25/01/2016 17:43
Քշիշտոֆ Պենդերեցկին Երևանում է. Նա համերգ կտա Պետական երիտասարդական նվագախմբի հետ
Այս տարի լրանում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյակը: Այս կապակցությամբ Հայաստան է ժամանել մեծանուն կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին, ով այսօր նվագախմբի հետ հանդես կգա համտեղ համերգով:
Այս տասը տարիների ընթացքում նվագախումբն ունեցել է մեծ ձեռքբերումներ, հանդես եկել բազմաթիվ համերգներով թե՛ հայրենիքում, թե՛ նրա սահմաններից դուրս: Երաժիշտները ներկայացել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Բելգիայի, Չինաստանի, Նիդեռլանդների, Իտալիայի, Լիբանանի և մի շարք այլ երկրների ամենահեղինակավոր բեմերում և այս ընթացքում սերտ համագործակցել հեղինակավոր երաժշիտների հետ ինչպիսիք են՝ Ք. Պենդերեցկին, Վլադիմիր Սպիվակովը, Բորիս Բերեզովսկին, Դենիս Մացուևը, Մաքսիմ Վենգերևը և շատ այլ ճանաչված երաժիշտներ:
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ շատ դժվար է ամփոփել այս տարիների կատարած աշխատանքը, բայց այն ձեռքբերումները, որն այսօր ունի նվագախումբը, շատ կարևոր, ոգևորիչ և հուզիչ է թե՛ իր, թե՛ նվագախմբի մյուս անդամների համար: «Նվագախումը համատեղ համերգներով հանդես է եկել նաև աշխարի տարբեր երկրնեում, լավագույն կատարողների ու դիրիժորների հետ, բայց այս համերգն առանձնահատուկ է մեզ համար: Ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է այնսօր այն է, որ նվագախմբի 10-ամյա հոբելյանական համերգին մեզ հետ է մաեստրո Ք. Պենդերեցկին»,- ասաց նա:
Ս. Սմբատյանի խոսքով՝ երաժիշտի համար կարևորն այն է, որ նա գիտակցի՝ ինքը կարող է ինչ-որ բան այս կյանքում փոխել: «Հատկապես երիտասարդները, ովքեր իսկապես այս տարիների ընթացքում կարողացել են մարդկանց մոտ փոխել ընկալումները՝ ստեղծելով նորը: Հավանաբար դա նրանից է, որ մենք չենք դադարել այս ընթացքում երազելուց: Երազել ենք ու հասել: Մենք մեր նորանկախ Հայաստանի զավակներն ենք, որ ունեցել և ունենում ենք բազում հաղթանակներ և իրավունք էլ չունենք պարտվելու: Շատ երկար կարելի է խոսել ձեռքբերումներից, բայց մենք այս տարիների ընթացքում փորձել ենք հաղորդել նոր շունչ, նոր որակ, նոր գաղափար և վերջապես նոր էմոցիաներ ու հաղթանակներ, իսկ 10 տարվա համար սա քիչ չէ»,- ասաց նա և ավելացրեց, որ մաեստրոյի ներկայությունն ապացուցում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք և ոչ իսկապես լավ ապագա ունենք:
Նվագախմբի գեղարբվեստական ղեկավարը խոստացավ, որ այս ակտիվությունը կշարունակվի նաև հետագայում: «Այս տասը տարիները շատ ռոմանտիկ եմ պատկերացնում, և այս րոպեները մեզ համար ամենասպասվածն էին: Երբ դեռ չգիտեինք, թե մեզ ինչ է սպասվում, մենք արժանացանք առաջին ծափողջույններին: Ես չգիտեմ նաև, թե ինչ կլինի հետագայում, բայց համոզված եմ, որ էլ ավելիին ենք ձգտելու»,- ասաց նա:
Ք. Պենդերեցկին էլ իր հերթին շնորհավորեց մաեստրոյին՝ հավելելով, որ իսկապես նվագախումբը շատ լավ է աշխատում: «Այս տարիների ընթացքում տեսել եմ, թե ինչպես է նվագախումբն աճում»,- ասաց նա՝ հավելելով, որ մեծ ուրախությամբ է այս համերգին մասնակցում:
«Ես իսկապես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ, և որ ամենակարևարն է՝ նվագախմբի հետ հանդես եմ գալու համերգով: Ես կարևորություն եմ տալիս հատկապես երիտասարդներին, ովքեր իսկապես խոստումնալից ապագա ունեն: Ես շատ անգամ եմ համերգով հանդես եկել նրանց հետ և զգում եմ, որ նրանք շատ են աճել: Շատ հաճելի է շփվել երիտասարդների հետ, հատկապես կայացած նվագախմբի: Շնորհավորում եմ Սերգեյին այսպիսի նվագախումբ ստեղծելու համար»,- ասաց նա:
Ք. Պենդերեցկին ընդգծեց նաև, որ հետաքրքրված է երիտասարդ կատարողներով և տեղեկացրեց, որ Լեհաստանում հիմնում է երաժշտական կենտրոն, որը նոր ճանապարհ կհարթի երիտասարդ կատարողների համար: Նա նվագախմբին նորանոր հաջողություններ մաղթեց և պատրաստակամություն՝ նրանց հետ հետագայում ևս համագործակցությունը շարունակելու համար: