01/02/2016 17:50
Ջահերը վառելուց հետո հասկացանք, որ օդափոխման համակարգ չկա. Ռեժիսոր Վահե Հարությունյանը «կյանքի գնով» նկարահանված տեսահոլովակի մասին
Օրեր առաջ Ներսիկ Իսպիրյանը հանրությանը ներկայացրեց «Հայ մնա» ստեղծագործությունը՝ նվիրված հայկական բանակի կազմավորման 24-ամյակին: Երաժշտության և խոսքերի հեղինակներն են Ներսիկ Իսպիրյանը և Գոգա Սիմոնյանը: Հայրենասիրական բնույթի երգի տեսահոլովակի նկարահանումը վստահվել էր ռեժիսոր Վահե Հարությունյանին: «Նկարահանումները սկսել ենք սեպտեմբեր ամսին՝ Հայաստանում և Ղարաբաղում: Նկարահանման ընթացքն ընդամենը 4 օր է տևել»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց ռեժիսորը:
Տեսահոլովակում Հայկին մարմնավորել է Արսեն Օհանջանյանը, զինվորին՝ դերասան Վիլեն Սարգսյանը: Հետաքրքրաշարժ և հիշարժան դեպքերի պակաս ստեղծագործական խումբը չի ունեցել: «Ղարաբաղում նկարահանումները կիրակի օրն իրականացրեցինք: Հաշվի չէինք առել, որ այդ օրը շատ հարսանիքներ են լինում: Դժվարությամբ նկարահանեցինք Շուշիի եկեղեցու տեսարանը, անընդհատ ստիպված էինք լինում ընդհատել, քանի որ այդ օրը ամուսնացող զույգերը չափից շատ էին: Բայց ամենահետաքրքիրն առջևում էր. երբ այդտեղ ավարտեցինք նկարահանումներն ու գնացինք Ստեփանակերտ՝ «Մենք ենք մեր սարերը» (Պապիկ-տատիկ) հուշակոթողի մոտ նկարելու՝ հասկացանք, որ այդ բոլոր զույգերը ևս այնտեղ են եկել… Եվ նորից անցանք այն ամենի միջով, ինչ Շուշիում»,-ժպիտով պատմեց մեր զրուցակիցը:
Ռեժիսորն այսօր արդեն ժպիտով է մտաբերում, որ նկարահանումն ավարտին են հասցրել, կարելի է ասել, «կյանքի գնով». «Այն տեսարանը նկարահանելիս, երբ զինվորը քարտեզն իրար է միացնում, գտնվում էինք մոտ 30 մետր խորության վրա: Ջահերը վառելուց հետո հասկացանք, որ օդափոխման համակարգ չկա ու շմոլ գազը, որն արտադրվում էր ջահերի վառման հետևանքով, վերև չի բարձրանում: Արդյունքում, մենք թթվածնի հետ միասին նաև շմոլ գազ էինք շնչում: Պատկերացրեք, ամեն մի վայրկյանը կարող էր թանկ արժենալ բոլորիս համար: Լարել էինք ուժերը, որպեսզի շատ դուբլեր չարվեին: Երբ բացականչեցի ստոպ, նկարված է, մի կերպ՝ հազալով ու խեղդվելով, դժվարությամբ շարժվելով ենք բարձրացել վերև: Պարզվեց, որ ամբողջովին մուր էինք: Այնպես որ, տեխնիկական անձնակազմը և դերակատար Վիլենն իրենց կյանքի գնով նկարահանեցին այդ տեսարանը: Մի քանիսը նույնիսկ երկու-երեք օր շատ վատ են զգացել: Շնորհակալ եմ իմ անձնակազմից, որ այդքան նվիրված են իրենց գործին»:
Կան թեմաներ, որոնց անդրադառնալը ոչ միայն բարդ է, այլև՝ չափազանց պատասխանատու: «Մի անգամ արդեն այս թեմայի միջով անցել էի՝ նկարահանելով «Պիտ պաշտպանեմ» երգի տեսահոլովակը: Ես ինձ քիչ թե շատ հայրենասեր մարդ եմ համարում ու երբ առիթ եմ ունենում անրադառնալու նմանատիպ թեմայի՝ լարում եմ ողջ ուժերս, որպեզի որքան հնարավոր է ոգևորեմ մեր հայրենակիցներին, նաև, ինչ-որ տեղ էլ մեր՝ հայերիս մեսիջն ուղարկել մեր հարևաններին ու աշխարհին: Այս թեման իմ այրան մեջ է, ուստի պատկերացրեք՝ շատ չեմ մտածում ինչ անել: Անում եմ այն, ինչ սիրտս ու հոգիս է թելադրում»,-անկեղծացավ Վ. Հարությունյանը:
«Այս ամիս նույնպես ստեղծագործական բուռն ամիս է ինձ համար: Առաջիկա օրերին պետք է նկարահանենք Արաբո Իսպիրյանի տեսահոլովակը, նաև՝ Սուրեն Դավթյանի և Արտաշ Տարոնցու: Համատեղ աշխատանք է սպասվում նաև մեր շատ սիրելի երգչուհիներից մեկի՝ Լիլուի հետ»,-Aysor.am-ի հետ զրույցը նորություններով եզրափակեց ռեժիսորը: