30/01/2016 12:00
Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի
2015 թվականի լավագույն ֆիլմ է ճանաչվել ռուսաստանաբնակ ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը, որն արժանացել է ռուսական «Ոսկե արծիվ» մրցանակին: Այս մասին հաղորդում է KP-ru-ն:
Մրցանակների հանձնման արարողությունը կայացել է նախօրեին «Մոսֆիլմ» կինոստուդիայում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հայազգի ռեժիսորի ֆիլմը բացի նշյալ մրցանակից, որևէ այլ մրցանակի չի արժանացել, թեև Ռենատա Լիտվինովան ներկայացված էր որպես «Լավագույն դերասանուհի»:
KP-ru-ն գրում է, որ Ա. Մելիքյանն ինքը զարմանէ է հայտնել, որբ իր ֆիլմն արժանացել էայդ մրցանակին:
«Լավ դրամատուրգիա. Ես, կարծես, մի քիչ հասկանում եմ դրա կանոնները, բայց նման շրջադարձ չէի սպասում: Առաջադրվել էին բազմաթիվ հայրենասիրական հրաշալի ֆիլմեր, և թվում էր, թե մեր փոքրիկ խուլիգանական ֆիլմը շանս չունի: Բայց ես կողմ եմ այս որոշմանը, ինձ թվում է, այն հրաշալի է»,- վերցնելով մրցանակը՝ ասել է Աննա Մելիքյանը:
Նշենք, որ լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ստանիսլավ Գովորուխինը՝ «Հրաշալի ժամանակաշրջանի ավարտը» ֆիլմի համար։ Տարվա լավագույն դերասանուհի է ճանաչվել Յուլիա Պերեսիլդը՝ «Մարտ Սևաստոպոլի համար» ֆիլմում նկարահանվելու համար, իսկ լավագույն դերասան՝ Ֆյոդոր Բոնդարչուկը, ով խաղացել էր «Ուրվականը» ֆիլմում:
Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերի սկզբին Մոսկվայում կայացել էր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմի պրեմիերան։ Այդ ժամանակ իր ելույթում ռեժիսորը նշել էր, որ ֆիլմի մոտիվներով ստեղծվել է ծանոթությունների կայք, և այդ ցանցի միջոցով միմյանց գտած 50 զույգերի համար ֆիլմի պրեմիերան առաջին ժամադրության վայրն է։