11/02/2016 16:41
Մեր հարաբերություններն այնպիսին են, որ, կարծես, ամեն օր իմ ծննդյան օրն է. Արմեն Էլբակյանը 62 տարեկան է
Այսօր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արմեն Էլբակյանը նշում է ծննդյան 62-րդ ամյակը: Aysor.am-ը, շնորհավորելով Հայաստանի արվեստի վաստակավոր գործչին, հետաքրքրվեց օրվա անակնկալների և տոնական գեղեցիկ ակնթարթների մասին:
«Տարբեր ծնունդներ տարբեր կերպ ենք անցկացնում: Քանի որ սա հերթական ծննդյան օր է և ոչ թե հոբելյանական տարեդարձ, որոշել եմ օրս անցկացնել շատ նեղ ընտանեկան միջավայրում: Թե որտեղ՝ դեռ չենք կողմնորոշվել: Կողքիս են մայրս, կինս, երեխաներս, թոռնիկներս»,-մեզ հետ զրույցում նշեց հոբելյարը:
Արմեն Էլբակյանն առավոտից բազում շնորհավորանքներ է ստացել թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս ապրող ընկերների և գործընկերների կողմից: Նաև, ինքն իր ծննդյան տոնին մասնակցելու հրավերներ ունի, սակայն, բնականաբար, միաժամանակ մի քանի վայրում լինել չի կարող: «Աշխարհի տարբեր ծայրերից հեռագրեր եմ ստացել: Նաև, բոլոր այն թատրոններում, որտեղ ես աշխատել եմ, ներկա պահին իմ ծնունդն են նշում: Ինձ էլ հրավիրում են, բայց քանի որ շատ խառն եմ, չեմ կարողանում իրենց միանալ: Հենց մի փոքր ազատ ժամանակ գտնեմ, անպայման կմիանամ»,-ժպիտով ասաց նա:
Անցյալը վերլուծելու, ձեռքբերումներն ու երազանքները համադրելու ցանկություն է առաջանում հատկապես ծննդյան օրերին. «Իմ ամենագլխավոր ձեռքբերումներն ընտանիքիս անդամներն են, որոնց հետ հարաբերություններս անսահման ջերմ են: Իրենք ինձ շատ են սիրում և իմ կողմից էլ սիրվում: Իմ թոռնիկներն են, ովքեր արդեն ինձ համար երգել ու նկարել են: Նաև, մեծ հաշվով ձեռքբերում է այն նպատակը, հանուն որի ես աշխատում եմ, ստեղծագործում: Հիմա էլ որոշ ծրագրեր ունեմ, թեև հասկանում եմ, որ ժամանակը կարճ է: Բայց, ինչպես ասում են, մարդը ծրագրում է, Աստված՝ տնօրինում… Ինչ վերաբերում է երազանքներիս, ապա առաջին հերթին երազում եմ, որ աշխարհում խաղաղություն լինի, որպեսզի մարդիկ երջանիկ ապրեն: Չէ՞ որ խաղաղությունն ինքնին երջանկություն է, սիրո պտուղ է, երազանք է: Ռուսերեն շատ լավ է հնչում՝ «мир-это мечта»»:
Ի դեպ, թոռնիկները՝ Լիլի Էլբակյանի զավակները, նույնիսկ արդեն հասցրել են պապիկի ծննդյան տորթի մոմերը փչել. «Երեխաները չհամբերեցին, մի անգամ տորթի մոմերը փչեցին, երեկոյան մի հատ էլ կկրկնեն»:
Կողակցի շնորհավորանքն ու նվերն ամենահիշարժանն ու ոգևորիչն է յուրաքանչյուրի համար՝ անկախ տարիքից, դիրքից ու մարդկային տեսակից: ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Էլբակյանն իր ուշադրությամբ ու ջերմությամբ, հոգատարությամբ փորձում է ընտանիքում միշտ դրական մթնոլորտ ապահովել:
«Մեր հարաբերություններն այնպիսին են, որ կարծես ամեն օր իմ ծննդյան օրն ենք տոնում: Աննան ինձ միշտ նույն բանն է մաղթում՝ առողջություն, որն այս պահին ամենակարևորն է: Նաև ինձ շատ գեղեցիկ նվերներ է մատուցել: Երջանիկ եմ ու ապրում եմ իմ ընտանիքով»,-Aysor.am-ի հետ զրուցը եզրափակեց Ա. Էլբակյանը: