10/02/2016 16:42
Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա «Խաղասեղանին սերն է» ֆիլմի հայաստանյան պրեմիերան
Փետրվարի 11-ին ժամը 19.00-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա «Խաղասեղանին սերն է» ֆիլմի հայաստանյան պրեմիերան:
Ֆիլմը նկարահանել է ռուսական «Небо» կինոընկերությունը՝ «Централ Партнершип» և «Yellow, Black and White» ընկերությունների աջակցությամբ: «Խաղասեղանին սերն է» ֆիլմի հիմքում ընկած է «Poker.am» կինոկատակերգության սյուժեն, որի կինոֆրանշիզան «Շարմ Հոլդինգ»-ից ձեռք է բերել «Yellow, Black and White» ընկերությունը: Ֆիլմում օգտագործված է նաև «Poker.am»-ի սաունդտրեկը:
«Խաղասեղանին սերն է» ռոմանտիկ կինոկատակերգությունը պատմում է 2 ընկերների մասին: Տղաներից մեկը՝ Կոնստանտինը, շատ լավ պոկեր է խաղում և ծրագրել է մասնակցել պոկերի միջազգային մրցաշարին, իսկ մյուսը՝ Դավիթը (Հովհաննես Ազոյան), պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել սիրած աղջկան՝ Աննային: Բայց հանգամանքներն այլ կերպ են դասավորվում, և գլխավոր հերոսները հայտնվում են որքան զավեշտալի, այնքան էլ՝ վտանգավոր իրավիճակներում:
Նրանք ստիպված են լինում փոխվել տեղերով, արդյունքում՝ Կոնստանտինը պետք է փրկի Դավթի հարսանիքը, իսկ Դավիթը՝ ուժերը փորձի պրոֆեսիոնալ պոկերում:
Նկարահանումներն իրականացվել են Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում (Լաս Վեգաս, Լոս Անջելես):
Ֆիլմի ռեժիսորն է Արտյոմ Միխալկովը: Դերերում նկարահանվել են Հովհաննես Ազոյանը, Անդրեյ Բուրկովսկին, Ալեքսանդր Ռևան, Եկատերինա Շպիցան, Ալլա Միխեևան և ուրիշները: