27/01/2016 20:00
Սա ինձ համար այսօր շատ մեծ նվեր էր թե՛ Աստծո, թե՛ բժիշկների կողմից. Ջուլիա Սաղաթելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանն, ով երեք ամիս առաջ Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի տուժողն էր ու, կարելի է ասել, հրաշքով փրկվեց, այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Չնայած վիրահատությանն ու այս ամիսների ընթացքում կրած բազում դժվարություններին՝ տոնական օրը հոբելյարի համար ամենասպասված նվերով սկսվեց: «Այսօր հերթական այցելությունս էր բժշկին և Աստծո կամքով պարզվեց՝ ամեն ինչ լավ է: Գիպսն արդեն հանել են ու ասացին, որ վիրահատության կարիք չկա: Սա ինձ համար այսօր շատ մեծ նվեր էր թե՛ Աստծո, թե՛ բժիշկների կողմից: Շատ ուրախ եմ, տրամադրությունս էլ շատ բարձր է»,-Aysor.am-ի հետ զրույցում ուրախությամբ նշեց դերասանուհին:
Նրան արդեն իսկ թույլատրել են հենակների օգնությամբ քայլել, սակայն ոտքերը ծանրաբեռնել՝ խորհուրդ չի տրվել: «Հուսով եմ, վերականգնողական շրջանը լավ կանցնի և շուտով ոտքի կկանգնեմ: Ասացին, որ մեկ ամսվա ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի: Հույս ունեմ, որ ոչ միայն մարմնի, այլև հոգու առողջություն ձեռք կբերեմ, չէ՞ որ առանց իմ զբաղվածության, աշխատանքի ինձ կիսատ եմ զգում»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով օրվա խորհրդին՝ հոբելյարը նշեց, որ առանձնահատուկ սեր չի տածում ծննդյան օրվա նկատմամբ. «Երբ փոքր էի, մայրս էր կազմակերպում: Ես չեմ սիրում իմ ծննդյան տոնն ու խնջույքներ չեմ կազմակերպում: Պարզապես մտերիմներս, ընկերներս, ովքեր հիշում ու ցանկանում են կողքիս լինել, այցելում են ինձ: Այս տարի առավել ևս ցանկություն չունեի որևէ բան անել, գուցե մյուս տարի «լիցքավորված» լինեմ ու տրամադրությունս թույլ տա տոնակատարություն կազմակերպելու»:
Այնուամենայնիվ, վաղը նրան կայցելեն ընկերները՝ օրը լցնելու և գեղեցիկ մաղթանքներ հնչեցնելու նպատակով: «Քանի որ վթարից փրկվելն ինձ համար երկրորդ ծնունդ դարձավ, այսօր ծանոթներիցս մեկը մաղթեց, որ այդքանով բավարարվեմ: Երրորդ ծնունդ պետք չէ: Բոլորն առաջնահերթ առողջություն են մաղթում: Առավել շատ տպավորվել եմ նրանից, որ այսօր դրսում մի աղջիկ մոտեցավ ինձ ու արտասվելով ասաց՝ ուզում եմ Ձեզ մոտ ամեն ինչ շատ լավ լինի: Ինքս էլ հուզվեցի: Ինձ ուժ ու թևեր են տալիս այդ մարդիկ, ցանկանում ես քայլել, վազել: Շնորհակալ եմ բոլորին»,-անկեղծացավ մեր զրուցակիցը:
Aysor.am-ը շնորհավորում է Ջուլիա Սաղաթելյանին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում ու ստեղծագործական նորանոր վերելքներ և ձեռքբերումներ: