29/01/2016 18:30
Նարեկն ինքն է ցանկացել գնալ ծառայության ու այդ հարցում հայրս նրա համախոհն էր. Նարե Գրիգորյան
Զինվորն այն անհատականությունն է, ում կողքին կանգնած են բոլորը. նա բոլորի որդին է, եղբայրը, պաշտպանը… Երեկ հայկական բանակը դարձավ 24-ամյա հասուն երիտասարդ: Aysor.am-ը, շնորհավորելով բոլոր զինվորներին, նրանց հարազատներին և բարի կամեցողներին, զրուցել է երգչուհի Նարե Գրիգորյանի՝ զինվորի քրոջ հետ:
-Նարե, զինվորի քույրիկ եք, հպարտություն զգո՞ւմ եք:
-Այո, ես շատ հպարտ եմ, որ եղբայրս ծառայում է Հայոց բանակում: Նաև, ինչպես ցանկացած քույր, ով զինվոր եղբայր ունի, ես նույնպես սրտատրոփ սպասում եմ եղբորս վերադարձին (ժպտում է):
-Արդեն որքա՞ն ժամանակ է, որ նա զինծառայող է:
-Արդեն մեկ տարի է, ինչ Նարեկը ծառայության մեջ է գտնվում:
-Բարձրագույն կրթություն ստանալուց հետո է գնացել, թե՞…
-Ավագ դպրոցն ավարտելուց հետո զորակոչվեց: Չհասցրեց համալսարան ընդունվել, բայց որոշել է ծառայությունն ավարտելուց հետո կյանքի մի նոր փուլ սկսել՝ արդեն ուսանողի կարգավիճակում:
-Նրան հաջողվո՞ւմ է հաճախ այցելել ձեզ:
-Երբեմն այցելում է: Ամեն անգամ, տուն գալով, ուրախություն է պատճառում բոլորիս:
-Շատերը կարծում են, որ հայտնի մարդկանց զավակներն ու հարազատները կա՛մ բոլորովին չեն ծառայում, կամ «փափուկ» մի տեղ են գտնում: Նման մոտեցում եղե՞լ է Սամվել Գրիգորյանի որդու և Արմինե Գրիգորյանի եղբոր որդու նկատմամբ:
-Ինչո՞ւ, որ հայտնի մարդկանց զավակ են, նշանակում է՝ չպե՞տք է ծառայեն: Իրականում, Նարեկն ինքն է ցանկացել գնալ ծատայության ու այդ հարցում հայրս նրա համախոհն էր, ուզում էր, որ տղան ծառայի: Իսկ ինչ վերաբերում է «փափուկ» տեղին, բնականաբար, ցանկացած ծնող էլ ցանկանում է իր զավակի համար հնարավորինս լավ պայմաններ ստեղծել թե՛ առօրյա կյանքում, թե՛, առավել ևս, բանակում: Եվ կապ չունի՝ ում տղան է կամ ում բարեկամը: Ես հիմա միայն մեկ երազանք ունեմ՝ բոլոր հայ զինվորներն ապահով ծառայեն և շուտ վերադառնան իրենց տուն:
-Վստահ եմ՝ դժվար է հաղթահարել հեռավորությունն ու կարոտը:
-Իհարկե, դժվար է: Մինչ Նարեկի զորակոչվելը՝ անհանգստությունս շատ մեծ էր: Հիշում եմ, երբ պետք է իրեն առավոտյան տանեին, ամբողջ գիշեր անհանգստությունից չքնեցի: Հաջորդ օրն էլ բոլորս լարված էինք, նորության էինք սպասում… Սկզբնական շրջանում եղբորս՝ տանից բացակայությունը շատ անսովոր էր, բայց հետո կամաց-կամաց սկսեցինք հաշտվել այդ մտքի հետ: Դժվար մեկ տարին արդեն անցել է ու ամեն ինչ լավ է, Փառք Աստծո: Եվս մեկ տարի, ու մեր զինվորը տուն կգա (ժպտում է):
-Նարե, բոլորս էլ գիտենք, որ սահմանում այսօր այնքան էլ խաղաղ վիճակ չէ: Պատահե՞լ է, որ Ձեր եղբայրը բողոքի ծառայությունից, շուտ վերադառնալու ցանկություն հայտնի:
-Նարեկն էությամբ շատ զուսպ է ու երբեք չի բողոքում, այն էլ ընտանիքի անդամների մոտ: Գիտեմ, որ իր համար էլ է դժվար, բայց նա ցույց չի տալիս դա… Սահմանում անքուն գիշերներ անցկացնող մեր զինվորների առջև ես խոնարհվում եմ: Հաճախ եմ աղոթում իրենց խաղաղ ծառայության համար: Զինվորն ազգի դեմքն է, պաշտպանն է, ապահովությունն է: Առանց նրա հանգիստ քնել, մեզ ապահով զգալ չենք կարող:
-Հետաքրքիր է, իսկ Ձեզ հետ կիսվե՞լ է, թե ինչով են պարապմունքներից դուրս իրենց ազատ ժամանակը լցնում զինվորները:
-Առհասարակ, նման թեմաներով ինձ հետ չի կիսվում: Բայց ես ունեմ ծառայող հարազատներ, եղբայրներ ու ընկերներ, ովքեր պատմում են, թե ինչպես են ազատ ժամանակն անցկացնում. բանաստեղծություններ, երգեր են գրում, գիրք են կարդում, ինքնակրթմամբ զբաղվում: Այդ մասին իմանալով՝ շատ եմ ուրախանում:
-Ընտանիքում առավել շատ ո՞վ է դժվար տանում նրա ժամանակավոր բացակայությունը:
-Ինչպես ցանկացած հայ ընտանիքում, այնպես էլ մեզ մոտ՝ մայրս (ժպտում է): Եթե մեզ համար ծառայությունից մեկ տարի է անցել, մորս համար երևի 5-10 տարի է անցել: Նկատել եմ, որ ամեն օր՝ քնելուց առաջ, աղոթում է մեր զինվորի համար:
-Ի՞նչ կմաղթեք մեր զինվորներին, մասնավորապես, Ձեր եղբորը:
-Նախ, երեկվա տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ մեր տղաներին, մեր հերոսներին: Մենք խիզախ զինվորներով համալրված հզոր բանակ ունենք: Հպարտ եմ իրենցով, խոնարհվում եմ իրենց առջև: Թե՛ Հայաստանի հանրապետության, թե՛ Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքներում գտնվող շատ զորամասերում եմ եղել համերգային ծրագրով ու ամեն անգամ ոգևորվում եմ՝ տեսնելով մեր տղաների պատրաստվածությունը: Բոլոր զինվորներին բարի ծառայություն եմ մաղթում ու խաղաղ երկինք: Ծնողներին էլ՝ ծով համբերություն: