27/01/2016 15:06
Ցանկանում եմ, որ միտքս հստակ լինի, եռանդս չպակասի. Տիգրան Մանսուրյանը նշում է 77-ամյակը
Այսօր հայ մեծ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ, մեր ժամանակների մշակութային լեգենդ Տիգրան Մանսուրյանը նշում է ծննդյան 77-ամյակը: Aysor.am-ը, շնորհավորելով հոբելյարին, օրվան համահունչ զրույց ունեցավ նրա հետ: «Երեկոյի հետ կապված փոքրիկ ծրագիր ունեմ և հուսամ՝ ոչինչ չի խանգարի: Օրս կանցկացնեմ ընկերներիս փոքրիկ միջավայրում, որտեղ ինձ լավ կզգամ»,-մեզ հետ զրույցում ասաց հոբելյարը:
Մաեստրոն չի սիրում աղմկոտ միջավայր, բոլոր ՄԵԾԵՐԻ պես նախընտրում է առօրեականը: «Աղմուկն ու բազում հեռախոսազանգերը, ուշադրությունը, բնականաբար, ինձ ուրախացնում են, բայց և՝ սովորական հունից շեղում: Ես սիրում, գերադասում եմ բնական, ամենօրյա հունի մեջ լինել: Երևի թե կյանքն է ինձ այդպես սովորեցրել»,-անկեղծացավ նա:
Տիգրան Մանսուրյանը ծննդյան օրերին միշտ ծնողներին է հիշում: Առաջին շնորհավորողներն էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող զավակներն են՝ որդին և դուստրը: «Քանի որ նրանց գիշերն ու մեր ցերեկը «ոտք ու գլուխ» են՝ շնորհավորանքներս գիշերվանից են սկսվել»,-ժպիտով նշեց մաեստրոն:
Նրան ուղղված ցանկությունները բազում են ու բոլորն էլ ի սրտե: Հարցին, թե ի՞նչ կմաղթի անձամբ ինքն իրեն, հոբելյարը պատասխանեց. «Բոլորս մեզ տրված, մեզ համար գրված ծրագրի կրողներն ենք, ու մաղթում եմ, որ ինձ տրված ծրագիրը կարողանամ ավարտին հասցնել: Ցանկանում եմ, որ միտքս հստակ լինի, եռանդս չպակասի: Երբեմն մարդիկ հոգնում են ու այլևս չեն ուզում ստեղծագործել, ցանկանում եմ, որ նման հոգնություն չունենամ, բեղունությունս չպակասի»:
Aysor.am-ը ևս շնորհավորում է Տիգրան Մանսուրյանին՝ ցանկանալով երկար ու առողջ տարիներ: Նոր ու գեղեցիկ ստեղծագործություններով լցրեք և՛ Ձեր, և՛ մեր կյանքը: