25/01/2016 10:04
Դիմա Բիլանը համերգ կտա Երևանում
Մարտի 5-ին Երևանի Մարզահամերգային համալիրում կկայանա «Սառույցի թագավորները» սառցե շոուն, որին կմասնակցի նաև ռուսական էստրադայի հայտնի աստղ Դիմա Բիլանը:
Նախագիծը միավորել է տարբեր ուղղությունների բարձրակարգ պորֆեսիոնալ գեղասահորդների, ովքեր համաշխարհային հռչակ են ձեռք բերել: Շոուի գլխավոր ներշնչողի՝ Եվգենի Պլյուշչենկոյի համար մասնակիցների ընտրության չափանիշները եղել են մարզիկների տեխնիկական բարձր մակարդակը և արտիստիզմը:
Շոուի ընթացքում հանդես կգան Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Տոմաշ Վերները, Գև Մանուկյանը, հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը, Վախթանգ Մուրվանիձեն, երգիչ Հայկոն, Սերգեյ Յակիմենկոն, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը և այլոք:
Ներկաները ականատես կլինեն համաշխարհային սառցե շոուների հանրահայտ պրոդյուսեր Արի Զաքարյանի կողմից հատուկ հայ հանդիսատեսի համար ստեղծված ներկայացմանը: Հանդիսատեսը կհետևի սառցե ակրոբատների խելահեղ և ապշեցուցիչ ցատկերին, սառցե բեմի վերևում կատարվող ֆանտաստիկ թռիչքներին, ձեռնածուի տպավորիչ հնարքներին և սառույցի վրա իսկական կրակի հետ տեղի ունեցող պայքարին:
Տոմսերի արժեքը կլինի 6000, 10000, 15000, 20000, 25000 դր:
Նշենք, որ «Սառույցի արքաները» աննախադեպ շոու է՝ Օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ: