի և նրա ղեկավարի աշխատասիրությունն ու նվիրվածությունը երաժշտությանը ծնում են նոր գաղափարներ ու ծրագրեր, որոնք համերգների ու համերգաշարերի տեսքով ավարտվում են հանդիսատեսի հետ նոր անմոռանալի հանդիպումներով: Համոզված եմ, որ հետագայում ևս նվագախումբը կշարունակի իր բարերար ազդեցությունն ունենալ մշակութային մթնոլորտի վրա: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադրման 10-ամյակի առթիվ՝ մաղթելով ստեղծագործական ոգևորություն, լավատեսություն և ամենայն բարիք:
Թող նվագախմբի կենսագրության հաջորդ տարիները դառնան ստեղծագործական նոր որոնումների և նոր ձեռքբերումների ժամանակներ»: