30/01/2016 17:14
Գրիգոր Միրզոյանի հանդեպ սե՞րը, թե՞ նոր տեսահոլովակը գեղեցկուհուն Երևան բերեց
«Ժողովրդական երգիչ 4»-ի հաղթող Գրիգոր Միրզոյանն օրեր առաջ երկրպագուներին ներկայացրեց իր հերթական տեսահոլովակը: Երգի հեղինակը Վաչե Ավեյանն է, գործիքավորումը կատարվել է «Արդինի» ստուդիայում: Տեսահոլովակի նկարահանումը վստահվել է ռեժիսոր Արմեն Պիրիմաշիրին:
«Տեսահոլովակը նկարահանվել է «Իմ Հայաստան» երգի հիման վրա: Կարծում եմ, սյուժեն գեղեցիկ է՝ սիրային ու հետաքրքիր. շիկահեր գեղեցկուհին հանուն իր սիրո վերադառնում է հայրենիք: Զգացմունքը հաղթում է նյութականին, կենցաղայինին, պահպանվում է ազգայինը, մերը:
Նշեմ, որ նկարահանումները կատարվել են Հայաստանի գեղատեսիլ վայրերում»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց երգիչը:
Ի դեպ, երգչի նախորդ տեսահոլովակը նվիրված էր մայրերին: Մեր այն հարցին, թե երգի ընտրություն կատարելիս առաջնահերթություն է տալիս բառերի՞ն, թե մեղեդայնության՝ պատասխանեց. «Երկուսն էլ անչափ կարևոր են: Հանդիսատեսի մի մասը կարևորում է երաժշտությունը, մյուսների համար մեծ դեր ունի խոսքի ուժը:Ինչ վերաբերում է կատարողին՝ տվյալ դեպքում ինձ, ապա պետք է զգամ երկուսի ներդաշնակությունը միասին: Երգը պիտի հոգուս մոտ լինի, ներաշխարհովս անցած: Անհամեստ թող չհնչի, բայց երաժշտական լավ դպրոց եմ անցել, հետո կոնսերվատորիա, մագիստրատուրա: Մասնագիտությամբ վոկալիստ եմ ու սիրում եմ երգը գրագետ մատուցել: Ճիշտ է, բնությունը տալիս է ձայնային տվյալներ, բայց այն պետք է հղկել, որպեսզի կատարողական արվեստի շնորհիվ տեղ հասնի»:
««Իմ Հայաստանը» հստակ մեսիջ ունի և ստեղծագործական թիմը հուսով է, որ ասելիքն օդում չի մնա, ի վերջո հասցեատիրոջը կհասնի: «Ես ու հեղինակը մեծ ցանկություն ունենք, որ հայ երիտարդն իր սերը գտնի հայրենիքում, իր տունը կառուցի Հայաստանում, պահպանի ազգային ավանդույթները, որով բազմիցս հպարտացել ենք օտարի առաջ»,- հույս հայտնեց մեր զրուցակիցը:
Գրիգոր Միրզոյանը, ով հաճախ է Ջիվանիու, Սայաթ-Նովայի, Շերամի, ինչպես նաև կոմպոզիտորներ Վլադիլեն Բալյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործություններով մեկնում շրջագայությունների, մարտ ամսին պատրաստվում է մեկնել Փարիզ և Վիենա՝ հույսով, որ ժողովրդական երգը, որպես արյան կանչ, այնտեղ էլ է սպասված ու սիրված: