28/01/2016 16:30
Նրանց ասածների, պատմածների որոշ մասը ուռճացված է. Երեկվա ու այսօրվա հայկական բանակի մասին
Հայոց անպարտ բանակն արդեն 24 տարեկան է ու այս տարիների ընթացքում ապացուցել է՝ հայ զինվորն ամենատոկունն է: Aysor.am-ը զինվորական դժվարությունների, մինչծառայողական նախապաշարմունքների, երեկվա ու այսօրվա հնարավորությունների մասին զրուցել է ակտիվ հասարակական գործունեություն ծավալող, «Individuum Casting»-ի հիմնադիր Աշոտ Սարգսյանի հետ:
-Աշոտ, փորձե՞նք վերհիշել Ձեր ծառայության տարիները:
-Սիրով. ծառայել եմ Մայրաքաղաքային հատուկ գնդում՝ 2002-2004 թվականներին: Բազմիցս գործուղվել եմ Հայաստանի, նաև՝ Արցախի պալիգոններ, քանի որ մասնագիտությամբ բժիշկ եմ:
-Ծառայել եք 12-14 տարի առաջ, ինչպիսի՞ն էր զինվորի կյանքը:
-Գիտեք, զինվորի կյանքը շատ հարցերում կախված է նրանից, թե ինչպես նա կընկալի ծառայությունը:
-Շատ տղաներ, պատանիներ երբեմն փորձում են խուսափել ծառայությունից: Պատճառն ինչո՞ւմ եք տեսնում, նրանց մտավախությունն ինչո՞ւմ է կայանում:
-Կարծում եմ՝ խուսափելու պատճառը բակային խոսակցություններն են. երբ տղերքով իրար մեջ խոսում են, ուրիշ գույների մեջ ներկայացնում զինվորի կյանքը՝ նստվածք է թողնում ծառայությանը նոր պատրաստվող տղայի ներսում: Միշտ չէ, որ խորհրդատուները ճիշտ են:
-Ուզում եք ասել, որ այդ բակային խոսակցություններից շա՞տ է տարբերվում իրականությունը:
-Իհարկե տարբերվում է, քանի որ ամեն մեկը յուրովի է տրամաբանում: Որքան էլ ցավալի է, բայց կա մարդկանց տեսակ, որը գլուխգովան է. կարող են ասել. «էսենց կամ էնենց բան չանես, օրինակ, ես սենց կամ ընենց եմ արել»… Նրանց ասածների, պատմածների որոշ մասը ուռճացված է, իրականությունից հեռու: Միայն քեզանից է կախված՝ ինչպես քեզ կվերաբերեն: Եթե նախապես տրամադրվես այն մտքին, որ բանակը դժոխք է ու պետք է ծառայակիցներիդ հետ հարաբերություններում ամեն վայրկյան զգոն լինես, մեծ հոգեբանական տրավմա կունենաս:
-Փաստորեն, մեր տղաներին բանակ ճանապարհելիս պետք է ոչ թե փորձել այս կամ այն հարցում զգուշացնող խորհուրդներ տալ, այլ` լավատեսորե՞ն տրամադրել:
-Բանակ ճանապարհելիս պետք է «դուխ» տալ ու բացատրել, որ հայրենիքը պաշտպանելը պատիվ է ու սուրբ գործ, քանի որ հենց իրենք են պատասխանատու միլիոնավոր կյանքերի համար:
-Այսօրվա զինվորներն ինչպե՞ս են վերաբերում ծառայությանը:
-Շատ ավելի թեթև: Մոտեցումը ծառայությանը բոլորովին այլ է:
-Դա լա՞վ է, թե՞ վատ:
-Իհարկե լավ է, չէ՞ որ դա վկայում է այն մասին, որ այսօրվա նորակոչիկը հոգեբանորեն որոշ չափով պատրաստ է: Գիտակցում է՝ ո՞ւր է գնում և ինչի՞ համար:
-Կարծում եմ՝ բոլոր ժամանակներում էլ զինվորի երազանքը նույնն է մնում…
-(Ժպտում է) ես էլ եմ այդպես կարծում. գրեթե բոլորի երազանքն էլ տունն է, ընտանիքը: Կարոտը խեղդող բան է մի տղայի համար, ով 18 տարի ծնողի հետ նույն տանն է մեծացել:
-Դուք է՞լ եք դժվարությամբ հաղթահարել: Եղե՞լ են պահեր, որ ցանկացել եք փախչել, տուն գալ:
-Իմ դեպքում մի քիչ այլ էր, քանի որ որպես բժիշկ եմ ծառայել: Եթե հերթապահ չէի լինում, երեկոյան կարող էի տուն գնալ: Երևի դա է պատճառը, որ կարոտի զգացողություն չեմ ապրել: Չնայած, բանակում նույն զինվորի կյանքով էի ապրում:
-Եթե այդքան աղջիկ հավաքվեր մեկ վայրում, ապա միմյանց հաստատ չէին հանդուրժի: Հետաքրքիր է, տղաների դեպքում ի՞նչն է կոնֆլիկտային դառնում, որ երբեմն լսում ենք զինվորների մեջ տեղի ունեցած այս կամ այն վիճաբանության մասին:
-Կարծում եմ՝ սեռը կապ չունի: Երբ նույն տեղում, փակ տարածքում հավաքված են լինում, ապա յուրաքանչյուրի մեջ իրեն առավելագույնս զգացնել է տալիս ինքնահաստատման ու ինքնաարտահայտման զգացողությունը: Հիմնականում հենց դա է՝ որոշ կոնֆլիկտների համար հիմք հանդիսանում: Մարդկային էգոն դրդում է՝ փորձել տարբերվել: Միայն բանակում չի, ամեն տեղ է այդպես: Որպես օրինակ կարող ենք նաև պետությունը վերցնել. կա ղեկավար, կան օգնականներ, կան «դարմաեդներ»… Նույն վիճակն է նաև աշխատավայրում. Կա ղեկավար, աշխատողների մեջ՝ ղեկավարին օգնող, կամ լավ ու վատ աշխատող: Նրանցից ամեն մեկն իր հերթին փորձում է իր դրվածքը դնի:
-Եթե այժմ նորից ծառայեիք, ի՞նչ կփոխեիք Ձեր ծառայության մեջ:
-Կարծում եմ՝ փոփոխությունների համար ինձանից շատ բան կախված չէր լինի. կցանկանայի, որ զինվորին հասանելիք ամսական գումարը բարձրացնեին (ժպտում է):
-Այլ պայմաններից չե՞ք բողոքել երբեք:
-Այսօր շատերը բողոքում են պայմաններից: Ասեմ, որ ժամանակին մի բողոքող էլ ես էի: Կարծում եմ՝ այսօրվա հայկական բանակն ունի մաքասիմալ պայմաններ: Բանակը մեծ դպրոց է, բայց ոչ՝ ԲՈՒՀ: Այն մարդուն պետք է սովորեցնի գոյատևել, վատ պայմաններին դիմանալ, այլ կերպ մտածել: Ասածս մանրամասնեմ. մենք ամեն օր փափուկ անկողնում ենք քնում, դժվարությամբ՝ արթնանում: Սնվում ենք տանը կամ սրճարաններում, լոգանք ընդունում լավ պայմաններում… Իսկ հիմա պատկերացրեք, որ պատերազմ է: Չէ՞ որ ստիպված պետք է լինենք խրամատում, սարերում, ցեխերի մեջ քնել, ուտել, փորձել մեզ մաքուր ու հիգիենիկ պահել: Այ, բանակը մեզ պատրաստում է նաև հենց այդ դժվարություններին ու հարմարավետություն ստեղծում՝ դրանից ելնելով:
-Շնորհակալ եմ, Աշոտ, զրույցի համար: Շնորհավոր մեր բանակի 24-ամյակը:
-Ուզում եմ հայ զինվորին շնորհակալություն հայտնել: Թող Աստված պահապան լինի Ձեզ, անփորձանք վերադառնաք տուն: