01/02/2016 14:25
Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը դասադուլ է անում
Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին
«Պարոն նախագահ, պարոն վարչապետ
Ս.թ. հունվարի 18-ին դիմել ենք ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին` խնդրանք-պահանջով, որպեսզի Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի` աշխատանքից ազատված տնօրեն Լևոն Սահակյանը վերականգնվի իր պաշտոնում:
Նախարարություն ներկայացրած մեր դիմումի (այն ստորագրել է քոլեջի ուսանողության գերակշիռ մասը) պատասխանը դեռևս չենք ստացել և որոշել ենք դիմել դասադուլի` ինչպես նշել ենք նախարարին հղված մեր դիմումում, որում և հիմնավորել ենք, թե ինչով է պայմանավորված մեր այս ցանկությունը, և թե ինչու է այն բխում միմիայն եւ բացառապես քոլեջի ուսանողության, այսինքն` մեր իսկ շահերից:
Դիմումը ներկայացնում ենք ստորև: Հասկանալի պատճառներով չենք հրապարակում ստորագրությունները, սակայն անհրաժեշտության դեպքում կարող ենք դրանք ներկայացնել:
«Մենք` Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողներս, ցնցված ենք այն փաստից, որ աշխատանքից ազատվել է մեր քոլեջի տնօրեն Լևոն Սահակյանը և մտահոգված ենք քոլեջի հետագա ճակատագրով:
Լևոն Սահակյանը իր տնօրինության ընթացքում միշտ եղել է ուսանողի կողքին, ամեն ինչ արել է, որպեսզի մենք մեզ լավ զգանք մեր սուղ շենքային պայմանների մեջ, ամեն կերպ աջակցել է պարապմունքների հնարավորինս արդյունավետ կազմակերպմանը, միշտ ընդառաջել է մեզ` թե որպես տնօրեն, թե որպես դասախոս: Լևոն Սահակյանը ավելին է եղել, քան սոսկ տնօրենը: Նրա և մեր միջև միշտ եղել են բարեկամական, ընկերական հարաբերություններ: Պարոն Սահակյանը սրտացավ, ուսանողի խնդիրները ըմբռնող տնօրեն է, նա ջանացել է լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ծագել են ուսումնական պրոցեսի ընթացքում, որի շնորհիվ տնօրեն-ուսանող պաշտոնական հարաբերությունները վերածվել էին փոխադարձ հարգանքի և սիրո վրա հիմնված շփումների:
Հարգելի պարոն Աշոտյան, ակնկալում ենք Ձեր աջակցությունը` Լևոն Սահակյանին վերականգնելու իր պաշտոնում: Մեր պահանջը հիմնավորում ենք ակնհայտ փաստով, որ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը երկար տարիներ եղել է բարձիթողի վիճակում և միայն Լևոն Սահակյանի աշխատանքի շնորհիվ է քոլեջը սկսել վերականգնել իր երբեմնի հեղինակությունը: Մենք սիրում ենք մեր տնօրենին, գնահատում նրա ջանքերը և ցանկանում ենք նրան կրկին տեսնել մեր կողքին` որպես ընկեր և քոլեջի ղեկավար:
Պարոն Աշոտյան, Դուք հաճախ եք նշում, որ հարգում եք սովորողների իրավունքները: Մենք հավատում ենք Ձեր խոսքին և հույս ենք հայտնում, որ կանսաք մեր ձայնին, հաշվի կառնեք մեր իրավունքները, ու Լևոն Սահակյանը կշարունակի պաշտոնավարել որպես տնօրեն: Պարոն նախարար, հակառակ պարագայում, եթե երեք աշխատանքային օրվա ընթացքում մեր տնօրենը չվերականգնվի իր պաշտոնում, մենք պատրաստ ենք դիմելու բողոքի տարբեր միջոցների, ընդհուպ մինչև դասադուլի և դիմելու ՀՀ բարձր ղեկավարությանը:
Մենք պահանջում ենք մեր տնօրենին»:
Պարոն նախագահ, պարոն վարչապետ
Ակնկալում ենք ձեր աջակցությունը եւ միջամտությունը մեր այս խնդրի լուծման հարցում: Լեւոն Սահակյանը մեծ աշխատանք է կատարել քոլեջի` երբեմնի կորցրած հեղինակությունը վերականգնելու համար, որով մենք այսօր արդեն կարող ենք հպարտանալ: Մենք տեսել ենք, թե ինչպես է պարոն Սահակյանը փայփայում քոլեջը: Նա սիրում է մեզ, իսկ մենք ցանկանում ենք նրան կրկին տեսնել իր պաշտոնում: Մեր պահանջի հարցում մեզ աջակցում են մեր ծնողները, ինչպես նաև մեր դասախոսների զգալի մասը:
Մենք` Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողներս, այսօրվանից` փետրվարի 1-ից, հայտարարում ենք դասադուլ` մինչև մեր պահանջի բավարարում:
Քոլեջի ուսանողություն»