01/02/2016 19:55
Նոր ֆիլմ՝ պատերազմական շրջանի մասին. Կադրեր
Հայ-ռուսական կինոարտադրության մեջ ինքնատիպ ձեռագրով առանձնացող սցենարիստ-ռեժիսոր Մհեր Մկրտչյանն այս օրերին հանձն է առել նկարահանելու 1990-ականների և մերօրյա Հայաստանի մասին պատմող գեղարվեստական ֆիլմ: Թեև ֆիլմը հայերեն է, սակայն աշխատանքային վերնագիրն է «Линия»: Նկարահանումները սկսվել են հունվարի 15-ից: Երիտասարդ դերակատարները նկարահանման հրապարակում իրենց աշխատանքը կավարտեն փետրվարի կեսերին՝ տեղը զիջելով հասուն արտիստներին:
«Հրաշալի սցենար է գրված: Այժմ նկարահանվում են ֆիլմի առաջին մասերը, որտեղ մեր կերպարները դեռևս երիտասարդ են: Դերասանական այս կազմում են ներգրավված Էլեն Սարգսյանը, Սամվել Թոփալյանը, Անի Խաչիկյանը, Հայկ Պետրոսյանը… Մենք հիմա երբեմն-երբեմն՝ տան տեսարաններում նկարահանվում ենք, քանի որ դրսի եղանակն այդտեղ չի արտացոլվում: Սակայն մեր խմբի նկարահանումները կսկսվեն ապրիլ ամսին»-Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց գլխավոր դերակատարուհի Նարինե Գրիգորյանը:
Կերպարներին տարբեր ժամանակահատվածներում մարմնավորում են տարբեր սերունդների ներկայացուցիչ-դերասաններ: Նարինե Գրիգորյանի կերպարի՝ Սոֆիի պատանեկությունը մարմնավորում է Էլեն Սարգսյանը, Շանթ Հովհաննիսյանինը՝ Հայկ Պետրոսյանը, Անի Ղազարյանինը՝ Անի Խաչիկյանը, Արմեն Մարգարյանինը՝ Մհեր Մկրտչյան թատրոնի դերասան Ռուդիկ Մարտիրոսյանը:
«Հետաքրքիրն այն է, որ բավական նման դերասաններ են ընտրվել: Եթե ոչ արտաքինով, ապա գոնե էներգետիկ դաշտով հաստատ: Իմ կերպարը երկրաշարժի ժամանակ տարած մեծ սթրեսի հետևանքով խուլ ու համր է դառնում: Ես, Էլենը և Սոֆիի եղբորը մարմնավորող դերասանը խուլ ու համրերի միությունում բավական լավ ուսումնասիրել ենք ժեստերի լեզուն, նկարահանումների ամբողջ ընթացքում էլ մասնագետը մեր կողքին է լինում, որպեսզի գրագետ ու ճիշտ լինի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Նա նշեց, որ թեև պատերազմի տարիների մասին ֆիլմեր նկարահանվել են, սակայն սա իր տեսակով տարբերվում է. «4 ընկեր են, որոնցից երկուսը մեկնում է պատերազմ, մեկը՝ Մոսկվա, մյուսը՝ ԱՄՆ: Պատերազմ մեկնած տղաները զոհվում ու հերոսանում են, իսկ չմեկնածները 20 տարի անց խղճի խայթ են զգում… Այս ֆիլմը մյուսներից տարբերվում է նրանով, որ ներկայացվում են ոչ միայն այդ տարիները, այլև՝ պատերազմից հետոն. ի՞նչ է տեղի ունենում մեր օրերում, որքանո՞վ է պատերազմն ազդել այս իրականության վրա, մարդկանց վրա»:
Դերասանուհին հիացմունքով անդրադարձավ նաև նկարահանման ընթացքին՝ խոստովանելով. «Սա հայկական ֆիլմ է՝ ոչ հայկական ճշտապահությամբ: Նկարահանումները չափազանց կազմակերպված են ընթանում, նշված ժամից որևէ կերպ չենք շեղվում: Այդ ճշտապահությունը կատարելության է հասցված: Նույնիսկ արդեն որոշված են նկարահանումների ավարտի, ֆիլմի պրեմիերայի օրերը: Աշխատանքներն էլ շատ արագ են ընթանում»:
Ֆիլմի սցենարիստը և ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է, օպերատորը՝ Վահագն Տեր-Հակոբյանը: Առաջին մասի պրեմիերան կկայանա սեպտեմբերի 21-ին, երկրորդ մասը՝ դեկտեմբերին: Նշենք, որ առաջին հատվածում պատերազմական, երկորդում՝ հետպատերազմյան տարիներն են ներկայացվելու: Մեծ էկրաններին ֆիլմը կներկայացվի երկու մասով, հեռուստաէկրաններին՝ չորս:
Ի դեպ, «Линия»-ն նկարահանվում է Շարմ ընկերության պատվերով, ֆիլմի պրոդուսերն է Ռուբեն Ջաղինյանը: