10/02/2016 20:00
Մարինկա Խաչատրյանը` Ղարաբաղցու, Գևորգ Մարտիրոսյանն էլ` նրա կուրսեցու դերում. «Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանը` շուտով
Մարտի 14-ից Արմենիա հեռուստաընկերությունը կմեկնարկի «Ֆուլ հաուս» սիթքոմի երրորդ եթերաշրջանը, որտեղ ընդգրկված են նաև երկու նոր կերպարներ` երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանի և երգիչ Գևորգ Մարտիրոսյան դերակատարմամբ: Aysor.am-ը սցենարի համահեղինակ և դերասան Գրիգոր Դանիելյանից հետաքրքրվեց, թե ի”նչ կերպարներ են վստահված նոր դերակատարներին: «Մարինկա Խաչատրյանը խաղալու է Տաթևի քրոջ կերպարը, ով սովորելու նպատակով Երևան է եկել Ղարաբաղից ու ապրում է «Ֆուլ հաուսցիների» բնակարանում: Գևորգն էլ մարմնավորում է նրա կուրսեցուն: Երկուսն էլ ակտիվ ներգրավվածություն ունեն և իրենց վրա դրված է սովորական պարտականություն` սիթքոմն առավել հետաքրքիր ու դիտարժան դարձնելու: Այնպես չի, որ նախկինում հետաքրքիր չէր, բայց յուրաքանչյուր եթերաշրջանում պետք է նորամուծություններ անել, որպեսզի զարգացում ապահովվի: Հուսամ, և’ մեր, և’ հեռուստադիտողի սպասումները կարդարանան: Սպասեք նոր զարգացումների»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
Ինչպես մյուս հերոսներն, այնպես էլ նոր հերոսուհին այլ բառբառով չի խոսի. «Ինչպես նկատել եք, Անիի կերպարը` Տաթևը, ով նույնպես Արցախից է, այդ բառբառով չի խոսում: Ֆելիքսն էլ գյուղից եկած տղա է, բայց նորից մեր սովորական առոգանությամբ է խոսում: Դա արված է հատուկ այն պատճառով, որ չենք ցանկանում հերոսներին շեշտադրել ու առանձնացնել տեղանքով: Թող ամեն ինչ մնա այսպես»:
Մեր այն նկատառմանը, թե արդյոք ռիսկային չէ դերասանական փորձ չունեցող երգչին ներգրավելը, և չկա” մտավախություն, որ միայն այդ պատճառով սիթքոմը կարող է տուժել` Գ. Դանիելյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ կտուժի, քանի որ այդ ամենը հաշվարկված և Գևորգին համապատասխան դեր է վստահված: Իհարկե, դա չի նշանակում, թե նա երգչի է մարմնավորելու»:
«Ֆուլ հաուսի» սաունդթրեյքը, ինչպես նախորդ եթերաշրջաններում, անփոփոխ է: «Երգի փոփոխություն չենք անի, քանի որ դա սխալ է, բայց գործիքավորումը նորովի կներկայացնենք»,-եզրափակեց դերասան-սցենարիստը: