08/02/2016 20:10
Ինչո՞ւ դադարեցվեց «Սահմանին» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը. պարզաբանում է «Շանթ» հեռուստաընկերության PR մենեջերը
«Շանթ» հեռուստաընկերության «Սահմանին» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմը, որը հեռարձակվում է շաբաթը միայն մեկ անգամ՝ շաբաթ օրը, նախորդ շաբաթ սպասման մեջ թողեց իր հեռուստադիտողին: Այսօր հեռուստաընկերության պաշտոնական հաղորդագրության միջոցով տեղեկացանք, որ ֆիլմը եթեր կվերադառնա գարնանային եթերաշրջանին:
Թե ի՞նչով է պայմանավորված այս դադարը՝ Aysor.am-ը պարզեց հեռուստաընկերության PR մենեջեր Ծովինար Կարապետյանից: ««Սահմանինը» դեռևս նկարահանման փուլում է, սակայն այդ գործընթացը դանդաղում է, քանի որ այն մեծամասամբ կատարվում է մարզերում, լեռնային և անտառային պայմաններում: Եղանակային անբարենպաստ պայմանները թույլ չեն տալիս արագ աշխատել: Նաև, մենք չենք ցանկանում արագ, բայց անորակ աշխատանք մատուցել»,-նշեց մեր զրուցակիցը:
«Սահմանինի» առաջին եթերաշրջանը բաղկացած է 12 մասից, որոնցից 7-ն արդեն ցուցադրվել են, մյուս հինգը նկարահանման ընթացքի մեջ են և կհամընկնեն «Շանթի» նոր եթերաշրջանի հետ: «Հավատացեք, յուրաքանչյուր մասի նկարահանումը տևել է օրեր, նույնիսկ շաբաթներ: Այնպես, որ ֆիլմի առաջին եթերաշրջանի մնացյալ 5 մասերը հեռուստադիտողին կհանձնենք հեռուստաընկերության նոր եթերաշրջանում՝ մարտ-ապրիլ ամիսներին»,-եզրափակեց Ծ. Կարապետյանը: