03/02/2016 10:41
Երաժշտական և արվեստի դպրոցների սաները կապահովվեն երաժշտական գործիքներով
Երևանի պարարվեստի պետական քոլեջի մեծ դահլիճում /հասցե՝ Բայրոնի 5/ այսօր տեղի կունենա երաժշտական և արվեստի դպրոցների սաներին երաժշտական գործիքներ տրամադրելու հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են Մշակույթի նախարարությունից:
Գործիքները ձեռք են բերվել «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրով՝ 2015 թվականին:
2007 թվականից ՀՀ մշակույթի նախարարությունն իրականացնում է «ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցում» ծրագիրը, որի շնորհիվ հանրապետության մի շարք համայնքների դպրոցներում վերաբացվել են ազգային, լարային և փողային նվագարանների բաժիններ, և յուրաքանչյուր տարի, շուրջ 2400 աշակերտ անվճար երաժշտական կրթություն է ստանում:
2013 թվականին ՀՀ մշակույթի նախարարության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ դպրոցներում առկա երաժշտական գործիքների պակասն ու մաշվածությունը բացասաբար են անդրադառնում ուսումնական գործընթացի վրա:
Իրավիճակի բարելավման նպատակով՝ նույն թվականին մեկնարկել է «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագիրը: Վերջինի շրջանակում երաժշտական գործիքներ են տրամադրվում երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող շնորհալի պատանի երաժիշտներին, նոր ձևավորվող մասնագիտական դասարանների սաներին և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:
Երաժշտական գործիքների բաշխումը հիմնված է հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում մի շարք առաջատար մասնագետների իրականացրած լսումների արդյունքների, ինչպես նաև մարզերում մշակութային կրթության համաչափության ապահովման սկզբունքի վրա:
2013-2015 թթ. ծրագրի շրջանակում ձեռք բերված 271 երաժշտական գործիքները տրամադրվել են 101 երաժշտական և արվեստի դպրոցների 271 սաների:
Ստորև ներկայացնում ենք 2013-2015 թթ. «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում ձեռք բերված երաժշտական գործիքները.
2013 թվականին ծրագրով ձեռք է բերվել 73 երաժշտական գործիք, այդ թվում` ջութակ (4 հատ), թավջութակ (3 հատ), ալտ (5 հատ), հոբոյ (1 հատ), տրոմբոն (2 հատ), ֆագոտ (2 հատ), շեփոր (10 հատ), գալարափող (3 հատ), քանոն (10 հատ), բամբիռ (1 հատ), սազ (1 հատ), սանթուր (2 հատ), թառ (10 հատ), ուդ (8 հատ), պարկապզուկ (1 հատ), քամանչա (10 հատ):
2014 թվականի՝ 102 երաժշտական գործիք, այդ թվում` ջութակ (14 հատ), թավջութակ (7 հատ), ալտ (10 հատ), հոբոյ (2 հատ), տրոմբոն (5 հատ), ֆագոտ (4 հատ), շեփոր (10 հատ), գալարափող (3 հատ), տուբա (1 հատ), ֆլեյտա (1 հատ), քանոն (9 հատ), քամանչա (9 հատ), թառ (6 հատ), ուդ (6 հատ), սանթուր (4 հատ), պարկապզուկ (2 հատ), բամբիռ (3 հատ), սազ (3 հատ), պկու (1 հատ), բլուլ (2 հատ):
2015 թվականին՝ 96 երաժշտական գործիք, այդ թվում` տրոմբոն (5 հատ), շեփոր (12 հատ), ջութակ (9 հատ), թավջութակ (5 հատ), ֆլեյտա (2 հատ), պարկապզուկ (1 հատ), ալտ (6 հատ), ֆագոտ (3 հատ), գալարափող (4 հատ), հոբոյ (3 հատ), տուբա (2 հատ), քանոն (11 հատ), քամանչա (8 հատ), թառ (4 հատ), ուդ (7 հատ), սանթուր (4 հատ), բամբիռ (1 հատ), սազ (1 հատ), պկու (3 հատ), բլուլ (1 հատ), սրինգ (3 հատ), քամանի (1 հատ):